Ներկայացնում ենք պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումը իր միկրոբլոգում: Ատլանտիդայի և ատլանտների մասին շատերն են գրել, շատ ուսումնասիրողներ անգամ լուրջ որոնողական աշխատանքներ են իրականացրել: Անգամ գիտական արշավախմբեր երկար տարիներ որոնել են այդ կորսված կղզին կամ մայր ցամաքը: Սակայն, մինչ օրս, որոնումները ոչ մի նյութական արդյունք չեն տվել: Իսկ որոնումների աշխարհագրությունը բավական մեծ է. Ատլանտիդայի հետքերը որոնել են Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Ատլասի լեռներում, Փոքր Ասիա թերակղզում, Միջերկրական ծովում, Սև և Կասպից ծովերում, Ատլանտյան օվկիանոսում… առավել համարձակներն ու համառները ատլանտների հետքերը որոնել են Ամերիկյան մայր ցամաքում, անգամ` Անտարկտիդայում:
Ատլանտիդայի մասին առաջին անդրադարձը վերաբերվում է մ.թ.ա. 7- 6 րդ դարերին, երբ հույն օրենսդիր, արքոնտ և Հին աշխարհի յոթ իմաստուններից մեկը` իմաստասեր Սոլոնն իր ճամփորդությունների ընթացքում այցելում է Եգիպտոս, որտեղ Sայիս քրմից լսում է նրա պապի պատմությունը Ատլանտիդայի և նրա կործանման մասին:
Սոլոնի գրածները հետագայում վերարտադրեց մեկ այլ հույն իմաստասեր` Պլատոնը, իր ՙԿրիտիոս՚ և ՙՏիմեոս՚ աշխատությունների մեջ, ուր նա նկարագրում է կործանված Ատլանտիդա կղզի – պետությունը:
Քուրմն իր շարադրանքում Սոլոնին պատմել է 9000 տարի առաջ Հերակլեսյան սյուներից /Ջիբրալթար/ այս և այն կողմ ապրող ժողովուրդների միջև եղած պատերազմի մասին:
Այսօր գիտնականները տարակարծիք են ոչ միայն Ատլանտիդայի գոյության և չգոյության հարցում, այլև հավատացողները տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և կործանման ժամանակի, Հերակլեսյան սյուների գտնվելու տեղի վերաբերյալ: Մասնավորապես, շատերը գտնում են, որ նշված 9000 տարին անճշտություն է և Սոլոնը ուղղակի սխալվել է եգիպտացի քորմի պատմածը գրառելիս. իրականում պետք է լինի 900 տարի:
Շատ գիտնականներ գտնում են, որ Հերակլեսյան սյուները որևէ աղերս չունեն Ջիբրալթարի հետ և այդ սյուները պիտի որոնել Էգեյան ծովում:
Սակայն մի բան պարզ է. առեղծվածային Ատլանտիդան զարգացած և հարուստ համայնք է ունեցել` քաղաքային բոլոր կոմունիկացիանորերով: Նրանց քաղաքները շրջանաձև հատակագիծ են ունեցել, զարգացած ոռոգման և ջրային համակարգեր, ուղղաձիգ փողոցներ, կանոնավոր պարիսպներ: Այն ծովով սահմանակից է եղել Հունաստանին, ցամաքով` Եգիպտոսին: Եգիպտական քրմի խոսքերով` ատլանտների տիրապետությանն են ենթարկվել ծովային և ցամաքային մեծ երկրներ, բազում ժողովուրդներ:
Նման հատակագծով քաղաքներ տարածված են եղել Փոքր Ասիայում` խեթական թագավորության մեջ և Հայաստանում:
Ատլանտների առասպելը պատմում է, որ ծովերի աստված Պոսեյդոնի կին Կլեյտոն ծնում է տաս արու զավակներ և Պոսեյդոնը Ատլանտիդայի տարածքը բաժանում է տաս հավասար մասերի` իր որդիների միջև, իսկ ավագին`Ատլանտին, կարգում է նրանց վրա թագավոր:
Սա հիշեցնում է 11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու տեսությունը, համաձայն որի` Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմն ուներ 9 որդի, որոնց մեջ բաժանեց աշխարհը, ավագին` հայերի նախահայր Հայկին, կարգելով նրանց վրա թագավոր:
Ենթադրյալ Ատլանտիդա կղզին ուներ 540 կմ երկարություն, 360 կմ լայնություն:
Քուրմը Սոլոնին նաև տեղեկացրել է ատլանտների տաճարի շուքի ու կառուցվածքի մասին: Ըստ նրա` տաճարի արտաքին պատերը զարդարված էին արծաթով, անկյուններն ու վերնաճակատը ոսկով, առաստաղը փղոսկրից էր:
Նման զարդարած տաճարներ շատ կային Փոքր Ասիայում ու Հայաստանում: Հիշենք թեկուզ, ասորական Սարգոն թագավորի կողմից կողոպտված ուրարտական Մուսասիրի տաճարն իր անբավ հարստություններով:
Ամեն դեպքում, եթե անգամ հավատալու լինենք Սոլոնին և ատլանտների գոյությանը, նրանց քաղաքակրթությունը շատ նման է Հին աշխարհի քաղաքակրթություններին:
Համաձայն պատումների` ատլանտները անընդհատ պատերազմի մեջ են գտնվել Աթենական պետության դեմ: Աթենքն այդ պատերազմում հաղթում է և շատ չանցած`ինչ որ անհայտ աղետից Ատլանտիդան կործանվում է` անցնելով ջրի տակ: Կործանվում են նաև ատլանտները:
Ամեն դեպքում` Սոլոնի շարադրանքից երևում է, որ ատլանտների հասարակությունը իդեալական հասարակություն է եղել` իր պետական, հասարակական կառուցվածքներով, ենթակառուցվածքներով: Անգամ քաղաքային ենթակառացվածքներն այնքան իդեալական են նկարագրված, որ, թվում է` Ատլանտիդան ուղղակի երազային երկիր է եղել:
Ըստ էության` իրականում նման երկիր չի էլ եղել: Նախ, Սոլոնի նշած տեղեկություններն ինքնին հավաստի չեն, որովհետև նա ընդամենը վերարտադրել է քրմի պատմությունը հազարամյակներ առաջ գոյություն ունեցած ենթադրյալ հասարակության մասին: Այս տեսակետն ըստ իս, հիմնավոր է այնքանով, որ եթե դիտարկելու լինենք Սոլոնի ապրած դարաշրջանն ու Սոլոնին ինքնին` կհամոզվենք, որ միանգամայն հնարավոր է, որ գիտնականն ինքն է հորինել Ատլանտիդայի և ատլանտների մասին պատմությունը:
Նախ, այդ ժամանակաշրջանում Հունաստանում գիտական միտքն ամբողջովին ուղղված էր իդեալական հասարակարգ ստեղծելու աշխատանքներին: Հույն իմաստասերները, որ հավակնոտ քաղաքական նկրտումներ ունեին, փորձում էին այս ու այն կերպ ճշմարիտ ու լավագույն հասարակարգի մոդելներ ստեղծել` նպաստելով հունական հասարակության առաջադիմությանը: Հիշենք թեկուզ, Պլատոնի ՙՊետություն՚ աշխատությունը: Ինքը` Սոլոնն օրենսդիր էր և ի վերջո` ստեղծեց իր օրենքները, որ կիրառություն գտան Աթենքում մ.թ.ա. 593 թվականին: Միգուցե, Ատլանտիդան, մինչ Սոլոնի կողմից օրենքների ստեղծումը նախնական փորձ էր` հույն հասարակությանը հրամցնելու իդեալական հասարակարգի գաղափարը: Ըստ էության` այդպես էլ կա՜:
Հայտնի չէ, հասա՞վ Սոլոնն իր նպատակին, թե չէ: Գո՞հ էր արդյոք նա իր օրենքների կիրառությունից: Բայց նրա ՙստեղծած՚ Ատլանտիդան ենթադրյալ կործանումից հետո էլ մինչ օրս ապրում է Սոլոնին հավատացող ռոմանտիկ գիտնականների մտքերում, նաև` արվեստում: Ատլանտիդան այսօր ամենուր է` երաժշտության մեջ, կինոարվեստում, ֆանտաստիկ գրականության մեջ, անգամ` ինտերնետային խաղերում…