Դրամական շրջանառությունը միջնադարյան Հայաստանում
Advertisement 1000 x 90

Դրամական շրջանառությունը միջնադարյան Հայաստանում

Հայկական դրամի պատմությունը իր միկրոբլոգում ներկայացրել է պատմաբան Վահե Անթանեսյանը:

Այսօր դրամը համարվում է ոչ միայն առևտրի միջոց, այլև այն պետականության խորհրդանիշերից է: Սակայն, դարեր առաջ դրամն այսքան մասսայական կիրառելի չի եղել, ինչպես այսօր:

Հայտնի է, որ աշխարհում առաջին դրամական միավորը ստեղծել են փյունիկացիները, մ.թ.ա. 12-րդ դարում: Մինչ այդ, առևտուրն իրենից ներկայացնում էր սոսկ ապրանքափոխանակություն: Փյունիկացիներից դրամները տարածվեցին արևելքով. Պարսկաստան, Ասորիք, Եգիպտոս, Բաբելոն, Հայաստան, և ներթափանցեցին նաև Եվրոպա` Հունաստան, Հռոմ, ինչպես նաև` Հյուսիսային Աֆրիկա` Կարթագեն:

Հայերենում դրամ բառը ծագել է պարսկական դրահմայից, որ Աքեեմյան Պարսկաստանի դրամական միավորն էր: Մեր լեզվում ունենք նաև փող արտահայտությունը, որ ավելի ուշ շրջանի ծնունդ է:

Ինչպես նշեցինք, Հայաստանում նախապես դրամական շրջանառություն չի եղել: Առևտուրը կատարվել է ապրանքափոխանակության միջոցով: Պետական իշխանությունը ժողովրդից հարկահանությունը նույնպես կատարել է բնամթերքի միջոցով: Բացի բուն բնամթերքից, կիրառական է եղել հատկապես հարկահանություն անասնագլխաքանակի ձևով: Սա, ինչ խոսք, նաև նպաստել է գյուղատնտեսության այդ ճյուղերի զարգացմանը:

9-րդ դարում մ.թ.ա. երբ Հայաստանի տարածքում կազմավորվեց Վանի Արարատյան թագավորությունը, պետական կենտրոնաձիգ իշխանությանն արդեն չէր կարող բավարարել առևտրի և հարկահանության այդ ձևը: Բացի այդ, երկրի տարածքում ձևավորվեցին քաղաքները և քաղաքային բնակչությունը, իսկ քաղաքներում անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունները սահմանափակ էին: Առաջացավ արհեստագործությունը, բայց արհեստագործական ապրանքների իրացման հնարավորություններն էլ քիչ էին: Այդ ժամանակահատվածում պետական հարկահանությունը կատարվում էր հարկադիր աշխատանքների ձևով:

Սակայն, պետական իշխանության ամրագրման և հզորացման հետ մեկտեղ աճում են նաև պահանջները: Այս ժամանակաշրջանում կենցաղում, պետության մեջ բարձրանում է մետաղի դերը: Մետաղներն առհասարակ ստանում են ռազմավարական նշանակություն: Շատ պատերազմներ են մղվում մետաղական հանքավայրերին տիրանալու համար: Հիշենք թեկուզ, Ալեքսանդր Մակեդոնացուն, որ իր Մենոն զորավարին ուղարկել էր Հայաստան` Սպեր գավառի ոսկու հանքերը գրավելու նպատակով:

Մետաղների մեծածավալ շահագործման և արդյունահանման հետ մեկտեղ փոխվում են ոչ միայն մարդկանց աշխատանքային գործիքները, այլև պետությունն սկսում է իր համար ռազմավարական պաշարներ կուտակել հենց մետաղական իրերից: Դրանք հիմնականում զենքեր էին` սրեր, վահաններ… նաև` ոսկու և արծաթի, պղնձի ձուլածո կտորներ: Կտրուկ բարձրացավ ոսկու և արծաթի գինը: Եթե պղինձն ավելի շատ կենցաղային նշանակություն ուներ, ապա նրա ավելի ազնիվ եղբայրները հարստության չափանիշ դարձան և ստրատեգիական նշանակություն ստացան:

Պետության մեջ «բանկի» դերակատարումն ստանձնել էին հոգևոր տաճարները: Արարատյան թագավորության մեջ նման ամենամեծ ոսկու պահուստը Մուսասիրի տաճարն էր:

Այստեղ հայոց արքաները հարյուրավոր տոննաներով մետաղ էին կուտակել: Ասորեստանյան տարեգրությունն ասում է, որ երբ 714 թվականին մ.թ.ա. Ասորեստանի Սարգոն Բ թագավորը գրավեց Մուսասիրի տաճարը, այնտեղից տարավ ավելի քան 2 տոննա ոսկի, 10 տոննա արծաթ, 114 տոննա բրոնզ:

Առհասարակ, Սարգոն թագավորն իր արշավանքների ժամանակ բռնագրավել էր ավելի քան 6 տոննա ոսկի, 1200 տոննա արծաթ և անսահման քանակությամբ պղինձ ու բրոնզ:

Նման դերակատարում ունեին նաև հունական տաճարները. մասնավորապես` Զևսի տաճարն Աթենքում:

Ուրարտական թագավորները նաև հարկատու երկրներից հարկերը գանձում էին մետաղի տեսքով. մասնավորապես, Արգիշտի Ա արձանագրության մեջ կարդում ենք, որ Դիաուխի տիրակալը հայոց արքային որպես հարկ վճարել է 41 մինա ոսկի, 37 մինա արծաթ և10 հազար մինա բրոնզ: Այսինքն` տվյալ ժամանակաշրջանում դրամի փոխարեն կիրառվող շրջանառու միջոցը մետաղն է եղել:

Ավելի ուշ` 6–ից 4-րդ դարերում մ.թ.ա. Հայաստանում ծաղկում է ապրում առևտուրը: Հայաստանի տարածքով էր անցնում «Արքայական պողոտայի» մի հատվածը` մոտ 350 կմ: Ըստ Քսենոֆոնի` այդ ճանապարհի յուրաքանչյուր 25 կիլոմետրի վրա իջևանատեղի էր պատրաստված: Բնականաբար, այդ ամենը արտաքին և ներքին առևտրի զարգացման համար էր արված:

Եվ հնագիտական պեղումներից պարզվում է, որ մ.թ.ա. 6-րդ դարից սկսած արդեն Հայաստանում աշխույժ դրամական շրջանառություն կար: Այդ մասին վկայում է ոչ միայն Քսենոֆոնը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ոչ միայն պարսկական, այլև աթենական, միլեթական ժամանակակից դրամներ: Հետևաբար` քսենոֆոնյան ժամանակաշրջանում Հայաստանն արդեն ակտիվ առևտուր ուներ ոչ միայն դրկից Պարսկաստանի, այլև` Եվրոպայի հետ:

Իսկ մինչ այդ` պատմիչների հավաստմամբ հայերն բնամթերքով առևտուր էին անում Միջագետքի հետ. տիկերով ու փայտերով լաստեր էին պատրաստում, Տիգրիսով ու Եփրատով ապրանքը հասցնում Միջագետք, վաճառում, այնտեղ գնած ապրանքները էշերով ու ջորիներով բերում Հայաստան: Հայերը արտահանել են մրգեր, կաշիներ, գինի, օղի, գարեջուր…

Այս ժամանակամիջոցում, երբ Հայաստանում արդեն լայն կիրառություն ստացավ դրամաային շրջանառությունը, Հայաստանում առանձնանում է բնակչության մի խավ, որ զբաղվում է վաճառականությամբ: Շրջանառու դրամները հիմնականում պարսկական էին. ոսկե, արծաթյա և պղնձե դահեկանները: Այս դրամների վրա պատկերված էին պարսից արքաները, մի ոտքով ծնկաչոք, արքայական ծիրանու մեջ փաթաթված: Ոսկյա և արծաթյա դրամների հարաբերությունները մեկը քսանի էին: Սակայն, աքեմենյան տիրապետության շրջանում դեռևս գերիշխող էր բնամթերային առևտուրը: դեռևս կիրառվում էր նաև առևտուր, ուր վճարման միջոցը մետաղի ձուլակտորներն էին:

Հայտնի առաջին հայկական դրամները վերաբերվում են մ.թ.ա. 4-րդ դարին, երբ հայոց թագավորներ Տիրիբազն ու Օրոնտեսը /Երվանդ/ իրենց դրամները կտրեցին:

Այն, որ ժամանակին Հայաստանում զարգացած էր արտաքին առևտուրը, հետևաբար` վաճառականությունը, վկայում է նաև փաստը, որ առաջին հայկական դրամները դաջված էին հունարեն և արմեերեն տառերով: Հայկական դրամները շրջանառվում էին ոչ միայն բուն Հայաստանում, այլև` Միջագետքում, Փոքր Ասիայի հունական քաղաքներում: Տիրիբասի դրամները բացառապես արծաթից են և սրանց վրա բացի հայոց տիրակալը, պատկերված է նաև Անահիտ աստվածուհին: Երվանդ–Օրոնտեսը թողարկել է ոսկյա, արծաթյա, պղնձե դրամներ: Նրանում ևս պատկերված են տիրակալն ու հայոց աստվածները:

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո Հայաստանում գերակշռող դարձան հունական և սելևկյան դրամները: Սակայն Հայաստանում շրջանառվում էին նաև տեղական նշանակության հայկական դրամներ, որ թողարկել են Փոքր Հայքի և Ծոփքի հայոց տիրակալներ Քսերքսեսը, Արշամը, այլոք: Այս դրամների վրա հանդիպում ենք ոչ միայն Անահիտ դիցուհու պատկերը, այլև միապետի պատկերը ևս:

Իսկ հայկական դրամները միջազգային ճանաչում ստացան և միջազգային շրջանառության մեջ մտան Արտաշեսյան հարստության օրոք, երբ Հայաստանը դարձավ Մերձավոր Արևելքի աշխարհակալ տերությունը: Արդեն Տիգրան Բ Մեծն իր դրամների վրա նշում էր իր ՙարքայից արքա՚ տիտղոսը և դրամը նաև դրանով հանդիսանում էր ոչ միայն առևտրի և վճարման միջոց, այլև` պետական իշխանության խորհրդանիշ: Տիգրան Մեծի դրամների վրա արդեն Անահիտ աստվածուհու փոխարեն պատկերված է աստվածահայր Արամազդը:

Տիգրանն իր դրամները հատում էր Արտաշատում, Տիգրանակերտում, ուր դեռ վաղուց փողերանոցներ կային, ինչպես նաև Անտիոքում, Դամասկոսում: Տիգրանը դրամների վրա պատկերված է շքեղաշուք թագով, թագի վրա պատկերված է պետության գերբը` զույգ արծիվներ:

Հստակ երևում են արքայի հանդերձանքը, նրա զարդարանքները: Դրամի վրա պատկերված է նաև արևի պաշտամունքը խորհրդանշող աստղը: Որոշ դրամների վրա պատկերված է առատության եղջյուրը: Բացի Արամազդից, Տիգրան Մեծի դրամների վրա պատկերված են նաև այլ աստվածություններ` Վահագնը, հաղթանակի թևավոր դիցուհին, Անահիտը… Հետաքրքիր ձևով պատկերված է նաև Անահիտ աստվածուհու կերպարը Տիգրանի դրամների հակառակ կողմում. Անահիտը բազմած է ժայռաբեկորի վրա, ձեռքին` արմավենու ճյուղ, գլխին բրգաձև թագ, իսկ ոտքերի տակ` ջրի աստվածության կերպարը` լողացող մերկ մարդու կերպարանքով:

Առհասարակ, հայկական և պարսկական դրամները շատ նմանություններ ունեն. մի էական տարբերություն կա միայն. հայոց արքաները դրամների վրա պատկերված են, նայելով բացառապես դեպի աջ, իսկ պարսից գահակալները` դեպի ձախ:

Տիգրանի որդու` Արտավազդի դրամների վրա հայոց արքան մեծարված է «Աստվածային» տիտղոսով: Որպես աստված հայոց դիցարանում եղել է նաև Տիգրանի պաշտամունքը: Առհասարակ, քանի որ դրամների վրա պատկերված էին պաշտամունքի բարձեցված երկրի տիրակալները և դրամի հակառակ կողմում պատկերված էին նաև աստվածուհիներ` դրամը դեռ շատ վաղուց պաշտամունքի առարկա էր դարձել: Այն նաև որպես զարդ կրում էին կանայք և տղամարդիկ:

Վերջին Արտաշեսյանների դրամները հիմնականում թողարկված էին Արտաշատում և նախկինի պես միջազգային մեծ շրջանառություն չեն ունեցել, բայց պակաս պերճաշուք չէին իրենց պատկերներով ու արձանագրություններով: Տիգրան Գ դրամի վրա արձանագրված է. ՙՄեծն արքայի Տիգրան աստծո՚: Դրամի հետևի մասում երբեմն պատկերված է առյուծ, երբեմն` ձի կամ նույնիսկ փիղ:

Տիգրան Դ դրամները առանձնանում են նրանով, որ դրամի հակառակ կողմում պատկերված է հայոց թագուհին ու նրա քույրը` Էրատոն: Վերջինս դրամի վրայի արձանագրությունում հանդես է գալիս ոչ թե որպես թագուհի, այլ` «Էրատո` Տիգրան արքայի քույրը»:

Այս ժամանակաշրջանից հայտնի են նաև Հայաստանին նվիրված հռոմեական դրամներ: Մասնավորապես, Մարկ Անտոնիոսն իր և Կլեոպատրայի դիմապատկերներով դրամ է թողարկել «Հայաստանը պարտված» արձանագրությամբ: Հայտնի է Հուլիոս Կեսարի` «Կեսար. աստծո որդի. Հայաստանը նվաճված» արձանագրությամբ, կամ` Օկտավիանոս Օգոստոսի նմանատիպ գրությամբ դրամները:

Արտաշեսյան հարստության անկումից հետո Հայաստանում դրամական շրջանառությունը չդադարեց: Հայաստանը եղել և մնում էր միջազգային տարանցիկ առևտրական ուղի: Ուղղակի այստեղ արդեն Արտաշեսյանների դրամների հետ շրջանառվում են ավելի մեծ ծավալներով հռոմեական և պարթևական դրամներ:

Առաջին Արշակունի թագավորները դրամներ չեն հատել: Սակայն 183 թվականից Արտաշատում դարձյալ սկսվում է դրամահատումը: Սրանք պղնձե դրամներ էին, որոնց մի կողմում պատկերված էր Մայր Աստվածուհին` Անահիտը, մյուս կողմում ` հաղթանակի թևավոև դիցուհին: Դրամի վրա հունարեն արձանագրված է. «Արտաշատ մայրաքաղաքի դրամը»:

Արշակունիների թագավորության շրջանում Հայաստանում շրջանառվում էին պարսկական և բյուզանդական դրամներ: Շուտով սակայն, պարսկական դրամներին փոխարինելու եկան արաբականները: Արաբները Դվինի փողերանոցում էլ դրամներ էին հատում: Դվինի դրամներից հայտնաբերվել են անգամ Եվրոպայի ծայրամասերում: Դրանք արտաքին շրջանառության համար նախատեսված արծաթյա և պղնձի դրամներ էին:

Արաբական դրամները դեռ երկար մնացին շրջանառության մեջ Հայաստանում: 9-րդ դարում, Բագրատունիների թագավորության հաստատումից հետո Հայաստանում մեծ թափով զարգացավ առևտուրը: Երկիրը գտնվում էր առևտրական բանուկ ճանապարհների վրա և հայ առևտրականները զբաղվում էին տարանցիկ առևտրով` Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների, Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Բուն Հայաստանում ևս զարգացած էր առևտուրը: Պատմիչները գունեղ են նկարագրում Անիի, Դվինի, Արծնի և այլ քաղաքների զարգացած առևտուրը: Մանավանդ Արծնը, միշտ նշվում է որպես ՙվաճառաշատ քաղաք՚ Այսինքն, այդ թվականներից արդեն Հայաստանում ունեինք հստակ ձևավորված վաճառականական խավ:

Այս ֆոնի վրա հետաքրքիր է և տարօրինակ, որ Անիի Բագրատունի հզոր տիրակալները սեփական դրամներ չեն հատել: Սեփական դրամներ ունեին Հայոց թագավորներին ենթակա վրաց գահակալները, Լոռիի փոքրիկ հայկական թագավորությունը, բայց ոչ վաճառաշատ Անին: Սա, ըստ երևույթին, ունեցել է որոշակի նպատակ. օտար կապիտալի շրջանառությամբ հայ գահակալները ցանկացել են ավելի զարգացնել Հայաստանի տարածքով անցնող միջազգային առևտուրը: Ըստ երևույթին, այդ ժամանակ պետությունների միջև հարաբերություններում ավել է մեծանում միջազգային տարանցիկ առևտրական ճանապարհներին վերահսկելու խնդիրը:

Բագրատունիների օրոք Հայաստանում, մանավանդ Դվինում և Պարտավում, արաբական դրամներ էին թողարկվում:

Իսկ հյուսիսում` Ախթալայում, հետագայում վրաց Բագրատունիների դրամահատարանը հաստատվեց: Մինչ այդ Ախթալայում էր նաև Լոռիի Կյուրիկյան թագավորների դրամահատարանը: Լոռու Կյուրիկե Բ արքայի դրամների մի կողմում պատկերված է Քրիստոսը, մյուս կողմում արձանագրված է. «Աստված օրհնե Կուրիկե կուրոպաղատին»:

12-13 րդ դարերում, երբ Հայաստանում հաստատվեց Զաքարյանների իշխանապետությունը, առևտուրը և դրամական շրջանառությունը երկրում ավելի զարգացան: Սակայն Զաքարյանները շարունակեցին Բագրատունի թագավորների դրամական քաղաքականությունը և սեփական դրամներ չհատեցին: Հայաստանում շրջանառվում էին Ախթալայում հատված վրացական դրամները, Ելկտուզյանների և Դանիշմանյանների դրամները: Այնքան մեծ էր Հայաստանի ու հայ վաճառականության դերը, որ քրդական ծագմամբ այս ամիրաները իրենց դրամների վրա պատկերում էին Քրիստոսին, Աստվածամորը, ունեին հայկական արձանագրություններ: Մոնղոլական դրամների վրա, որ միջազգային մեծ շրջանառության մեջ էին, արձանագրված էին հայերեն և արաբերեն լեզուներով:

Առհասարակ, դրամի դերն այդ ժամանակ այնքան էր մեծացել, որ հարկերն ու տուրքերը գանձվում էին իսպառ դրամով: Առաջ եկավ նոր խավ` վաշխառուների խավը: Եթե առաջներում հարստության չափանիշը հողն էր, անշարժ գույքը, դրան արդեն փոխարինելու է գալիս դրամը` գանձը:

Այս ժամանակաշրջանում Կիլիկիայի հայոց թագավորությունում նույնպես ծաղկում էր առևտուրը, դրամային շրջանառությունը: Կարելի է ասել, Կիլիկիայում շատ ավելի զարգացած էր, քան բուն Հայաստանում: Դրան նպաստում էին ծովի առկայությունը և հարավային առևտրական ճանապարհների մոտիկությունը: Կիլիկիան արտաքին առևտրի մեջ էր Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ղրիմի, Եգիպտոսի, Ճենովայի, Վենետիկի, այլ երկրների հետ:

Կիլիկիայի իշխանները և թագավորներն ունեին իրենց դրամները: Այդ դրամներից պահպանվել են տասնյակ հազարավորներ և գտնվել են Կիլիկիո սահմաններից շատ ու շատ հեռու: Այսինքն, Կիլիկիո դրամները արտաքին առևտրում ընդունված և կիրառելի էին: Կիլիկիայում դրամային շրջանառությունը ուժեղացավ հատկապես Լևոն Բ արքայի օրոք: Այս դրամները հատված են Սիս քաղաքում, վրան պատկերված է հայոց արքան, հակառակ կողմում` մեկ կամ երկու առյուծ` խաչի նշանով և արձանագրված է տիրակալի անունը: Կիլիկյան դրամները ոսկուց էին, որ հիմնականում շքադրամներ էին, արծաթից ու պղնձից: Պղնձյա դրամները կոչվում էին դանգ: Կիլիկյան դրամները տարբեր ժամանակներում կշռել են 1.3-ից մինչև 7.2 գրամ: Հետագայում հայոց արքաները թողարկեցին նաև երկլեզվյան` հայերեն և արաբերեն դրամներ: Հեթում Ա դրամներ թողարկեց, որոնց վրա ինքը պատկերված է ձիու վրա նստած: Այդ դրամները կոչվեցին քարտեզ:
Հետաքրքիր է Կոստանդին Ա դրամները, ուր հայոց արքան նստած է ձիուն, աջ ձեռքին սուր բռնած և արձանագրված է. «Սսոյ բերդն է թագավոր» Երբեմն թագավորը պատկերված է կանգնած դիրքով:

14-րդ դարում արդեն Կիլիկիայում հանդես է գալիս փող կոչվող դրամը: Սրանք խոշոր տրամագծով դրամներ էին, որոնք հետագայում փոքրացան:

Կիլիկյան թագավորության անկումից հետո Կիպրոսի թագավորները թողարկեցին դրամներ, ուր արձանագրված էին իրենց տիտղոսները իբրև հայոց թագավորներ: Սակայն սրանք որևէ առնչություն չունեն հայ իրականության հետ: Կիլիկիան հայոց անկախության վերջին հանգրվանն էր և 14 –րդ դարի վերջից այլևս ազգային դրամներ չունեցանք: Հայաստանում շրջանառվող դրամական միջոցները օտար ծագման էին ու պատկանում էին նվաճող երկրներին:

Միայն Հայաստանի հանրապետության օրոք. 1919 թվականին գործածության մտավ հայկական դրամը` ճախարակը: