Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, այսօր օնլայն տիրույթում քարոզչական լուրջ հակամարտություն է տեղի ունենում:
«Սա երկու ճամբարների բախում չէ, որը բնական է, քանի որ կան մարդիկ, ովքեր ներկա իշխանություններին չեն ընդունում տարբեր պատճառներով: Վերջին շաբաթների զարգացումները խոսում են այն մասին, որ ուղղորդված քարոզչություն է իրականացվում: Այսինքն՝ գումարներ են օգտագործվում և այլն»,- «Մեդիալաբին» ասում է Սամվել Մարտիրոսյանը:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր հայ օգտատերերի թիվը հասնում է 1 մլն 200 հազարի: Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ պետք է հաշվի առնել, որ այդ թվում ներառված են շատ մարդիկ, ովքեր քաղաքականությունից շատ հեռու են:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո «Ֆեյսբուքում» հայ օգտատերերի թիվն ավելացել է 150-200 հազարով:
Մարտիրոսյանը նշում է, սակայն, որ նրանց մեծ մասը «Ֆեյսբուք» են «ներգաղթել» ռուսական «Օդնոկլասնիկի» կայքից: Իսկ «Օդնոկլասնիկիի» օգտատերերի մոտ ընդունված է կեղծ անուններով գրանցվելը: «Եվ այդ մարդիկ սովոր էլ չեն ֆեյսբուքյան ոճին ու քննարկումներին, կարող են ֆեյքի տպավորություն թողնել: Ֆեյք ասելով՝ տվյալ դեպքում նկատի ունեմ հատուկ կեղծված քարոզչական պրոֆիլները»,- հավելեց մասնագետը: Նա նշեց, որ իրական ֆեյքերն էլ են ավելացել «Ֆեյսբուքում», բայց նրանց թիվը շատ չէ: Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հակաքարոզչությունը հիմնականում ֆեյքերի միջոցով չի իրականացվում: Նրանք ռեալ մարդիկ են կամ էջեր:
Ամբողջությամբ՝ medialab.am