Երեխային հավուր պատշաճի կընդունենք, կշնորհավորենք. Գեղաքարի հիմնական դպրոց այս տարի հաճախելու է 1 առաջին դասարանցի
Advertisement 1000 x 90

Երեխային հավուր պատշաճի կընդունենք, կշնորհավորենք. Գեղաքարի հիմնական դպրոց այս տարի հաճախելու է 1 առաջին դասարանցի

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոցի առաջին դասարան սեպտեմբերի 1-ին հաճախելու է ընդամենը 1 աշակերտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գեղաքարի հիմնական դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանը: Վերջինս հայտնեց, որ դպրոցն ընդամենը 2 աշակերտ ունի՝ 8-րդ և 1-ին դասարան հաճախող:

«Մեր դպրոցը գործում է գյուղի նախկին խանութի շենքում: Գյուղն ադրբեջանական է եղել մինչև 1988 թվականը, հետո վերաբնակեցվել է Ադրբեջանից եկած փախստականներով: Դպրոցը միշտ էլ քիչ թվով աշակերտներ է ունեցել՝ բայց վերջին տարիներին ավելի է քչացել: Դպրոցում ընդամենը 4 ուսուցիչ է աշխատում՝ ռուսաց լեզվի, հայոց լեզվի, պատմության և մաթեմատիկայի: Շենքային պայմանները բավարար են՝ չնայած ունենք վերանորոգման և գույքի կարիք»,- NEWS.am-ին հայտնեց Թագուհի Աթայանը:

Վերջինս նշեց, որ չնայած մեկ առաջին դասարանցի են ունենալու, բայց փորձելու են նրան հավուր պատշաճի դիմավորել. «Տոնական միջոցառում կանենք, ես, ուսուցիչները կշնորհավորենք նրան: Կաշխատենք անել հնարավորը, որ առաջին դասարան եկող Իրինան այս օրը հիշի: Դպրոցում միջոցառումներ անելիս էլ են մեծ խնդիրներ առաջանում, քանի որ գյուղում երեխա չկա, այդ երկուսն են, բայց փորձում ենք դպրոցական միջոցառումներ էլ անել»:

Գեղաքարի գյուղապետարանի աշխատակազմից էլ հայտնեցին, որ գյուղում գրանցված բնակիչների թիվը 175 է, գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է. «Քանի որ սարեցիների գյուղ է համարվում, այստեղ հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Ձմռան ընթացքում երեք ընտանիք է բնակվում փաստացի: Ամռանը բնակիչները գալիս են ու իրենց անասուններին սար տանում, ամռանը մի քիչ շատ բնակվողներ են լինում: 42 տուն կա գյուղում»,-նշեցին գյուղապետարանից՝ հավելելով, որ գյուղը չունի ոչ մանկապարտեզ, ոչ մշակույթի տուն և ոչ էլ անգամ խանութ:

Գյուղին կցված է բուժքույր, ով անհրաժեշտության դեպքում օգնություն է ցուցաբերում: Գյուղապետարանի շենքն էլ քարուքանդ վիճակում է գտնվում: Այս պայմաններում աշխատում են, ապրում: Գյուղից շուրջ 7 կմ հեռավորության վրա Խաչաղբյուր գյուղն է, որտեղի խանութ էլ գնում են անհրաժեշտության դեպքում:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղում 1988-ից հետո բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթված փախստականներն ու Վարդենիսի տարածաշրջանի այլ գյուղերի բնակիչներ: Գյուղը Սուբաթանից վերանվանվել է Գեղաքար:

Տեղաբնակների փոխանցմամբ, այս համայնքում անպակաս են կարկտահարությունն ու երաշտը, ինչն էլ իր հետ բերում է գյուղատնտեսությամբ քիչ զբաղվելուն:

Ինչպես այս, այնպես էլ դեռ բազմաթիվ այլ համայնքներ կան, որ մինչ օրս չունեն ոչ մշակույթի տուն, ոչ բուժկետ, ոչ էլ երիտասարդական կենտրոն: