Պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումը հայոց Զաքարյան իշխանների շրջանի պատմության մի ճյուղի՝ Վաչուտյանների մասին:
1190 թվականից սկսած և շուրջ քսան տարի տևած արյունահեղ պատերազմների արդյունքում Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները կարողացան ջախջախել սելջուկյան զորքերին ու ազատագրել Հայաստանի մեծ մասը: Զաքարյանների տերությունը իր տարածքով, ռազմական և տնտեսական հզորությամբ, քաղաքական ազդեցությամբ մեծապես գերազանցում էր ոչ վաղ անցյալում կործանված Բագրատունիների հայոց թագավորությանը:
Զաքարյաններին այս ազատագրական պատերազմներում ի թիվս հայ իշխանական այլ տոհմերի՝ աջակցեցին նաև Վաչուտյանները, ովքեր Հայաստանի ազատագրումից հետո Զաքարե Զաքարյանի կողմից կարգվեցին պետության իշխանաց-իշխաններ և երկրի կենտրոնական հատվածի՝ Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալներ:
Հիրավի, մեծ էր Վաչուտյանների ազդեցությունն ու դերակատարությունը, քանզի նրանց վստահվել է նման պատասխանատու պաշտոններ:
Իշխանաց-իշխանը հայոց պետական համակարգում վերահսկում էր երկրի ներքին կյանքը՝ ամրոցների, ճանապարհների, իջևանատների, կամուրջների կառուցումը, առևտուրը, ներքին սոցիալական հարաբերությունները, հարկահանությունը և այլն: Ներկա տերմինաբանությամբ՝ իշխանաց իշխանը երկրի վարչապետն էր: Միաժամանակ՝ Զաքարյաններն իրենց արքունիքում ներդրեցին նոր պաշտոն՝ կողմնակալ: Դա ըստ էության, վաղ միջնադարյան Հայաստանի բդեշխությունն էր: Եվ Զաքարյանները հայոց երկիրը բաժանեցին առանձին կողմնակալությունների և նրանց գլխին կարգեցին կողմնակալներ, ովքեր միաժամանակ թե՛ վարչական, թե՛ ռազմական ղեկավարներ էին: Եվ Վաչուտյան իշխաններին բաժին հասավ ամենամեծ ու ամենապատասխանատու կողմնակալությունը՝ պետության միջնաբերդը համարվող Արարատյան երկիրը:
Միաժամանակ՝ Վաչուտյանները Նիգ գավառի (որ ընդգրկում է ներկայիս Արագածոտնը) տերերն էին:
Զաքարե և Իվանե եղբայրների բանակում իր քաջությամբ ու անձնազոհությամբ աչքի ընկավ Վաչէ Վաչուտյանը, ով էլ հայոց տիրակալների կողմից արժանացավ վերը նշյալ շնորհներին:
Վաչուտյանների տոհմը ամենայն հավանականությամբ, ծագում է Լոռիից: Հայտնի է Վաչէ Ա Վաչուտյանի պապի և հոր անունները՝ համապատասխանաբար Վաչուտ և Սարգիս: Հենց Վաչուտից էլ նոր բարձրացող իշխանական այս տոհմը կոչվեց Վաչուտյան: Թե մինչև 13-րդ դարն Հյուսիսային Հայաստանում ինչպե՞ս է կոչվել իշխանական այս տոհմը՝ ցավոք անհայտ է:
Հայտնի է նաև Վաչուտի որդի Սարգսի կնոջ անունը՝ Կատա:
Սարգսի որդի Վաչէ Ա-ից սկսվեց տոհմի վերելքը: Վաչէ Ա կինը Խաչենի Հասան իշխանի որդի Մամախաթունն էր:
Վաչէ Ա Զաքարյանների տերության ամենաազդեցիկ գործիչներից էր, այդ պատճառով էլ նրան վստահվեց Արարատյան կողմնապահությունը: Պատերազմներում քաջ ու զորեղ այս իշխանավորն աչքի է ընկեր նաև շինարարական գործունեությամբ:
Վաչէ Ա Վաչուտյանի կառուցած առավել աչքի ընկնող շինություններն են Սանահնի վանքի Մեծ (բաց) գավիթը, որ նա կառուցեց 1211 թվականին,1213 թվականին կառուցված Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին, Արա գյուղի իջևանատունը, Մակարավանքի գավիթը (1216 թվական) Հովհաննավանքի գմբեթավոր գավիթը:
1196 թվականին, երբ հայոց բանակը վերջնականապես ազատագրեց Ամբերդը, մի քանի տարի անց, Զաքարյաններն այն որպես իշխանանիստ, տնօրինության հանձնեցին Վաչէ Վաչուտյանին: Այդ ժամանակաշրջանից Կամսարականների նախկին այս ամրոցը դարձավ Արարատյան կողմնակալության իշխանանիստ-կենտրոնը: Վաչէ Վաչուտյանն ու իր որդի Քուրդն Ամբերդում վերականգնողական ու շինարարական հսկայական աշխատանքներ իրականացրեցին:
Վաչէ Ա Վաչուտյանը մահացել է 1235 թվականին և թաղվել է Հովհանավանքի գավթում:
Վաչէ Ա որդին էր Քուրդ Ա իշխանը, ով իր կնոջ՝ Խորիշահի հետ նաև շինարարական բեղուն գործունեությամբ է հայտնի: Քուրդ Ա իշխանաց իշխանը նաև Վաչուտ անունով եղբայր ուներ, ում մասին սակայն, պատմությանը քիչ բան է հայտնի:
Քուրդ Ա իշխանության տարիներին մոնղոլները նվաճեցին Հայաստանը: Քուրդ Ա իշխանաց իշխանը հպատակվեց Չարմաղան նոյինին և իր զորագնդերով մասնակցեց մոնղոլների ավարառուական-նվաճողական արշավանքներին: Նա 1236 թվականին մոնղոլական զորքերի կազմում մասնակցեց նաև Անիի գրավմանը:
Մոնղոլների կողմից Ամբերիդի գրավելուց և ավերելուց հետո, Քուրդ Վաչուտյան իշխանն իր իշխանանիստը հաստատեց Արագածոտնի Վարդենիս գյուղում՝ այնտեղ կրկնահարկ ու պարսպապատ դղյակ կառուցելով:
Այնքան մեծ էր Քուրդ Ա Վաչուտյան իշխանաց իշխանի հեղինակությունը, որ 1254 թվականին Վարդենիսի նրա իշխանանիստ ապարանքում է հյուրընկալվել Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա Հեթումյանը՝ (1226-1270) մոնղոլ խանին Կարակորում այցի գնալիս և վերադառնալիս: Սա ինքնին, խոսուն փաստ է, քանզի հայոց տերերն իրավամբ, Զաքարյաններն էին, և պատշաճ էր, որ Կիլիկիայի հայոց արքան նրանց մոտ հյուրընկալվեր:
Հետագայում, Վաչուտյանների իշխանանիստը հաստատվեց Արագածոտնի Կարբի գյուղում:
1267 թվականին Քուրդ Ա Վաչուտյանի ջանքերով Սաղմոսավանքում վերաբացվեց Վարդան Արևելցու կողմից ավելի վաղ շրջանում Խոր Վիրապում բացած և գործած բարձրագույն դպրոցը: Սաղմոսավանքը դարձավ հոգևոր և մշակութային մեծ կենտրոն:
Քուրդ Ա իշխանաց-իշխանը կյանքի վերջին տարիներն անց է կացրել որպես վանական՝ ճգնելով Սևանավանքում: Մահացել է 1270 թվականին:
Քուրդ Ա հետո Վաչուտյան տոհմում հիշատակվում են Հասան, Դավիթ Ա, Վաչէ Բ, Դավիթ Բ, Վաչէ Գ, Դավիթ Գ իշխանները, ովքեր սակայն, էական դերակատարություն չեն ունեցել հայոց ռազմաքաղաքական կյանքում:
Իսկ Վաչուտյանների տոհմի վերջին զորեղ ներկայացուցիչը Քուրդ Բ իշխանն է, ով իշխել է 13-րդ դարավերջից մինչև 14-րդ դարի քառասնական թվականները:
Քուրդ Բ իր ռազմիկներով մասնակցել է մոնղոլական արշավանքներին, աչքի ընկել պատերազմներում: Քուրդ իշխանը մոնղոկական բանակում կռվող հայկական զորամիավորումների ընդհանուր հրամանատարն է եղել: Նա Կարբիում հաղթակամար-եկեղեցի է կառուցել՝ ուր ընդարձակ արձանագրություն է թողել:
Վաչուտյանների իշխանության վերջին հայտնի ներկայացուցիչը Քուրդ Բ Վաչուտյանի որդի, Չրքին (Տգեղ) մականունով Թեոյդոս Ամբերդցին է: Թեոյդոս Վաչուտյանը Արագածոտնում կառավարել է 1340-1350-ական թվականներին: Նա պահպանել էր իշխանաց-իշխանի տիտղոսը: Թողել է մի քանի վիմագիր արձանագրություններ՝ բնակչությանը որոշ հարկերից ազատելու վերաբերյալ:
Թեոյդոս Ամբերդցուց հետո Վաչուտյանների տոհմը մարեց և վերացավ հայոց պատմության թատերաբեմից; Նրանց մասին հիշատակություններ այլևս չեն հանդիպում:
Վաչուտյանների իշխանական տան խորհրդանիշը զույգ արծիվներն են: Պետք է նշել սակայն, որ զինանշանի արծիվները տարբեր կոթողներում պատկերված են տարբեր դիրքերով ու տարբեր տեսքով;
Վաչուտյանները 13-14-րդ դարերում թերևս, հայ իրականության մեջ ամենաշինարար տոհմն էին: Նրանք կառուցել են Սաղմոսավանքը, Հովհանավանքի վանական համալիրի հիմնական մասը, Տեղերի եկեղեցին, Եղիպատրուշի եկեղեցին, Ուշիի եկեղեցին…:
Սակայն նրանց բարեգործությունները որպես կանոն սահմանափակվեցին եկեղեցաշինության բնագավառում:
Աշխարհիկ կառույցներից Վաչուտյաններին են պատկանում Արա գյուղի իջևանատունը, մի քանի կամուրջներ, ինչպես նաև՝ Ամբերդի պարսպապատի որոշ հատվածներ: