Արամ Հովհաննիսյանի գրառումը.
Մի օր այս գյուղն է մայրուղի փակում, թե՝ ջուր չունենք, ծառերը չորանում են, ժամանակ անց մեկ ուրիշը՝ սածիլները թոշնել են, ջուր․․․
Խնդիր է ահագնացող, իսկ դեմն առնելու ելքեր կառավարությունը պիտի գտնի, գերատեսչություններն ու գիտնականները պիտի առաջարկեն։ Ոչ կառավարության անդամ եմ, ոչ գիտնական, գործազուրկ քաղաքացի եմ, որը մտահոգ է։ Մտահոգ է, որովհետև դարձյալ Սևանին դիմեցին, թեև ասվել էր՝ ջրի տարա չէ, մտահոգ եմ, որովհետև Հիդրոմետ ծառայության պետին էի լսում, ասաց, որ տասնհինգ տարի է Հայաստան են սկսել թափանցել տաք հոսանքներ Իրաքից, և շոգերը հաճախանալու են, իսկ տապը մեղմողը անտառն է, կանաչն է, ջրային մակերեսներն են, որոնք գնալով պակասում են․․․
Փոխարենն անհաշվարկ զարկ է տրվել ջրի հսկայական պահանջ ունեցող մշակաբույսերի աճեցմանը։ Ասենք թե ելակի, վարունգի կամ լոլիկի շուկան անսպառ է, ուրեմն օրումեջ ոռոգվելու կարիք զգացող հողատարածքները պիտի անընդմեջ ավելանա՞ն։ Իսկ ջու՞ր։ Նոր հորերի, թե՞ կանաչող Սևանի, թղթի վրա կառուցվող նոր ջրամբարների, թե՞ ջուր չպահող ու տիղմակալած հների հաշվին։ Կա գյուղնախարարություն, կա ջրային կոմիտե, կա բնապահպանության նախարարություն, հաշվարկ արեք, ուղղություններ որոշեք, խորհուրդ տվեք, եթե պետք է՝ պարտադրեք, թող ջրի նկատմամբ սակավապահանջ մշակաբույսեր ցանեն, աճեցնեն, որովհետև,-ասեք,- քեզ, ձեր գյուղին, տնտեսությանը այսքան ջուր կարող ենք տալ, ձկնաբուծարանները փակեք, ստիպեք անցնեն փակ, շրջանառվող համակարգի, ոչ թե ամառ-ձմեռ կռճեն ընդերքն ու բաց թողնեն Արաքս։ Թող էլի հարստանան, բայց ոչ իմ, իմ զավակների, թոռների, սերունդների, բնաշխարհի ուժազրկման հաշվին, էլի աշխատեղ ունենան, բայց ոչ այլ բնակավայրեր մարդաթափելու հաշվին, էլի ջրեն, բայց ոչ ներքոդրյալ լուսանկարի ճանապարհը։
Նույն կերպ քաղաքաշինությունից բան չեմ հասկանում, բայց քաղաքացի եմ, որը մտահոգ է։ Մտահոգ է, որովհետև որքա՜ն կարելի է հացատներ ու դղյակներ, խաղատներ, սաունաներ կառուցել վարելահողերի, կանաչ տարածքների, այգիների, անտառների հաշվին․ այդ քարե ահարկու պարիսպները, թիթեղյա տանիքները, մետաղակուռ դարպասները, ասֆալտն ու բետոնը, սև ավտոները, մսոտ դեմքերը, փորերը․․․ Կրա՞կն ենք ընկել, որ ունևոր եք, մեծահարուստ եք, հագենալ չունեք։ Թողեք մարդիկ շնչեն, հողը շնչի, բույս աճի, կենդանի գոյատևի, կյանք լինի, անիրավներ․․․