WWF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության արդյունքում 2009 թվականին ստեղծվել է «Արևիք» ազգային պարկը, որը ընդգրկում էր 34 հազ. հա տարածք՝ Մեղրի համայնքի վարչական տարածքի կեսից ավելին։ Այդ ժամանակ հաստատվել էր նաև ազգային պարկի սխեման, որը մեկ տարի անց պետք է ծառայեր քարտեզագրման համար։ Սակայն քարտեզագրումը սկսվել է միայն 2018 թվականի մարտից։
«Ես այն կարծիքին եմ, որ քարտեզագրման հարցը ձգձգվում էր, քանի որ այնտեղ շատ ծրագրեր են իրականացվում՝ նոր հանքեր բացահայտելու, ուսումնասիրություն կատարելու համար։ Բացի Լիճքից, օրինակ, Շվանիձորի և Մեղրիի լեռանաշղթայի այլ տարածքներում՝ մինչև Նռնաձոր, մի երկու հանքի ուսումնասիրություններ են ուզում անել։ Դա անթույլատրելի է, քանի որ դրանք հիմնական ապրելավայրերն են կովկասյան ընձառյուծի և մի շարք հազվագյուտ տեսակի կենդանիների և բույսերի համար», – ասել է Մանվելյանը։ Նա նշել է, որ «Արևիք» ազգային պարկը շատ հարուստ է բուսական և կենդանական աշխարհով․ այնտեղ 1500-ի ավել բարձրակարգ բույսեր են աճում, որոնցից 100-ից ավելին էնդեմիկ է։
Դրանց մի մասն ընդգրկված են ոչ միայն Հայաստանի Կարմիր գրքում, այլ նաև միջազգային Կարմիր գրքում․ «Դա շատ ունիկալ տարածք է, և կարելի է ասել դա Հայաստանի գանձն է»։
Մանվելյանը համոզված է, որ չնայած հանքերը խոստանում են որոշ աշխատատեղեր, սակայն, բացի կենդանական և բուսական աշխարհին վնաս տալուց դրանք ոչ մի օգուտ չեն տալիս։ Հանքերն ազդում են նաև մարդկանց կենսագործունեության վրա։
Ամբողջությամբ՝ ecoright.am