1920 թ. ապրիլի 28 – Կարմիր բանակի մուտքը Բաքու: Ադրբեջանի խորհրդայնացումը:
♦ 1920 մայիս 21- Խորհրդային Ռուսաստանի զորքերը մոտենում են ՀՀ սահմաններին եւ մայիսի վերջին, առանց պատերազմ հայտարարելու, բռնազավթում Արցախը։ Դրոն որոշում է ռուսների հետ ռազմական բախման մեջ չմտնել և առանց մարտերի նահանջում է Սյունիք:
♦ 1920 հունիս-օգոստոս – Մոսկվայում ընթանում են հայ-ռուսական բանակցություններ: Ռուսաստանի արտգործնախարար Չիչերինը Շանթին առաջարկում է հրաժարվել եվրոպական երկրների կողմից հայկական հարցի լուծման ակնկալիքներից և հայ-թուրքական վեճի լուծումը փոխանցել Մոսկվայի իրավարարությանը։ Միաժամանակ Մոսկվայում ընթանում էին ռուս-թրքական բանակցություններ:
♦ 1920 հունիս-օգոստոս – Այն ժամանակ, երբ Մոսկվայում ընթանում էին հայ-ռուսական բանակցություններ՝ կարմիր բանակը բռնազավթում է Զանգեզուրն ու Նախիջևանը։ ՀՀ-ից տարածքային զավթումների արդյունքում ռուսները ցամաքային հաղորդակցություն են հաստատում քեմալականների հետ: Օլթիի շրջանում՝ հայ-թուրքական զինված բախումներ:
♦ 1920 օգոստոսի 10 – Թիֆլիսում ստորագրվում է հայ-ռուսական համաձայնագիրը: Խորհրդային Ռուսաստանը ճանաչում է Հայաստանի անկախությունը, սակայն չի պատրաստվում զորքերը դուրս բերել բռնազավթած շրջաններից՝ Արցախից, Զանգեզուրից ու Նախիջևանից: Վերջիններս հայտարարվում են «վիճելի տարածքներ»: Հիշյալ շրջաններում հայ բնակչության հալածանքներին զուգահեռ՝ ամրապնդվում են ռուսների աջակցությունը վայելող թուրքերի ու թաթարների դիրքերը:
♦ 1920 օգոստոսի 24 – Ռուս-թուրքական «Սրտագին ու անկեղծ բարեկամության» պայմանագիր։ Արեւմտահայաստանն ու Արեւելահայաստանի մի մասը ճանաչվում են «թուրքական հայրենիքի» անբաժան մաս։ Անտանտի թշնամի ռուսները դաշնակից քեմալականներին խոստանում են շարունակել զենքի ու զինամթերքի մատակարարումները, զինել թուրքական բանակը և օգնել Քեմալին՝ Անտանտի ու վերջինիս դաշնակից ՀՀ-ի դեմ պայքարում:
♦ 1920 սեպտեմբերի 1-8 – Ռուս, հայ, այլազգի բոլշևիկների ու քեմալականների մասնակցությամբ Բաքվում հրավիրված Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարում, ուր որպես պատվիրակ ներկա էր նաև Էնվեր փաշան, կոչ է արվում «սրբազան պատերազմ» ծավալել միջազգային իմպերիալիզմի ու վերջինիս դաշնակից Հայաստանի հանրապետության դեմ:
♦ 1920 սեպտեմբերի 18 – Վերոնշյալ համագումարի կողմից կազմավորված «Քարոզչության ու գործողության խորհուրդը» ընդունում է մի բանաձեւ, որն առաջարկում էր քեմալականներին ռազմարշավի ելնել Հայաստանի դեմ, այնուհետև, «թուրք-հայկական նոր կոտորածները» կանխելու պատրվակով, կարմիր բանակը մտցնել Հայաստան և հաստատել խորհրդային կարգեր: Սա, փաստորեն, հայոց պետության վերացման ու ՀՀ տարածքի անդամահատման որոշում էր:
♦ 1920 սեպտեմբերի 23 – Խորհրդային Ռուսաստանի դրդմամբ քեմալականները հարձակվեցին ՀՀ-ի վրա։ Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ Նոյեմբերի 18-ին ստորագրված զինադադարով ՀՀ-ն դե ֆակտո ճանաչեց իր պարտությունը:
♦ 1920 հոկտեմբեր-նոյեմբեր – Լեգրանի պատվիրակությունը Հայաստանում: Ռուսները ՀՀ իշխանություններին առաջարկում են ընդունել խորհրդայնացման իրենց պայմանները:
♦ 1920 նոյեմբերի 29 – Այն ժամանակ, երբ Ալեքսանդրապոլում ընթանում էին հայ-թրքական բանակցությունները, Կարմիր բանակն առանց պատերազմ հայտարարելու ներխուժեց ՀՀ եւ չեղած բանվորա-գյուղացիական ապստամբության անունից Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։
♦ 1920 դեկտեմբեր 2 – Ռուս-հայկական երևանյան համաձայնագիր: Հայաստանի խորհրդայնացումը։ Առաջին հանրապետության կործանումը։ Ժամեր անց Խատիսյանը Ալեքսանդրապոլում ստորագրում է հայ-թրքական պայմանագիրը:
♦ 1921 մարտի 16 – Մոսկվայի ռուս-թուրքական «Բարեկամության ու եղբայրության» պայմանագիրը: Կարսի ու Սուրմալուի շրջաններն անցնում են Թուրքիային, Նախիջևանը՝ Խորհրդային Ադրբեջանին: Նույն թվի հուլիսի 5-ին կովբյուրոյի որոշմամբ բոլշևիկները Արցախը նույնպես նվիրում են Ադրբեջանին: