Աշխարհում միայն մեկ Շառլ Ազնավուր կա
Չկա աշխարհում մի մարդ, ով այս անունը լսած չլինի: Անգամ 92 տարեկան հասակում հայկական ծագում ունեցող ֆրանսիացի աննման շանսոնյեն շարունակում է շրջել աշխարհով մեկ ու երգել, երգել… Մենք նույնիսկ հպարտ ենք նրա համար, որ նրա ժամանակակիցներն ենք: Նա Ֆրանսիայի խորհրդանիշն է, Հայաստանի հպարտությունը, նրա երգերը բոլորի սրտերում են, իսկ երաժշտությունը ողջ աշխարհինն է:
1924 թ. մայիսի 22-ին Փարիզում լույս աշխարհ է գալիս Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը: Նրա ծնողները՝ Միշա ևՔնար Ազնավուրյանները՝ հայ գաղթականներ, 1917 թ. փախչելով հայկական կոտորածներից՝ բնակություն են հաստատում Ֆրանսիայում: Նրանք այդտեղից պետք է ԱՄՆ մեկնեին, սակայն ԱՄՆ-ն մուտքի իրավունք չի տալիս, ու Ազնավուրյանները ստիպված հաստատվում են Փարիզում: Ֆրանսիացի գրանցողը չի կարողանում ճիշտ արտաբերել Վաղինակ անունն ու ծնողները որոշում են որդու կյանքն ավելորդ չբարդացնել՝ նրան անվանելով պարզապես Շառլ:
Շառլ Ազնավուրը մոր հետ
Շուտով հայր-Ազնավուրյանը կամովի ռազմադաշտ է մեկնում, ու տան միակ կերակրողը մնում է Շառլը: Քանի գերմանացիները քաղաք չէին մտել, նա թերթեր էր վաճառում, աշխատում «սև շուկայում»: Նույնիսկ աշխատանք գտնելով Մոնպարնասի «Ժոկեյ» կաբարեում, Ազնավուրը վտանգավոր այդ գործը չթողեց: Հյուրախաղերով ժամանելով սոված Փարիզ՝ նա շրջաններից իր հետ գյուղական տարբեր մթերքներ էր բերում ու վաճառում: Այդ օրերից Շառլը հաճախ էր հիշում իրենց ընտանիքի ընկերոջ երկարաշունչ ճառը, որին հայրը դիմել էր՝ որդուն դերասանական դպրոց ընդունելու խնդրանքով.
«Միշա, խելքդ թռցրե՞լ ես, ինչ է, – աշխատասենյակում ետ ու առաջ էր անում նա,- լսի՛ր, ի՞նչ թատրոն: Հայերը առևտրի համար են ստեղծված: Եթե քո Շառլն ուզում է առևտուր անել, ես նրան կօգնեմ: Իսկ եթե ուզում է ողջ կյանքում իրեն հիմարի տեղ դնել ու զվարճանալ, ապա Աստված վկա, նա ինձանից մի ֆրանկ էլ չի ստանա»:
Դժվար է պատկերացնել ինչ էր լինելու, եթե այն ժամանակ Շառլն իր ճշմարիտ ուղղուց շեղվեր: Հաջողության բարդ ու փշոտ նրա ճանապարհը 20 տարվա պատմություն ունեցավ: Առաջին մենահամերգից հետո փարիզյան մի քննադատ գրեց. «Պետք է առնվազն խենթ լինել նման ձայնով ու նման արտաքինով հասարակության առջև հանդես գալու համար»:
… Իսկ Ազնավուրն ահա, ոչ միայն հանդես եկավ, այլ նաև նվաճեց այդ հասարակությանը:
Արտիստի նրա կարիերան սկսվեց 9 տարեկանում: Նրան լսեցին ու ընդունեցին «Փոքր ազգի թատրոն»: Հետո եղան պիեսներ, որտեղ Ազնավուրը կատարում էր դերեր՝ երեխաների համար՝ «Էմիլն ու դետեկտիվները»՝ Ելիսեյան դաշտերում գտնվող ստուդիայում՝ 1933 թ., «Փոքր աղմուկ ոչնչից»՝ «Մադլեն» թատրոնում՝ 1935թ., Վիկտոր Մարգերիտի «Երեխան», իսկ 1935թ. ավարտին նա խաղաց Հենրի III-ի դերը: Շուտով «Երգեր» ակումբում Շառլ Ազնավուրը ծանոթանում է երիտասարդ երգահան ու դաշնակահար Պիեռ Ռոշի հետ: Ազնավուրն ու Ռոշը ստեղծում են մի դուետ ու սկսում ելույթ ունենալ ֆրանսիական ու բելգիական կաբարեներում: Ազնավուրը դառնում է Ռոշի տեքստերի մշտական հեղինակը:
Նրա ճակատագրի բեկումնային տարին 1946թ.- ն էր, երբ Ժորժ Ուլմերի համար գրված երգը Գրան-Պրիի է արժանանում: Նույն տարում Ազնավուրի կյանքում հայտնվում է…
Էդիթ Պիաֆը
Իր ընկերախմբի հետ միասին Պիաֆը մի անգամ պատահականորեն ներկա է գտնվում Ազնավուրի համերգին: Արդեն մի փոքր օրորվելով՝ նա սեղանից վեր է կենում ու դիմում Ազնավուրին. «Բավական է, գնացինք պարելու»: Շառլը միանգամից կարմրում է: Հանկարծ կտրուկ շարժումով նրան ետ է նստեցնում աթոռին ու ասում. «Հապա նստի՛ր»: Պիաֆը տարօրինակ նայում է Ազնավուրին: Ընկերախումբը, քար կտրած, լռում է: Ազնավուրը վեր է կենում, մի քանի քայլ հեռանում սեղանից, նայում Պիաֆի կողմն ու… սուլում: Փողոցային ծիսակարգ էր դա: Պարի կարող է հրավիրել միայն տղամարդը ու միայն այդ կերպ: Իսկ Էդիթը դրան շատ լավ տեղյակ էր, չէ՞ որ նա էլ էր մեծացել փողոցում ու դաստիարակվել այդ կաննոներով: «Իսկ այս փոքրիկը, այնպես, ոչինչ խիստ է»,- դեպի իր ընկերախումբը շուռ գալով՝ ասում է Պիաֆը: Բոլորը միանգամից ծիծաղում են:
– Հրեա՞ ես,- հարցնում է երգչուհին:
– Ոչ, հայ եմ,- պատասխանում է Ազնավուրը:
– Դա ինչպե՞ս:
– Երկար պատմություն է:
– Եթե երկար է, ուրեմն պետք չէ,- ասում է Պիաֆն ու անմիջապես Շառլին առաջարկում Ռոշի հետ միասին ելույթ ունենալ իր ծրագրի առաջին հատվածում:
Իրենց կնքած պայմանագրի վերջանալուն պես Ազնավուրը հարցնում է՝ չի՞ ցանկանում երգչուհին երկարացնել պայմանագիրը: «Իհարկե, եկեք այստեղ՝ ինձ մոտ: Ես Ձեզ սպասում եմ»: Այդպես ահա Ազնավուրն ու Ռոշը հյուրախաղերով մեկնում են ԱՄՆ ու Կանադա:
Ամբողջությամբ՝ dlmn.info