«Ես ինձ հարյուր տոկոսով հայ եմ զգում և հարյուր տոկոսով ֆրանսիացի: Դա կաթով սուրճի պես մի բան է, երբ մի անգամ խառնում ես կաթն ու սուրճը, այլևս հնարավոր չէ առանձնացնել. Իմ պարագայում էլ ճիշտ այդպես է»՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսպես էր ինքն իրեն բնորոշում: Ազնավուրի անկեղծությունը դեռևս շատ երկար կմնա մարդկանց հիշողություններում: Նրա հետ կապված շատ հիշողություններ ունի նաև նրա վաղեմի ընկերներից մեկը՝ դաշնակահար, կոմպոզիտոր Արմեն Ահարոնյանն, ով ապրում է ԱՄՆ-ում ու աշխատել է աշխարհահռչակ շատ երգիչների հետ, այդ թվում նաև Շառլ Ազնավուրի դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ:
Life.panorama.am-ի հետ զրույցում Արմեն Ահարոնյանը պատմեց Շառլի հետ ծանոթության, միասին ունեցած համագործակցությունների և մտերմիկ զրույցների մասին:
«Շառլ Ազնավուրի հետ ծանոթացել ենք 1981թ-ին. Նրա զարմիկը, ում ես էլ էի ճանաչում, ինձ տարավ Լոս Անջելեսում գտնվող՝ Շառլի տուն, որից հետո շատ մտերմացանք: Նա ինձ պատմեց ֆիլմերում ունեցած իր փորձի մասինն, ասաց, որ ինքը ևս կարողանում է դաշնամուր նվագել, և իր այդ կարողությունը ցույց է տվել «Կրակեք դաշնակահարին» ֆիլմում: Դրանից հետո միասին ծրագրեցինք ձայներիզ թողարկել ու համերգ կազմակերպել: Մեր հաջորդ հանդիպումը եղավ նրա ձայներիզի համար. Այդ ժամանակ հետաքրքիր ալբոմ պատրաստեցի, որի մեջ երկու սերունդների կատարումներ ներառվեցին: Այսինքն՝ երգում էին Շառլի քույրը՝ Աիդան և հայրը՝ Վաղինակը, ով արդեն մահացել էր, բայց կարողացանք այնպես գործիքավորել, որ Աիդան ձայնակցեց արդեն իսկ ձայնագրված հոր երգին: Նույն կերպ՝ մի երգ էլ կազմեցինք, որտեղ Շառլ Ազնավուրը դուետ երգեց իր աղջկա՝ Սեդայի հետ: Ի դեպ՝ դա եղավ Շառլ Ազնավուրի կատարած առաջին հայերեն երգը. Մենք ընտրել էինք Սայաթ-Նովայի երգերից երկուսը: Իսկ արդեն այդ ձայնասկավառակից հետո մենք միասին համերգ ունեցանք, որին ներկա էին 15.000 մարդ»,- պատմեց մեր զրուցակիցը:
Արմեն Ահարոնյանի խոսքով՝ երբ ճանաչել է Շառլ Ազնավուրին, արդեն իսկ շատ նախնական պայմանավորվածություններ է ունեցել այլ երգիչների հետ, այդ իսկ պատճառով Ազնավուրի հետ մշտապես աշխատել չի կարողացել: Փոխարենը երկար համագործակցություն է ունեցել Սեդա Ազնավուրի հետ:
«Երբ նա Միացյալ նահանգներում էր ապրում, մենք շատ մտերիմ էին երեքով՝ ես, Շառլն ու նրա քրոջ ամուսինը: Մենք հաճախ էինք հանդիպում ու զրուցում միասին տարբեր թեմաների շուրջ: Բայց պետք է ասեմ, որ մեր զրույցների թեման մեծամասամբ աշխատանքային էր, երգարվեստն ու երաժշտությունը»,- նկատեց դաշնակահարը, իսկ հարցին, թե ինչ տեսակ ընկեր էր Շառլ Ազնավուրը, պատասխանեց.
«Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ Շառլը չէր սիրում շատ խոսել, առավել ևս՝ խոսել իր անձնական մտորումների մասին: Նա ինքնամփոփ էր, չէր սիրում շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ, փոխարենը՝ այդ ժամանակն օգտագործում էր աշխատանքի վրա: Նա երգեր ուներ շուրջ 15 տարբեր ազգերի լեզուներով, և ամեն բան անում էր, որ բոլոր լեզուներով երգի առանց ակցենտի՝ մաս-մաքուր: Նա ծայրահեղ շատ էր աշխատում՝ առավոտից, մինչև ուշ գիշեր»:
Արմեն Ահարոնյանը պատմեց, որ հայրենիքի հետ կապված Շառլ Ազնավուրի առաջին քայլն այն է եղել, որ իր երեխաներին Լոս Անջելեսում հայկական դպրոց է տարել, դրանից հետո նոր սկսեց նաև հայերեն երգել:
Որպես ընկեր ու հայրենակից՝ իր ցավակցական խոսքն ասելիս՝ Արմեն Ահարոնյանը նշեց.
«Մենք մեծ հայ կորցրինք: Հայերը նման կորուստ դեռևս չէին ունեցել, քանի որ մենք ունեինք միայն մեկ վիթխարի ու աշխարհով մեկ ճանաչված հայրենակից: Նրան փոխարինող ոչ մեկը չունենք, իսկ դա արդեն հսկայական կորուստ է: Իհարկե, Շառլ Ազնավուրն իր ուժերին ներածին չափով ամեն ինչ արեց թե որպես արտիստ, թե որպես հայ: Ափսոս, որ նա չկարողացավ հասնել իր ցանկությանը, այն է՝ մենահամերգ ունենալ 100 տարեկանում, բայց նա թողեց մեծ ժառանգություն, որի տերն է ողջ աշխարհը: Շառլ Ազնավուրը մինչև 60 տարեկան ծխել է, խմել, չի հետևել առողջությանը, ինձ էլ էր ասում՝ «Արմեն, ես ամեն ինչ արել եմ մինչև 60-ս, հիմա արդեն խելոքացել եմ, երեկոյան մեկ գավաթ մածուն կուտեմ ու կքնեմ»: 35 տարի Շառլը ապրեց՝ ծայրահեղ հետևելով իր առողջությանը, բայց միևնույն է, ուներ որոշակի առողջական խնդիրներ: Ցավում եմ, որ կորցրի ընկերոջս, ցավում եմ, որ ժամանակին ավելի շատ չենք կարողացել աշխատել, բայց ուրախ եմ, որ մենք՝ հայերս, մեր պատմության մեջ ունենք Շառլ Ազնավուր»: