«Թեթև տարեք, սա քաղաքական դինամիկ պայքար է, որտեղ ներգրավված բոլոր կողմերն էլ փորձում են իրավիճակից քաղել առավելագույն հնարավորը»
Advertisement 1000 x 90

«Թեթև տարեք, սա քաղաքական դինամիկ պայքար է, որտեղ ներգրավված բոլոր կողմերն էլ փորձում են իրավիճակից քաղել առավելագույն հնարավորը»

Կոնստանտին Տեր-Նակալյանի հրապարակումը.

«Մեծամասնության, արտահերթ ընտրությունների ու Փաշինյանի անփոխարինելիության մասին

Երկար-բարակ չանեմ, միանգամից արձանագրեմ դիրքորոշումս․ ՀՀ-ում ու բովանդակ աշխարհում գոյություն չունի այդպիսի մահկանացու, ով ՀՀ վարչապետ լինելու ավելի հիմնավոր հավակնություններ ունի հիմա։ Այլ կերպ ասած, ես վստահ եմ ու պնդում եմ, որ առնվազն հիմա ՀՀ վարչապետ կարող է ու պետք է լինի Նիկոլ Փաշինյանը։ Սա քննարկման ենթակա էլ չէ, քննարկման ենթակա է, թե որքան ժամանակ ու ինչ դրսևորումներ է Փաշինյանի գահակալությունը։

Հիմա խոսենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու մեծամասնության մասին։ Այո՛, ամենայն հավանականությամբ ՀՀ ազգաբնակչության մեծամասնությունը օրվա հրամայական է համարում հնարավորինս արագ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ոմանք դա անում են, որովհետև Նիկոլն է ասել, ոմանք դա անում են, որովհետև զզվում են ՀՀԿ-ից ու մյուս խորհրդարանական ուժերից, երրորդները համարում են, որ առանց նոր խորհրդարանի իշխանափոխության պրոցեսսը անավարտ է, չորրոդները ուզում են, որովհետև անձամբ, կամ էլ միջնորդավորված ակնկալիքներ ունեն և այլն։ Սա իրոք այդպես է ու ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց սա դեռ անպայմանորեն չի նշանակում, որ հնարավորինս արագ արտահերթ ունենալը լավ գաղափար է։ Անգամ եթե մեծամասնությունն է դա ուզում, դա ավտոմատ լավ գաղափար չի դարձնում։

Ի վերջո, մեծամասնությունը սխալվելու հակում ունեցել է միշտ ու ամբողջ աշխարհում։ Մեծամասնությունը որոշեց, որ Քրիստոսին անպայման խաչել է պետք, մեծամասնությունը ժամանակին որոշել էր, որ բոլոր խարտյաշ կանայք վհուկներ են, հետո մեծամասնությունը սրբորեն հավատում էր, որ հրեաներին պետք է ոչնչացնել՝ բարուրից մինչև ծեր, ուրիշ մեծամասնություն համարում էր, որ ազգային զարթոնք չի կարող լինել՝ առանց Բաքվի ու Սումգայիթի հայերի ջարդերի և այլն։ Սա հուշում է, որ միայն մեծամասնության ուզելը բավարար չէ, որպեսզի ինչ որ հանրային պահանջ ինքնաբերաբար դառնա ճիշտ, սակայն այս օրինակները չեն էլ նշանակում, որ մեծամասնությունը միշտ սխալ է։

Իրականում, անձամբ ես կոնցեպտուալ դեմ չեմ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ես անգամ հասկանում եմ ու ընկալելի եմ համարում Նիկոլի շտապողականությունը, որովհետև ակնհայտ է, որ նա՝ որպես քաղաքական լիդեր, անում է հնարավորը՝ հնարավորինս մեծ իշխանություն ունենալու համար։ Դեկտեմբերին ընտրություններ ունենալը, կարելի է ասել՝ երաշխավորում են, որ ՔՊ-ն կունենա մանդատների 66 տոկոսը։ Այնպես չէ, որ մայիսին ընտրություններ անցկացնելու դեպքում կարելի է հաստատ երաշխավորել, որ Պ-ն այդ 66 տոկոսը չի ունենա, բայց ամեն դեպքում կա հավանականություն, որ 66 էլ չէ, կարող է 46 էլ չունենա, ուստի խորհրդականական մյուս ուժերի ընդվզումն էլ է հասկանալի ու ընկալելի։ Երկու կողմերն էլ գնում են վաբանկ, որովհետև երկուսի համար էլ կա քաղաքական հարատևության հիմնախնդիր։

Ողջ հարցը նրանում է, որ մի կողմը ամբողջովին խաղարկում է պոպուլիզմի ու մեծամասնության հաղթաթուղթը, իսկ մյուս կողմը փորձում է իրավական մեխանիզմներ օգտագործել, բայց այնպես, որ ազգի թշնամի չդառնաս, ինչը անսահման բարդ խնդիր է։ Բարդ է նաև այն պատճառով, որ մեծամասնությունը ի զորու չէ հիմա հասկանալու, որ երկու ոտքերը մի մաշիկի մեջ դրած պահանջում է միակուսակցական ավտորիտար կառավարման համակարգ, որը արդեն իսկ գերհագեցած է արևելյան դիկտատուրաներին հատուկ անձի պաշտամունքով ու տոտալիտարիստական մոտեցումներով, իսկ սա նշանակում է, որ մեծամասնությանը հիմա դեմ գնացողը կարող է հիմա ատելության արժանանա, իսկ դեմ չգնացողը այդ նույն ատելությանը արժանանլու է հետո, ճիշտ այնպես, ինչպես դա եղավ ՀՀՇ-ի ու ԼՏՊ-ի պարագայում։ Հիշեցնեմ, որ 91 թվին էլ Տեր-Պետրոսյանը, իսկ հետո յուր կուսկացությունը 80+ մխեցին ու դա արեցին լրիվ արդար, բայց արդեն 92-93 թվին ում հարցնեիր՝ սուխոյ ատկազ էր կանգնում, որ ինքը Լևոնին ու ՀՀՇ-ին է ընտրել։

Մի խոսքով, սիրելի աղջիկներ ու տղաներ, թեթև տարեք, սա քաղաքական դինամիկ պայքար է, որտեղ ներգրավված բոլոր կողմերն էլ փորձում են իրավիճակից քաղել առավելագույն հնարավորը։ Քաղաքականությունը, առհասարակ, հնարավորի արվեստն է ու կարևորն այն է, որ էդ հնարավոր առավելագույնին հասնելու գզվռտոցում չտուժի պետական շահը։ Մնում է հուսալ, որ չի տուժի»։



Նման նյութեր