Զրուցակիցը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է:
– Պարոն Շարմազանով, նախօրեին ՀՀԿ խմբակցությունից Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ միշտ կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին և կողմ է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, նմանատիպ հայտարարություններ տարածեցին Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, իսկ Ալիկ Սարգսյանն էլ հայտարարել է, որ լքում է ՀՀԿ-ն։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՀՀԿ խմբակցությունը փլուզվում է։
– Գևորգ Կոստանյանը խմբակցության անդամ է, բայց կուսակցության անդամ չէ։ Ցանկացած պատգամավոր իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, և ես նրանց տեսակետները մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Ես իմ կարծիքն ունեմ և կարծում եմ, որ երբ մարդիկ խոսում են ազնվությունից և օժանդակությունից, ավելի ազնիվ կլինի ասել, որ քաղաքականության մեջ ընդդիմադիր կարգավիճակը միգուցե իրենց սրտով չի, կամ քաղաքականությունն իրենց սիրելի մասնագիտությունը չի, կամ ունեն այլ պլաններ։ Ինչ մնում է աջակցությանը, ես հիմա հարց եմ տալիս՝ էդ իրե՞նք են ավելի շատ աջակցում պետությանը, որ Փաշինյանի բոլոր նախաձեռնություններին՝ ճիշտ թե սխալ, ասում են, որ ինքն ուժեղ ու ճիշտ է, թե այն ընդդիմադիր պատգամավորը, ով սրտացավորեն, առանց նենգության քննադատում է կառավարությանը՝ ուղղելու նպատակով, ոչ թե գոտկատեղից ներքև հարվածելով։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ բոլորս պետք է աջակցենք վարչապետին։ Ամբողջ աշխարհում ընդդիմություն պետք չի՞։ Էդ դեռ հարց է՝ ընդդիմությունն է շատ աջակցում, թե գովացողները։ Շատ դեպքերում ՀՀԿ-ի խնդիրներն առաջացան այն պատճառով, որ գովացողները շատ էին, իսկ քննադատող չկար։
Չեմ ուզում գնահատական տալ, իրենց գործն է, իրենք են այդպես որոշել, պարզապես ինձ համար անհասկանալի է, երբ պատգամավորները ազնվորեն չեն կանգնում ու չեն ասում, որ այո, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ ճնշում է գործադրում պատգամավորների վրա, միջամտում է ԱԺ աշխատանքներին, որի վառ վկայությունը իր կողմնակիցներով Ազգային ժողովի պաշարումն է։ Այն էլ իրավաբան պատգամավորները, որոնք օրենքն ինձնից 20 անգամ լավ գիտեն։ Ինչո՞ւ են այդ մասին լռում։ Այդ ո՞ր օրենքով էր ասֆալտին փռելն օրինական, ԱԱԾ-ով վախեցնելն օրինական։ Հասկացանք՝ լեգիտիմություն ունի։ Նիկոլ Փաշինյանից այնքան ուժեղ տղերք են լեգիտիմություն ունեցել։ Հիմա հայտարարում են, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Էդ ի՞նչ, ձեր կարծիքն առաջնայի՞ն է։ Ձեր ասելո՞վ է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու, թե՞ իմ։ Ոչ իմ ասելով է հրաժարական տալու, ոչ էլ որևէ պատգմավորի։ Կա Սահմանադրություն, և ամեն բան պետք է Սահմանադրությամբ լինի։ Ու թող տպավորություն չլինի, որ ես և իմ գործընկերները, որոնք պաշտպանում են դեկտեմբերին ընտրություններ չանցկացնելու մոտեցումը, մանդատներից կամ աթոռներից ենք կառչել։ Հաստատ ոչ մանդատը կամ աթոռը ինձ բացի պատասխանատվությունից այլ բան չի տվել։ Քաղաքական պայքար է, կլինե՞ն ընտրությունները դեկտեմբերին, կգնանք դեկտեմբերին, մեռնեմ օրենքին։
– Կարծում եք՝ սա մեջքից հարվա՞ծ էր Հանրապետականին։
– Մեջքից հարվածներն ավելի շուտ են եղել, պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի։ Ուրեմն այսպես էր պետք, ես արդեն չեմ հասկանում՝ ով է հանրապետական, ով ոչ։ Ես հիմա խոսում եմ որպես անհատ պատգամավոր, որպես քաղաքական գործիչ, ինձ համար նպատակ է եղել պետության շահերի գերակայությունը։ Երբ հիմա բոլորը խոսում էին կուսակցական շահերը պետական շահից վեր դասելուց, էդ ե՞ս եմ կուսակցական շահը վեր դասել պետական շահից։ Հենց պետական շահից ելնելով եմ հայտարարել, որ չի կարելի բռնաբարել Սահմանադրությունը, չի կարելի ասֆալտին պառկեցնել։ Հասկացանք, որ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն, բայց աչք փակելով նրա սխալների վրա՝ ոչ նրան եք լավություն անում, ոչ էլ պետությանն եք օգնում։ Պետությանն ընդդիմադիր խոսք է պետք, ու եթե թեկուզ մեկ հոգի մնա, որ իմ ասածը լսի, ես իմ կարծիքն ասելու եմ։ Իսկ մյուսները, որ հիմա գովում են Փաշինյանին, թող ջան ասեն, ջան լսեն, ի՞նչ է եղել։ Փաշինյանի հետ հանդիպմանը ոչ Գևորգ Կոստանյանն է եղել, ոչ Ալիկ Սարգսյանը, ոչ էլ Արման Սահակյանը, մենք ենք եղել։ Մենք խոսել ենք պետական շահի գերակայության մասին։ Ասել ենք՝ եղբայր, դու ասել ես ընտրությունները պետք է լինեն մեկ տարվա մեջ, ասել ես՝ մայիսին, հիմա ինչո՞ւ ես պրոցեսներն արագացնում։ Ասել է՝ խորհրդարանում մեծամասնություն չունեմ, մենք էլ ասել ենք՝ մայիսի 8-ին մեծամասնություն ունեի՞ր, որ համաձայնեցիր դառնալ վարչապետ։ Բա ինչո՞ւ էն ժամանակ ասացիր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ որևէ մեկը չի լինի։ Ու եթե այս ամենից հետո մարդիկ կանգնում նման բաներ են ասում, իրենց խնդիրն է։
Ես ոչ մի բանից չեմ զարմանում։
– Հիմա ՀՅԴ-ի հռետորաբանության մեջ էլ է մեղմացում նկատվում, ԲՀԿ-ն էլ արդեն հուշագիր է ստորագրել Փաշինյանի հետ։
– Տեսեք, եթե խոսքը գնում է արտահերթ ընտրությունների մասին, պարզ չէ՞, որ եթե Փաշինյանը հրաժարական է տալիս, չեն առաջադրում թեկնածու, լինում են արտահերթ ընտրություններ։
– Այսինքն՝ գնո՞ւմ ենք արտահերթ ընտրությունների դեկտեմբերին։
– Դեկտեմբերին կուզեք, դեկտեմբերին կլինի։
Ամբողջությամբ՝ lragir.am