Ալավերդու գործարանի տերերը շանտաժի են ենթարկում Հայաստանի կառավարությանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ալավերդու գործարանի տերերը շանտաժի են ենթարկում Հայաստանի կառավարությանը. armeniasputnik.am

Ալավերդու պղնձաձուլական գործարանը բացահայտ շանտաժի է ենթարկում Հայաստանի իշխանությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ալավերդու պղնձաձուլական գործարանը, որն ընդգրկված է VallexGroup-ում, կառուցվել է դեռ անցած դարի 50-ական թթ-ին։ Կոմբինատը արդիականացման կարիք ունի։ Հոկտեմբերի 19-ին գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Աշխատակիցները փակել են հայ-վրացական սահման տանող M6 պետական ճանապարհը և երկաթգիծը։ Նրանք պահանջում են չկանգնեցնել կոմբինատի աշխատանքը։

«Ես վստահ եմ, որ գործարանը փակելու հարց չի դրվել։ Խնդիրն այն է, որ գործարանն աշխատի գոյություն ունեցող էկոլոգիական նորմերի շրջանակում։ Ես արդեն երկար ժամանակ զբաղվում եմ այդ խնդրով, այդ թվում՝ Ալավերդու գործարանի հարցում։ Նրանք միշտ խախտել են բնապահպանական նորմերը», — ասաց Խաչատրյանը։

Ինչպես նշեց տնտեսագետը, ձեռնարկությունը գտնվում է մասնավոր ձեռքերում, այնտեղ կա մենեջմենթ, և նրանք լավ գիտեն, թե ինչ և ինչպես են անում։ Դա վերաբերում է ինչպես եկամուտներ ստանալուն, այնպես էլ անհրաժեշտ վճարներին։

Նրա դիտարկմամբ` երբ սեփականատերերը շահույթ են ստացել, ոչ մի խնդիր չի եղել, բայց խնդիրներն իսկույն ծագել են, երբ պահանջվել է կրճատել եկամուտները ֆիլտրեր տեղադրելու համար։ Խաչատրյանի կարծիքով՝ դրանից հետո գործարանի տնօրինությունն անցել է շանտաժի։

«Ինձ համար դա անընդունելի է։ Նրանք տարիներ առաջ պատրաստ էին տուգանքներ վճարել, բայց ֆիլտրեր չտեղադրել՝ այդպես ավելի էժան էր։ Օրենսդրությունում նման բացթողում է եղել, նրանք օգտվել են դրանից», — ասաց Խաչատրյանը։

Հիմա գործարանի ղեկավարությունը ուղղակի վերջնագիր է ներկայացրել, բայց պետության հետ չի կարելի այդպես խոսել։

Կառավարությունը կարող հետևյալ կերպ լուծել իրավիճակը։ Ե՛վ իշխանությունները, և՛ գործարանի ղեկավարությունը կառաջարկեն խնդրի լուծման իրենց տարբերակները, մասնավորապես, կատարել պետության կամ ՎՏԲ բանկի առաջ ունեցած պարտավորությունները։

«Կողմերը կարող են մշակել պարտավորությունները կատարելու ժամանակացույց, գործարանն աստիճանաբար կսկսի մարել պարտքերը։ Ֆիլտրեր տեղադրելու կամ այլ տեխնոլոգիական լուծումների համար էլ ժամանակ է պետք տրամադրել։ Ես կարծում եմ, որ կան լուծման տարբերակներ», — ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ երկար տարիներ գործարանի ղեկավարությունը «ստրուկների» նման է վերաբերվել իր աշխատողներին ։ Եվ նրանք ցանկանում են շարունակել շահարկել դա և ճիշտ նույն կերպ վերաբերվում են պետությանը։

Ըստ Խաչատրյանի՝ մինչև հիմա շատ ձեռնարկություններ պետության հետ աշխատել են ստվերում․ չեն վճարել հարկեր, աղտոտել են շրջակա միջավայրը։ Հիմա իրավիճակն այլ է։

Գործարանն աշխատանքը դադարեցնելու որոշում է կայացրել Բնապահպանության և ընդերքի տեսչական կոմիտեի փորձաքննության և դրա հետևանքով ձեռնարկված միջոցների հետևանքով։

Հիշեցնենք` հունիսի 15-16-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծխի՝ քաղաք լցվելու մասին Ալավերդու քաղաքացիներն ահազանգել էին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

Ալավերդիում իրականացված մթնոլորտային օդի մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է, որ ծծմբի երկօքսիդի պարունակությունը քաղաքի օդում մի քանի անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի քանակը։

Ի դեպ, հոկտեմբերի 11-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի ղեկավարությունը գործարանում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունից պահանջում է թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել թույլատրելի արտանետումները և դրա դիմաց տուգանքներ չկիրառել։ Հակառակ դեպքում սեփականատերը սպառնացել էր դադարեցնել պղնձաձուլական գործարանի աշխատանքը, ինչն այսօր իրականացրել է։

Գործարանի փակման արդյունքում ավելի քան 500 աշխատող գործազուրկ է դարձել։

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին պատկանող գործարանը ճգնաժամի մեջ է հայտնվել կառավարության կողմից մոտ 800 հազար դոլարի չափով տուգանվելուց հետո:

armeniasputnik.am