Թույլ տվեք հարցնել` ինչո՞ւ է տվայտվում Արարատ Միրզոյանը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Թույլ տվեք հարցնել` ինչո՞ւ է տվայտվում Արարատ Միրզոյանը. hraparak.am

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ նիստում ԸՕ փոփոխությունների տապալմանը: Նա գրել է. «Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար։

Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին։

Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ ՔՊ֊ն և Իմ քայլը դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով»:

Դատելով պարոն Միրզոյանի գրառման վերջին պարբերությունից` կարելի է ասել, որ ՔՊ-ն առհասարակ անհանգստանալու բան չունի և կարող է խորհրդարան անցնել հընթացս, նույնիսկ եթե ընտրությունները լինեն առաջիկա կիրակի: Բայց ամբողջ հարցն այն է, որ առաջիկա կիրակի ընտրությունների մասնակցել չեն կարող մյուս ուժերը, որոնց համար էլ, ինչպես Միրզոյանն է նշել, նոր ԸՕ-ով փորձել են առավել լավ պայմաններ ստեղծել: Եվ ուրեմն ինչո՞ւ ԱԺ, Միրզոյանի բնորոշմամբ` «ոչ առաջատար» ուժերը տապալեցին նոր ԸՕ-ի` առաջին ընթերցմամբ ընդունումը: Սա բավականին հետաքրքիր հարց է, որի պատասխանը պարոն Միրզոյանը չի կարող կռահել, քանի դեռ մտածում է, որ գործ ունի «ոչ առաջատար» ուժերի հետ: Իսկ եթե նա, այնուամենայնիվ, «ոչ առաջատար, ոչ իշխանական» ուժեր ասելով նկատի ունի բացառապես փողոցի ընդդիմությանը, ապա, առնվազն, պարտավոր էր գոնե մեկ-երկու այդպիսի ուժ նշել, որ հասկանայինք` պատահաբար ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին նկատի չունի՞, արդյոք, «ոչ առաջատար և ոչ իշխանական» ասելով:

Խորհրդարանական ուժերը, որքանով մեզ հայտնի է, հայտարարել են, որ կողմ են ԱԺ արտահերթ ընտրություններին և նոր ԸՕ-ի ընդունմանը: Փոխարենը հայտնի չէ, թե ինչո՞ւ, ի՞նչ պատճառաբանությամբ է Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրություններ ուզում հենց դեկտեմբերի սկզբին: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել, եթե ցանկանում ենք հասկանալ, թե ովքեր են «անիմաստ տվայտվողներն» այս դեպքում` ԱԺ դե ֆակտո մեծամասնությո՞ւնը, թե՞ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը, որոնց թվում էր, թե սահմանադրական օրենքը բերելու են ու շրխկալով անցկացնեն: Մանավանդ հիմա, երբ պարզվեց, որ, չնայած Արարատ Միրզոյանի հուսահատ ճիգերին` Վենետիկի հանձնաժողովն էլ դեմ է «ափալ-թափալ» ընտրություններին և ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հանգույն «չի հասկանում», թե ինչու պետք է լավ օրենքով լավ ընտրությունները տեղի ունենան օրենքն ընդունելուց մեկ ամիս անց:

Թերևս ճիշտ ժամանակն է արձանագրելու, որ, միով բանիվ, ոչ միայն ԱԺ-ն, այլև ողջ երկիրն է այս պահին դարձել «հեղափոխական իշխանության» տվայտանքների գերին: Կառավարությունը, ամեն ինչ թողած, լծվել է իր «կապրիզն» առաջ տանելու գործին, մինչդեռ դրա համար ոչ հիմք ունի, ոչ էլ, ինչպես տեսանք` ուժ: Տպավորություն կա, որ գործ ունենք կամակոր երեխաների հատուկ թեքումով մանկապարտեզի հետ: Ասա` ինչո՞ւ եք տվայտվում` ժողովրդին էլ ձեզ հետ «տվայտացնում»: Չեք կարո՞ղ սպասել, գարուն գա:

Էդիկ Անդրեասյան

hraparak.am