Պետությունը չի՛ կարող նման ուղերձներ հղել։ Զենքի հետ սեր ու հանդուրժողականություն խաղալը վտանգավոր է
Advertisement 1000 x 90

Պետությունը չի՛ կարող նման ուղերձներ հղել։ Զենքի հետ սեր ու հանդուրժողականություն խաղալը վտանգավոր է

Ռաֆայել Թեյմուրազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կառավարության առաջարկած համաներման նախագծով համաներումը տարածվում է նաև 2016-ին ՊՊԾ գունդը գրաված զինյալների վրա (բացառությամբ այն անձանց, որոնց գործողությունները հանգեցրել են մարդու մահվան)։ Գրոհայինների մեծ մասի խափանման միջոցն արդեն իսկ փոխվել է, իսկ սպանությունները «ջարդվել» են մի մարդու վրա (կարծեմ՝ Բիլյան էր ազգանունը), և այս նախագծով, փաստորեն բոլորը, այդ թվում՝ կազմակերպիչները և ղեկավարներն ազատվելու են պատժի կրումից։

Անկայուն վիճակի, իսկ նախկինում նաև հակահեղափոխության վտանգի պայմաններում ավելորդ գլխացավանքից խուսափելու համար զինված խմբի հետ կապված կառավարության կրավորական կեցվածքը գուցե հասկանալի է, բայց ըստ իս, համաներման այս ակտով կազմակերպիչներին ու ղեկավարներին պատժից ազատելու քայլը վտանգավոր ուղերձ է, և ապագայում անպայման փորձ է արվելու օգտագործել Հայաստանի դեմ ոտնձգություններ կազմակերպելու համար։

Ինչպես կառավարությունը տուրք չի տալիս հեղափոխական էյֆորիային ու մինչև վերջ հետևում է սահմանադրության տառին՝ արտահերթ ընտրության հարցը բացառապես օրինական ճանապարհով լուծելու համար, այնպես էլ պետությունը պետք է հստակ վերաբերմունք արտահայտի երկրի ներսում զենքով հարցեր լուծելու վերաբերյալ՝ անկախ նրանից, թե ի՛նչ իշխանություն է երկրում։

Վաղը, մյուս օրը, երբ սովորական կլինեն «Նիկոլ, հեռացիր» կարգախոսով ցույցերը, երբ Արցախի հարցում սրացումներ կլինեն, երբ ինչ-որ ուժերի (սովորաբար՝ արտաքին) պետք կլինի հարվածել Հայաստանին, կգտնվեն մարդիկ, որոնք այս օրինակով փորձելու են հակապետական դավադրության մղել հերթական անշառ Բիլյանին՝ ոգեշնչելով, որ «հանուն ազգի» երկրի ներսում կարելի է զենք վերցնել, ու դա ներվելու է։

Պետությունը չի՛ կարող նման ուղերձներ հղել։ Զենքի հետ սեր ու հանդուրժողականություն խաղալը վտանգավոր է։ Թվում է՝ պետք է լիներ հակառակը. խմբի շարքային անդամները, որոնք ոչ մի առնչություն չունեն կազմակերպման հետ, պետք է ազատվեին պատժի կրումից կամ մեղմ պատիժներ ստանային, իսկ կազմակերպիչները, անկախ նրանից, թե զինված ՊՊԾ գունդ էին մտել, թե ոչ, պետք է չներվեին։ Եվ դրա ուղերձը կլիներ այն, որ ե՛րբ էլ լինի, ո՛վ էլ լինի իշխանության, պետությունը չի՛ հանդուրժելու երկրում զենքով հարցեր լուծելը, ինչպես այսօր բացառապես Սահմանադրության (անգամ խայտառակ վատ Սահմանադրության) տառին հետևելն է ուղերձ ծառայում առ այն, որ ցանկացած քայլ, ինչ պայմաններում էլ լինի, պետք է օրինական լինի»։



Նման նյութեր