Ստեփան Դանիելյանի հրապարակումը.
«Խորհուրդ կտամ լսել Ալեքսանդր Աուզանի լեկցիաները։ Փայլուն լեկցիաներ են։ Այս լեկցիայի հիման վրա մի շարք հետաքրքիր մտքեր և եզրակացություններ է կարելի անել ներկայիս Հայաստանի վիճակի մասին։ Աուզանը պատմում է մի հետաքրքիր ուսումնասիրության մասին։ Պատերազմից հետո, երբ Գերմանիան պարտվել էր, ըստ անցկացված հարցումների գերմանացիների 90% միմյանց չէին վստահում, սակայն 50-ականներին արդեն մոտ 60% միմյանց արդեն վստահում էին։ Ըստ նրա, մի շարք երկրներում արված ուսումնասիրությունների հիման վրա, երկրի զարգացումը կապ ունի միմյանց նկատմամբ վստահության աստիճանով։
Վստահության ցուցիչներից է նաև պարիսպների առկայությունը և դրանց բարձրությունը։ Հայաստանում, մասնավորապես Երևանում համատարած պարիսպներ են և որքան ավելի «հաջողակ»չինովնիկ է, կամ գործարար, այնքան պարիսպները բարձր են, իսկ օրինակ Սկանդինավյան երկրներում պարիսպներ չկան։
Պարիսպը վիրավորական է համարվում և նման մարդկանց նորմալ միջավայրերից վռնդում են։ Դա միմյանց չվստահելու ցուցիչ է։ Եթե չկա վստահություն, չի կարող լինել նաև զարգացում և արդարություն։
Պարիսպների «ծով»-ը կարելի է տեսնել Մոնումենտում։ Սակայն այդ անվստահությունը նորմալ է ընկալվում նաև «հեղափոխական» Հայաստանում «հեղափոխականների» և նրանց պաշտպանների մոտ։ Կառավարության, Երևանի ավագանու և մյուս «հասարակական վայրերում» կատարված նշանակումներում առկա նեպոտիզմը (ծանոթ, բարեկամ, ընկեր), որը պաշտպանվում է «հեղափոխականների» կողմից այն պատճառաբանությամբ, որ «բա հո վստահության հարց ա, բա էլ ում վստահենք»։
Անվստահությունը նորմալ սոցիալական բնազդ ու քաղաքական մտածողություն է դարձել։ Դրա ամենավառ ու ամենաանընդունելի դրսևորումը Նիկոլի հարձակումն էր Ղափանի քաղաքապետի վրա, որը ՔՊ-ից չէր, այսինքն թիմից չէր, ծանոթ չէր, բարեկամ չէր։ Դա անվստահության արդեն պաշտոնական քաղաքականության դրսևորում է, արդեն պետական ծառայության ոլորտում (ընտրովի ու նշանակովի): Դա արդեն հոգեբանական պարիսպների կառուցման վատագույմ օրինակն է։
Փաստորեն պարիսպները ոչ թե քանդվում, այլ նոր պարիսպներ են կառուցվում, ու ավելի բարձր։ Դա փակ հասարակություններին բնորոշ մտածելակերպ է․ «մենք» ենք հաղթել, մենք էլ տիրելու ենք, մենք թիմ ենք, դուք ոչինչ եք։ Աուազանը մեկ այլ օրինակով ցույց է տալիս, թե ինչու ի տարբերության պարտված Գերմանիայի ու Ճապոնիայի, հաղթանակած Բրիտանիան փակվեց և զարգացման ցածր ցուցանիշներ էր դրսևորում։
Հիմնական պատճառներից էր 10-12 միլիոն անդամ ունեցող արհմիության գոյությունը, որն իր անդամների շահերը պաշտպանելով թույլ չէր տալիս երկիրը զարգանալ՝ խմբակային շահն ու մյուսների հանդեպ անվստահությունն էր պատճառը։ Գերմանիայում և Ճապոնիայում նման կառույցները՝ թայֆաները, օկուպացիոն վարչակարգը ոչնչացրել էր, ինչը հիմք դրեց այդ երկրների զարգացմանը։
Միայն Թետչերը կարողացավ քանդել այդ համակարգը։ Արհմիությունների կորիզը ածխահանքերի աշխատողների արհմիություն էր։ Թետչերը կարողացավ ապապետականացնել նման հիմնարկները, ինչը ուժեղ հարված էր արհմիություններիմ և միայն դրանից հետո Բրիտանիան սկսեց զարգացման արագ տեմպեր ցուցաբերել։
ՔՊ-ն սկսել է կրկնօրինակել ՀՀԿ-ին ու բաժանարար պարիսպներ կառուցել հասարակության մեջ, հիմնված «մենք» և «դուք»-ի վրա»: