Ստեփանակերտի նորակառույց եկեղեցու բակում ցարական բանակի զորամասի շինության սալահատակ է հայտնաբերվել
Advertisement 1000 x 90

Ստեփանակերտի նորակառույց եկեղեցու բակում ցարական բանակի զորամասի շինության սալահատակ է հայտնաբերվել

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու շինհրապարակում, բակի բարեկարգման աշխատանքների ժամանակ սալահատակ է բացվել, որը, ըստ նախնական տեղեկությունների, 19-րդ դարում այնտեղ տեղակայված ցարական բանակի զորամասին է պատկանում:

Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ հանձնարարել է Արցախի հանրապետության պատմական միջավայրի պահպանության ՊՈԱԿ-ին, որպեսզի անմիջապես զբաղվեն գտածոյով: «Ուսումնասիրության համար հրավիրել ենք Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ հնագետ Վարդգես Սաֆարյանին: Արցախի թեմի առաջնորդին Պարգև սրբազանի հետ էլ քննարկել ենք սալահատակի հետագա ճակատագիրը»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ սալահատակի հայտնաբերման վայրում տեղակայված զինվորական զորամասի շինություններն ավերվել են պատերազմական հրետակոծությունից: «Պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն կատարվի տեղում: Հարկ եղած դեպքում նաև սալահատակը կկոնսերվացվի և կպահպանվի նախկին ձևով»,-նշեց նախարարը:

Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ հնագետ Վարդգես Սաֆարյանը նշեց, որ սալահատակը կրաքարից է: «19-րդ դարի 80-ական թվականներին այդ տարածքում գործել է սկզբում կազակական, իսկ հետագայում Խորհրդային բանակի զորամաս: Տարածքի ուսումնասիրության հետևանքով պարզ է դարձել, որ զորամասն ունեցել է ոււղղանկյուն հատակագիծ, որը բաժանվում էր աղյուսաշար սյուներով և կամարներով»,-ընդգծեց Վարդգես Սաֆարյանը:

Նա վերահաստատեց նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի այն տեսակետը, որ հայտնաբերված սալահատակը տեղում պիտի պահպանվի: «Մնացած բարեկարգման աշխատանքները, որոնք հետագայում կարվեն, պետք է համապատասխանեցնեն դրան»,-ասաց հնագետը:

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու շինարարությունն ավարտական փուլում է, կատարվում են հարդարման աշխատանքներ: Ապրիլին նախատեսվում է եկեղեցու հանդիսավոր բացումը: