Սյունե Սևադայի հրապարակումը.
«Երեկ ուղիղ 12 րոպե լսել եմ, որ ընկերուհուս եղունգի շիլակը փչացել է, ու չգիտի հիմա ոնց ապրել, կյանքի ամենավատ օրն է։
Մյուս ընկերս էլ ավելի վատ վիճակում էր՝ չէր կողմնորոշվում աղջիկներից որ մեկի հետ քնի։ Ղուշ-գիր գցեցինք, վերջում ընտրեց երրորդ մեկին, որովհետև կրծքերն ավելի մեծ են, կոպեկի հերն էլ անիծած։
Ուրիշ ընկերուհիս մի հիվանդ հարաբերություններից սղղում-ընկնում է մյուսի մեջ։ Տրորում-անցնում են, հետը խաղում են։ Օգտագործում են։ Դավաճանում են, խլում են էմոցիաներ ու ֆինանս, կապեր, ինչ ունի։ Ու սա կրկնվելու է էնքան, մինչև ինքն իրեն չփոխի։ Ես նայում եմ, բայց արդեն չեմ ապրումակցում, որովհետև, ինչպես մի աղջիկ վերջերս հուշեց ինձ, եթե մեկը ինչ-որ իրավիճակ չի համարում խնդիր, և չի կարծում, որ հենց ինքը դա պիտի փոխի, կողքիններն անզոր են։ Ինձնից հասնում է մոտս անձեռոցիկ պահել՝ լիցքավորելով հեռախոսահամարս, որ զանգի-զռռա, հետո անձեռոցիկի մեջ զռռա։
Էսօր մեր բակը մի տատիկ էր ավլում, մեջքից կռացած, ձեռքը երիկամին դրած։ Մի պահ չդիմացավ, նստեց բորդյուրին։ Մեջքը մի քիչ տրորեց, գրպանից կոնֆետ հանեց, կերավ։ Դժվարությամբ բարձրացավ, շարունակեց աշխատել։
Ինձ մի աղջիկ էր գրել, չի կարողանում քայլել։ Ասում է՝ նկատե՞լ ես, որ քո կերպարներում մարդիկ շատ հաճախ են շարժման մեջ. կամ քայլում-վազում են, կամ ինչ-որ ուղղությամբ են շարժվում։ Չէի նկատել։ Ասում է՝ որովհետև կարողանում ես քայլել, քեզ համար դա մանրուք է, իսկ ես քո պատմվածքներում ամենաշատը էդ շարժն եմ սիրում։ Կուզեի քո կերպարը լինել, ինձ կքայլացնեիր։ Խոստացել եմ, որ իրեն կերպար կսարքեմ ու փողոցներով էնքան թրև կտամ, մինչև ոտքերը մրմռան։
Պապայի ընկեր Վարուժ ձյաձյան Սպիտակի երկրաշարժի տակ է թողել ամբողջ ընտանիքը՝ կնոջը, երեխաներին։ Մի քանի ամիս առաջ ասաց՝ տղայիս քառասուն ամյակին էի գնացել…Գերեզմանոց։ Տարիներ անց, շատ ուշ տարիքում ամուսնացել է էլի ամբողջ ընտանիքը կորցրած մի կնոջ հետ։ Աղջիկ են որդեգրել։ Դուստրը գիտի, որ որդեգրված է, շատ սիրում է իրենց։ Հանգստյան օրերին երկրով մեկ շրջում են։ Պապայի ծնունդին ամենաբարձրը Վարուժ ձյաձյան էր երգում։
Չեք մեռնի։ Ուզեք էլ՝ չեք մեռնի, մեռնելը հեշտ չի։ Ես ով եմ սա ասեմ, ասել է էն մարդը, որը հստակ գիտեր՝ ինչ էր ասում։
Ոչ էլ կխելագարվեք։ Խելագարվեք՝ դեղերով ուշքի կբերեն, հեչ դարդ չանեք։ Քարից պինդ ենք, կյանքներիդ վրա խաչ քաշելուց առաջ հիշեք, որ սա էլ կանցնի։ Ու ամեն ինչն էլ անցնում է, ու ամեն ինչի հետ էլ կարելի է ապրել, ու անգամ՝ ապրել լավ, եթե կյանքիդ վրա խաչ չքաշես։ Միշտ»։