Ընդամենը մի քանի տարի առաջ Facebook-ում էջի Like-եր հավաքելը խիստ կարևոր էր։ Ինչքան շատ լայքեր ուներ ձեր բիզնես էջը, այնքան շատ մարդ կտեսներ ձեր հրապարակումները, կարձագանքեր դրանց և գուցե կդառնար հաճախորդ։ Այս ամբողջ շղթան սկսվում էր ընդամենը էջը լայքելուց։ Սոց․ մեդիան՝ ի դեմս Facebook-ի, անընդհատ զարգանում և փոփոխովում է։ Ցուցանիշները, որոնք նախկինում մեծ կարևորություն ունեին, այժմ դառնում են բոլորովին երկրորդական։ Որպեսզի հասկանանք այս կամ այն ցուցանիշի կարևորությունը, պետք է հասկանանք, թե ինչ է այն տալիս մեզ։ Եվ այս ամենը հաշվի առնելով՝ արդյո՞ք Facebook-ում էջի Like-երը դեռևս կարևոր են։ Պատասխանն այսպիսին է․ «Ոչ այնքան, ինչքան նախկինում»։
Facebook-ի ալգորիթմի թարմացումները խեղդեցին Organic reach-ը (հրապարակումների չգովազդվող տարածումը)
Հավանաբար նկատել եք, որ գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում առանց գովազդի հասնել Ձեր թիրախային լսարանին։ Պատճառը հետևյալն է․ Facebook-ի լրահոսում մրցակցությունը գնալով ավելանում է։ Ինչքան շատ օգտվողներ և բիզնես էջեր են ավելանում աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցում, այնքան լրահոսը մեծանում է, իսկ այնտեղ բավարար դիտելիություն ստանալը՝ դժվարանում։ Facebook-ը ձգտում է յուրաքանչյուր օգտվողի լրահոսը մաքսիմալ հետաքրքիր դարձնել հենց նրա համար։
2018-ի տարեսկզբին Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ այդ պահից սկսած Ֆեյսբուքի ալգորիթմն առավել բարձր դիրք (ranking) է տալու մարդկանց անձնական շփումներին՝ փոխարենը էլ ավելի թուլացնելով բրենդավորված կոնտենտի դիրքերը։ Սա նշանակում է, որ բիզնես էջերից ավելի մեծ ջանքեր կպահանջվեն օրգանիկ տարածում ստանալու համար։
Ֆեյսբուքի ալգորիթմի և դրա աշխատանքի սկզբունքների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր ուղեցույցում, որտեղ կծանոթանաք նաև որոշ հնարքների, թե ինչպես քաղել մաքսիմալն օրգանիկ ճանապարհով։
Այսպիսով, եթե նախկինում մենք կարող էինք վստահ լինել, որ մեր էջը հավանած լսարանի գոնե որոշ մասը կտեսնի մեր հրապարակումները, ապա այժմ այդ խնդիրը գնալով բարդանում է։ Այժմ, նույնիսկ սեփական էջի հետևորդներին «հասնելու» համար անհրաժեշտ է գովազդ տեղադրել։
Ճիշտ թիրախավորած գովազդը դարձել է սոց․ մեդիա մարքեթինգի ամենաարդյունավետ գործիքը։ Հետևաբար այլևս իմաստ չունի ջանքեր և ռեսուրսներ ծախսել էջի Like-երի քանակն ավելացնելու վրա։ Դրա փոխարեն ավելի արդյունավետ կլինի հետևել ավելի կարևոր ցուցանիշների, ինչպիսիք են․ առանձին հրապարակումների ներգրավվածությունը, դիտելիությունը, նամակների և մեկնաբանությունների քանակը, կոնվերսիան և այլն (հետաքրքիր ցուցանիշների պակաս Ֆեյսբուքոււմ չկա)։
Էջը Like-ելը մեծ քայլ չէ
Նախկինում, որևէ էջի հրապարակումները մեկնաբանելու կամ դրանց հետ այլ գործողություններ անելու համար անհրաժեշտ էր նախ և առաջ հավանել տվյալ էջը։ Սակայն այժմ նման նախապայման չկա։ Դուք կարող եք հավանել, տարածել, մեկնաբանել ցանկացած էջի հրապարակում՝ նույնիսկ առանց մուտք գործելու տվյալ էջ։
Մարդիկ հավանում են որևէ էջ, եթե իրենց դուր է գալիս բովանդակությունը, որը հրապարակվում է տվյալ էջով։ Եթե նույնիսկ դուք հավաքել եք պոտենցիալ հաճախորդների մեծ լսարան, ովքեր հավանում են ձեր էջը, այնուամենայնիվ, երկրորդ անգամ նրանց հասնելու համար հավանաբար ստիպված կլինեք գումար ծախսել։
Հետևաբար դժվար է պնդել, թե պոտենցիալ հաճախորդի կողմից ձեր էջը հավանելը մեծ քայլ է։
Էջի լայքերի քանակը գրեթե չի կորելացվում եկամտի հետ
Համաձայն Social Samosa-ի ուսումնասիրության՝ բիզնես էջերը հավանած մարդկանց 1%-ից էլ պակաս մասն է հետագայում ակտիվորեն ներգրավվում տվյալ էջին։ Օրինակ՝ եթե ձեր բիզնես էջն ունի 20․000 հետևորդ, ապա նրանցից միայն մոտ 200-ը ակտիվորեն կարձագանքի ձեր հրապարակումներին։ Իհարկե այս թիվը կարող է փոփոխական լինել՝ կախված ոլորտից և էջի բովանդակության որակից։
Եկամուտը մեծացնելու համար անհրաժեշտ է ներդրում կատարել ոչ թե էջի հավանումների քանակի վրա, այլ այնպիսի գործոնների, ինչպիսիք են կայքի այցելությունները, բրենդի ճանաչելիությունը, գովազդային կոնտենտը, նամակագրությունները և այլն։
Որոշ դրական փաստարկներ
Էջի Like-երը, այսքան կորցնելով իրենց կարևորությունը, այնուամենայնիվ, դեռևս որոշակի արդյունավետություն ունեն։
- Բրենդի իմիջ․ որոշ, հատկապես խոշոր բրենդերի համար կարևոր է ունենալ հետևորդների ոչ քիչ բազա։ Նրանց համար սա նախ և առաջ բրենդային իմիջի հարց է։ Միգուցե նման մոտեցումը ոչ այնքան պրոֆեսիոնալ հնչի, սակայն անտեսել այն նույնպես հնարավոր չէ։ Էջի լայքերի քանակով իմիջ ստեղծելու հարց առաջանում է նաև ակտիվ մրցակցության ֆոնին։
Սակայն, ինչքան էլ կարևորություն տրվի այս հանգամանքին, հաշվի առնելով վերոնշյալ փաստարկները՝ չարժե մեծ ռեսուրսներ ծախսել էջի հավանումների վրա։ - Պոտենցիալ հաճախորդներին օրգանիկ հասանելիություն․ ինչպես նշեցինք՝ հրապարակումների օրգանիկ տարածումը գնալով փոքրանում է։ Սակայն սա չի նշանակում, թե այդ ցուցանիշը հավասարվել է 0-ի։ Եթե ձեզ հաջողվի հնարավորինս ճիշտ թիրախային լսարան հավաքել, ովքեր հետևում են ձեր բիզնես էջին, ապա որակյալ կոնտենտի օգնությամբ կկարողանաք հասնել նրանց որոշ մասին։
- Պոտենցիալ հաճախորդներին վճարված հասանելիություն․ եթե ձեզ հաջողվել է ստեղծել էջի հետևորդների բազա, ովքեր իսկապես հետաքրքրված են ձեր բրենդով, ապա հեշտությամբ կարող եք որպես գովազդի թիրախ ընտրել հենց նրանց։ Դա անելու համար անհրաժեշտ է գովազդ տեղադրելիս, Ad Set մակարդակի Audience հատվածում որպես Connection ընտրել People who like your Page, այնուհետև նշել էջը։
Ստեղծել նմանակ (Lookalike) լսարան․ Ads manager-ի Audiences հատվածում դուք կարող եք ստեղծել Lookalike լսարան` որպես հիմք ընտրելով ձեր էջի հետևորդներին։ Արդյունքում կստեղծվի նոր լսարան այնպիսի մարդկանց, ովքեր իրենց հետաքրքրություններով և թվային միջավայրում վարքագծով նման են ձեր էջի հետևորդներին։ Հետևաբար, եթե ձեր էջի լսարանը ճիշտ հավաքած լինի, դուք հեշտությամբ կկարողանաք ստեղծել պոտենցիալ հաճախորդների նոր լսարան։ Lookalike լսարաններին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում։
Հետևություններ․
- Չարժե՛ մեծ ռեսուսներ ծախսել էջի Like-երն ավելացնելու վրա։ Հետաքրքիր կոնտենտի և հրապարակումների ճիշտ թիրախավորած գովազդի դեպքում էջի հետևորդների թիվը ինքնաբերաբար կաճի։
- Չարժե՛ ձեռք բերել լսարան ունեցող էջեր, վերանվանել դրանք ձեր բիզնեսի անունով այնուհետև օգտագործել, կամ միավորել ձեր հիմնական էջին։ Այսպիսիով դուք կզրկվեք գովազդի թիրախավորման որոշ հնարավորություններից, որոնց արդյունավետության մակարդակը բավականին բարձր է։
- Չարժե՛ ներգրավել կեղծ լայքեր՝ նույն պատճառով, որը նշված է նախորդ կետում։
- Անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել թիրախային լսարանի հետ՝ փորձելով հնարավորինս ակտիվ պահել նրանց։
- Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կոնտենտի որակին։ Սրա օգնությամբ հնարավոր կլինի որոշ չափով մեծացնել հրապարակումների օրգանիկ տարածումը։ Ստեղծե՛ք միայն օգտակար և հետաքրքիր բովանդակություն։
- Անհրաժեշտ է համակերպվել այն մտքի հետ, որ Ֆեյսբուքում բիզնեսն առաջխաղացնելու համար ստիպված եք վճարել․ տեղադրել գովազդներ։ Ինչքան ճիշտ թիրախավորեք լսարանը, այնքան արդյունավետ կծախսվի ձեր գովազդային բյուջեն։
*Թվային մարքեթինգի վերաբերյալ օգտակար և հետաքրքիր տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով DMS-ի բլոգին և մեր էջերին Facebook-ում, YouTube-ում, LinkedIn-ում և Telegram-ում։