Հայաստանն ու հայերը՝ Առաջին համաշխարհային պատերազմում
Advertisement 1000 x 90

Հայաստանն ու հայերը՝ Առաջին համաշխարհային պատերազմում

Նոյեմբերի 11-ին աշխարհը նշում է Առաջին աշխարհամարտի ավարտի մեկդարյա տարելիցը, որի կապակցությամբ պաշտոնական արարողություններ են իրականացվելու Փարիզում՝ պատերազմի մասնակից երկրների ղեկավարների մասնակցությամբ: Այդ արյունալի պատերազմը համաշխարհային պատմության ամենալայնածավալ հակամարտություններից է հանդիսանում, որը տևել է 1568 օր, 1914 թվականի հուլիսի 28-ից մինչև 1918-ի նոյեմբերի 11-ը, և խլել մոտ 20 միլիոն մարդու կյանք: Ուղիղ հարյուր տարի առաջ, նոյեմբերի 11-ի վաղ առավոտյան, Փարիզի մերձակայքում գտնվող Կոմպիենի անտառում կնքվեց հաշտության պայմանագիր, մի կողմից հաղթանակած Անտանտի դաշնակից պետությունների՝ այդ թվում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, և մյուս կողմից՝ պարտված Գերմանիայի միջև, որով վերջ դրվեց բոլոր պատերազմական գործողություններին՝ նույն օրն առավոտյան ժամը 11-ից սկսած:

Առաջին աշխարհամարտին իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև հայ ժողովուրդը՝ մեր պատմության այդ կարևոր փաստը խորհրդային տարիներին մշտապես փակի տակ էր գտնվում: Հարյուր հազարավոր հայ մարտիկներ ողջ Եվրոպայով մեկ ներգրավված են եղել Անտանտի երկրների (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան) կոալիցիայի կազմում պատերազմական գործողություններին, որը պայքարում էր Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան Թուրքիայի եռամիության դաշնակցության երկրների դեմ: Միաժամանակ Հարավային Կովկասում՝ պատերազմի հենց առաջին օրերից հայ ժողովուրդը ոչ իր կամքով ստիպված եղավ ներքաշվել ռուս-թուրքական՝ իր բնույթով երկկողմանի զավթողական պատերազմին: Հայերի մասնակցությունը պատերազմում զուգորդվեց և՛ մեծագույն ազգային ողբերգությամբ, և՛ փառապանց հաղթանակներով:

Ռուսական կանոնավոր բանակի կազմում ստեղծվեցին հայկական կամավորական ջոկատներ՝ հայկական կողմը նրանց հիմնական նպատակն էր համարում Արևմտյան Հայաստանի բնակչության անվտանգության հնարավորինս ապահովումը: Սակայն պատերազմի վճռական պահին, 1915 թվականի մայիսից սկսած, Կովկասյան ռազմաճակատից ռուսական զորքերի չպատճառաբանված և անսպասելի նահանջի արդյունքում, տեղի ունեցավ անդառնալին՝ Օսմանյան Թուրքիայի հանցավոր կառավարությունը, օգտվելով հարմար առիթից, մի քանի ամիսների ընթացքում իրականացրեց Արևմտյան Հայաստանի և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքների հայ ազգաբնակչության տեղահանությունն ու զանգվածային ոչնչացումը: Այդ սարսափելի ոճրագործությունը քաղաքակիրթ աշխարհը հիմա ճանաչում է որպես հայ ժողովրդի ցեղասպանություն՝ գենոցիդ: Չնայած անելանելի վիճակին՝ հայկական ինքնապաշտպանական ուժերը կարողացան դիմադրել թուրք ջարդարարներին, որոնցից ամենահայտնին Վանի փառահեղ հերոսամարտն էր՝ որի արդյունքում մոտ երեք ամիս Վանի շրջանում կարողացավ գոյատևել Վանի հայկական ինքավարությունը:

1917 թվականի վերջին մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումով հնարավորություն ընձեռվեց ստեղծել Անդկովկասի ինքնավար ֆեդերացիան: 1918-ի առաջին ամիսներին հայկական զորաբանակը ծանր մարտեր էր մղում Արևմտյան Հայաստանում՝ Երզնկայում և Էրզրումում, փորձելով կանգնեցնել թուրքական կանոնավոր բանակի հարձակումը, իսկ 1918-ի Ղարաքիլիսիայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մայիսյան հերոսամարտերի արդյունքում Հայաստանը կերտեց վերջապես իր այդքան սպասված անկախությունը, մեծ և ինքնուրույն քայլ անելով՝ քաղաքակիրթ աշխարհի մասնիկը դառնալու դժվարին ճանապարհին:

Ներկայացնենք մի ուշագրավ մեջբերում՝ 1901-1909 թթ. ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի 1918 թվականի մայիսի 11-ով թվագրված նամակից մի հատված. «Հայոց ջարդը` (1-ին համաշխարհային) պատերազմի ամենամեծ ոճիրը հանդիսացավ, և Թուրքիայի դեմ հակազդեցության բացակայությունը` հոմանիշն էր այդ քայլի արտոնության… Թուրքական սարսափների դեմ արմատական միջոցներին չդիմելու փաստը՝ համաշխարհային խաղաղության մասին ապագայի բոլոր ճառերը դարձնում են իմաստազուրկ անմտություն»։

Առաջին աշխարհամարտի ավարտը Հայաստանը դիմավորեց արդեն որպես եվրոպական հաղթնակած պետությունների՝ Անտանտի դաշինքի ճամբարին միացած պետություն: Պատերազմից հետո Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայիս Եվրամիության նախատիպը) ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի սահմանզատմանը: 1919-ի ապրիլին Մեծ Բրիտանիայի ջանքերով Հայաստանի Հանրապետությունը հաստատեց իր գերիշխանությունը նախ Կարսի մարզի վրա, այնուհետև նաև՝ Նախիջևանի երկրամասի: 1920 թվականի հունվարին Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն և նրա պետական սահմանները Օսմանյան Թուրքիայի հետ՝ ներառելով Երևանի նահանգը, Կարսի մարզը և Նախիջևանի երկրամասը:

Զուգահեռաբար անկախ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը իր մասնակցությունն էր ունենում Փարիզի հաշտության կոնֆերանսին, որի արդյունքը դարձավ 1920 թվականի օգոստոսին Փարիզի արվարձանում ստորագրված Սևրի հաշտության պայմանագիրը, որով փաստացի ճանաչվեց Արևմտյան Հայաստանի մարզերի միացումը արդեն գոյություն ունեցող պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը: Ուշագրավ է, որ Սևրում կնքված պայմանագիրը Հայաստանը ստորագրեց Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների հետ միասին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն)՝ որպես հավասարը՝ հավասարի հետ:

Այս ամենից հետո պետք է ցավով նշել, որ այսօրվա Հայաստանում չկա և ոչ մի հուշարձան, որը կարող էր հիշեցնել ապագա սերունդներին Առաջին աշխարհամարտում միաժամանակ կրած և մեր բազում կորուստների, և մեր կերտած հաղթանակների մասին: Կարծում ենք, որ 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի նահատակներին և հերոսներին հիշատակող նմանատիպի կոթողի կանգնեցումը մայրաքաղաք Երևանում՝ ուղղակի մեր ազգային արժանապատվության հարցը պետք է հանդիսանա:

Ռուբեն Շուխյան



Նման նյութեր