Instagram-ը շարունակում է մեծ արագությամբ աճել ամբողջ աշխարհում։ Սոցիալական ցանցի օրական ակտիվ օգտվողների թիվն արդեն գերազանցում է 870 միլիոնը։ Հայաստանում այդ թիվն արդեն հասել է մոտ 650 հազարի։
Instagram-ը շատ արագ դարձավ պարարտ հող թե՛ բիզնեսի առաջխաղացման և թե՛ Influencer marketing-ի համար: Ինչպես ցույց է տալիս Socialbakers-ի ուսումնասիրությունը՝ բիզնես էջերին լսարանի ներգրավվածության (Engagement) մակարդակով Instagram-ը գերազանցում է Facebook-ին, չնայած վերջինիս ակտիվ լսարանը շատ ավելի մեծ է։
Եթե Facebook-ում էջի հետևորդների թիվն արդեն այնքան էլ մեծ դեր չունի, ապա Instagram-ում հրապարակումներն ու սթորիները դեռևս շարունակում են բավականին մեծ օրգանիկ դիտելիություն ստանալ։ Հետևաբար Instagram-ում բիզնեսները և Influencer-ները մեծ ուշադրություն են դարձնում էջի Follower-ների քանակին։
Այս ֆոնին շատ Influencer-ներ, նպատակ ունենալով մոլորեցնել իրենց գործընկերներին, արհեստականորեն մեծացնում են հետևորդների թիվը՝ օգտվելով կողմնակի ծրագրերից։ Այս խնդիրն ակտուալ է նաև Հայաստանում։
Իհարկե կան տարբեր գործիքներ, որոնք, թեև ոչ 100% ճշգրտությամբ, բայց կարողանում են գնահատել, թե Instagram-ի տվյալ էջի լսարանի որ մասն է իրական։ Այդպիսի գործիքներից է Fakelikes․info-ն, որը գնահատում է թե՛ ընդհանուր էջի հետևորդների իսկությունը և թե՛ առանձին հրապարակումների հավանումներինը։
Եվ այսպես՝ լավ լուր նրանց համար, ովքեր մշտապես ցանկացել են օգտվել Influencer-ների ծառայություններից, սակայն վստահ չեն եղել՝ արդյո՞ք նրանց լսարանն իրական է, թե ոչ։ Չէ՞ որ լսարանի «որակից» է կախված նաև համագործակցության արժեքը։
Instagram-ը նոյեմբերի 19-ին հայտարարեց, որ սկսում է պայքարել հետևորդների արհեստական ավելացման դեմ։
Հայտարարության մեջ նշված է, որ հրապարակման պահից սկսած Instagram-ը կսկսի ջնջել կողմնակի ծրագրերի օգնությամբ ավելացված լայքերը՝ դատապարտելով նման վարքագիծը։ Նման եղանակներով հետևորդներ ներգրավելը հակասում է Համայնքի ուղեցույցներին և Օգտագործման կանոններին։
Նմանատիպ հաշիվները կստանան ծանուցում այն մասին, որ Instagram-ը ջնջել է իրենց արհեստական հավանումներն ու մեկնաբանությունները։ Դրանից բացի կառաջարկվի փոխել էջի գաղտնաբառը՝ հետագա ռիսկերից խուսափելու համար։
Սա լինելու է շարունակական գործընթաց, ուստի հետագայում նույնպես Instagram-ը կկանխի կողմնակի ծրագրերի օգնությամբ հետևորդների քանակի ավելացումը։
Նշենք նաև, որ նախկինում նույնպես Instagram-ը քայլեր ձեռնարկում էր Fake հաշիվները կանխելու համար․ սա հերթական քայլն է այդ ուղղությամբ։
Մեզ մնում է հերթական անգամ խորհուրդ տալ խուսափել սոց․ մեդիայում զարտուղի ճանապարհներով արդյունքի հասնելու փորձերից։ Դրանք վաղ թե ուշ կվնասեն հենց ձեզ։