Նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալութան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով հանձնաժողովն իր 13-րդ նստաշրջանում գրանցել է «յալլի» պարը որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Այն գրանցվել է հետևյալ անվանումով՝ «Յալլի (քոչարի, թենզերե), Նախիջևանի ավանդական խմբային պարեր»։
Այս իրադարձությունը մեծ արձագանք ստացավ Հայաստանում։ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը, մասնավորապես, քննադատեց ներկա և նախկին մշակույթի նախարարներին, որ այդպիսի բան են թույլ տվել։ Երևանի ավագանու ԲՀԿ անդամ և նախկինում Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդական Արման Աբովյանն էլ, իր հերթին, հարցը բերեց հուզական դաշտ․ «Սրանից հետո, երբ հպարտ հայացքով նայելու եք հայկական «Քոչարի» պարը, հիշե՛ք մի բան, որ դա թուղթ-բարաթով միջազգային հանրությունը կարող է ընդունի որպես ադրբեջանական պար»։
Փորձենք, սակայն, խոսել փաստերով։ Նախ, պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը։ Դա տարբեր երկրների՝ մշակութային արժեք հանդիսացող բազմազան երևույթների և օբյեկտների ցուցակ է։ Որպես կանոն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն զերծ է մնում որևէ մշակութային արժեքի ազգային պատկանելիության սահմանումներից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդամենը ցուցակագրում է անդամ-պետությունների կողմից ներկայացված ժառանգությունները։ Հայասատանից, օրինակ, ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում են գտնվում՝
- «Դուդուկը և իր երաժշտությունը» (2008)
- «Հայկական խաչքարերի արվեստը» (2010)
- «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012)
- «Լավաշը՝ պատրաստումը, նշանակությունը, և ավանդական հացի տեսքը որպես մշակույթի դրսևորում Հայաստանում» (2014)
- «Քոչարի՝ ավանդական խմբային պարը» (2017)
Ինչպես տեսնում ենք, դեռ անցած տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն քոչարին գրանցել էր որպես «հայկական» ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Աբովյանի հուզական խոսքերը, հատկապես այս համատեքստում, ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ են կրում։ Այն, որ քոչարին, ավելի ճիշտ՝ յալլին (շուրջպարը, որի տեսակներ են նաև քոչարին և թանզարան), գրանցվել է որպես Նախիջևանի ավանդական խմբային պար, չի նշանակում, որ այն «ադրբեջանականացավ» կամ օտարների աչքերում դարձավ ոչ հայկական։ Հատկանշական է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած տեքստում ոչ մի բառ չկա յալլիի՝ «ադրբեջանական» լինելու մասին։
Եվ վերջում, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մի շարք դեպքերում նույն կամ գրեթե նույն ոչ նյութական մշակութային ժառանգությունը գրանցել է մի քանի երկրներից։ Օրինակ, չովգան ձիերով խաղը փաստացի երկու անգամ է գրանցվել ցուցակում, և՛ որպես Ադրբեջանի, և՛ որպես Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգություն՝ այդ երկրների առաջարկություններով։ Քյամանչայի արվեստը նույնպես գրանցվել է որպես միաժամանակ Ադրբեջանի և Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Լավաշն էլ, իր հերթին, գրանցված է Հայաստանի առաջարկությամբ, բայց նաևԱդրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի առաջարկություններով։
Հովհաննես Նազարեթյան