Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չէին. ի՞նչ դասեր քաղեցինք 1988-ի ողբերգությունից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չէին. ի՞նչ դասեր քաղեցինք 1988-ի ողբերգությունից. armeniasputnik.am

Երկրաշարժի ավերածությունները նաև բնակիչների պատճառով են եղել։ «Երկրաշարժն ականատեսի աչքերով» նախագծի շրջանակում զրուցել ենք Երկրաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հետ։

Սպիտակի երկրաշարժը հսկայական դեր խաղաց Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ պաշտպանության համակարգի զարգացման և սեյսմիկ անվտանգության ապահովման գործընթացներում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Երկրաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը:

«Առանց Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքների պատճառների ու դասերի հաշվառման` սեյսմապաշտպանական ոչ մի խնդիր այսօր չի լուծվում: Փաստորեն Հայաստանում սեյսմիկ անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը համակարգվեց աղետից հետո, երբ ԽՍՀՄ-ի և հայ մասնագետները 1989 թվականին կազմեցին հանրապետության տարածքի ընդհանուր սեյսմիկ շրջանցման նոր սխեման»,- ասաց Նազարեթյանը:

Մինչև 88-ի երկրաշարժը շենքերը կառուցվում էին 7-8 բալին համապատասխան, 1994 թվականից չափորոշիչները փոխվեցին և դարձան 8-9 բալ, իսկ 2017 թվականին նոր քարտեզի հիման վրա շենքերը սկսեցին կառուցվել 9 և 10 բալին համապատասխան։ ՀՀ ամբողջ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացվեց, քանի որ ավերիչ հետևանքների պատճառներից մեկը սեյսմիկ վտանգի թերագնահատումն էր: Հետագայում ստեղծվեց ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որը նոր մակարդակի հասցրեց հանրապետության սեյսմիկ անվտանգությունը:

Սերգեյ Նազարեթյան

Նազարեթյանի խոսքով` Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չէին:

«Կային լուրջ բացթողումներ սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում, հատկապես ՝ ՀՀ տարածքի մեծ մասի վտանգի  թերագնահատում, բազմաբնակարան շենքերի նախագծման, շինարարության և շահագործման ժամանակ թույլ տրված կոպիտ սխալներ և աղետի կառավարման,  այդ թվում արագ արձագանքման ցածր պատրաստվածություն և այլ բացթողումներ, հատկապես` աղետի առաջին օրերին, երբ մեծ էր մարդկային ու նյութական կորուստները նվազեցնելու անհրաժեշտությունը»,- ասաց նա:

Մասնագետի կարծիքով`պետք չէ մեղքը բարդել միայն շինարարների վրա. արդյունքներից պարզ դարձավ, որ փլուզման պատճառների հարցում մեծ դեր էին խաղացել նաև բնակիչների միջամտությունները՝ շենքերում ապօրինի ձևափոխումները:

«Մարդիկ քարե շենքերում անհավանական փոփոխություններ էին արել՝ փորել էին հիմքերից ցածր նկուղներ, հիմնական կրող պատեր քանդելով`դուռ կամ պատուհան էին բացել, կտրել էին կրող սյուները և այլն: Նման ինքնագործունեությունից հետո շենքերը դարձել էին խոցելի զգայուն ցնցումների նկատմամբ, ուր մնաց` հզոր երկրաշարժի դիմանային»,- ասաց նա:

Նազարեթյանը հերքեց այն պնդումը, թե 1988թ-ի երկրաշարժը կանխատեսել էին։ Նրա խոսքով` աղետը վրա էր հասել հանկարծակի, և երկրաշարժի առաջին օրերին շատերին չկարողացան փրկել անհրաժեշտ գործիքների և փրկարարների բացակայության պատճառով:

Միայն երրորդ օրը 900-ից ավելի պրոֆեսիոնալ փրկարարներ ժամանեցին տարբեր երկրներից: Մինչ այդ մարդիկ մերկ ձեռքերով փորձում էին մաքրել փլատակները` սովորական սղոցով կտրելով ամրանները: Միայն առաջին օրը բնակիչների ջանքերով 20.000 մարդու հանեցին փլատակների տակից: Ի դեպ, Գյումրիում աղետից հետո նույնիսկ 13-րդ օրը փրկարարները ողջ մնացած մարդ են գտել փլատակներ տակ:

Ըստ  տվյալների` 1988 թվականի երկրաշարժի հետևանքով այն շենքերն են ստացել նկատելի վնասվածքներ, որոնք եղել են 7 բալից բարձր ուժգնության գոտում: Մասշտաբային ավերումները եղել են 8-9 բալ ուժգնության հետևանքով, 9 բալի հետևանքով ավերվել է շինությունների 50 տոկոսը և ավելին, իսկ 10-ի դեպքում` 100 տոկոսը: Հատկապես ցածր  սեյսմակայունության պատճառով երկրաշարժի նույն ուժգնության գոտում խիստ վնասվել են բազմաբնակարան շենքերը:

Նույնիսկ 9 բալ ուժգնության գոտում համեմատաբար քիչ են վնասվել քարե, 1-2-հարկանի, բետոնե առանձնատները։ Լենինականի առանձնատներում մահացան 400 մարդ, իսկ փլուզված 4-9-հարկանի 147 բազմաբնակարան շենքերում`մոտ 8600: Իսկ քաղաքի զոհերի ընդհանուր թիվը հասավ 17 հազարի:

armeniasputnik.am