2011 թվականին մեր համալսարանի ռեկտոր նշանակվեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը
Պարոն Աթոյանի կողմից մեր բուհի ղեկավարումը ստանձնելը զուգորդվեց ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին նախապատրաստվելու փուլի հետ և առաջին իսկ ինքնավերլուծությունն ու միջազգային փորձագետների կարծիքներն այնքան էլ հուսադրող չէին: Նույն 2011-ին Հայաստանի բուհական համակարգն իր կաշվի վրա զգաց հանրակրթության բնագավառում կատարված փոփոխությունների արդյունքը, երբ բուհերի գրեթե բոլոր առաջին կուրսերի կրթական տեղերը թափուր մնացին:
Մենք տնտեսագետներ ենք և ամեն ինչ չոր հաշվարկ է սիրում:
2011 թվականին ՀՊՏՀ բակալավրիատ ընդունվել են 1048-ով պակաս ուսանողներ, իսկ ՀՊՏՀ (բակալավրիատի և մագիստրատուրայի հանրագումարով) 423-ով պակաս ուսանող է ընդունվել: Առաջին իսկ տարում համալսարանի ժամաքանակը կրճատվեց 26.8 հազար ժամով, ինչը հավասարազոր էր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի 10%-ի ծանրաբեռնվածությանը: Ես համալսարան աշխատանքի ընդունվել եմ 2007 թվականից: Համալսարանում եմ 1998 թվականից: Գրեթե բոլորը կհիշեն համալսարանի անմխիթար վիճակը: Յուղաներկով ու պաբելկայով ներկված պատեր, պոկված մանրահատակ, հնամաշ գույք, հին համակարգիչներ, որոնցից շատերի օպերատիվ հիշողությունն ավելի փոքր էր քան մեր սմարթ հեռախոսներինը, ամեն ֆակուլտետում 1-2 պրոեկտոր: Մեր ֆակուլտետում երկրորդը մեր ամբիոնում էր, այն էլ ես էի նվիրել ամբիոնին:Այդ հավելյալ պրոեկտորի համար պետական պաշտպանությունների գրաֆիկն այնպես էին կազմում, որ ազատ լինի, կարողանան լուսապատկերներով պաշտպանություն իրականացնել: Համալսարանը չուներ հետազոտտություններ /որոնց հատկացվող բյուջեն 4-8 մլն դրամ էր, այն էլ գիտպետկոմի ֆինանսավորումից/, համալսարանն ուներ գրեթե 0 միջազգայնացման ցուցանիշ, համալսարանը 58 մասնագիտություններով ու մասնագիտացումներով իրականացնում էր իրար պարզ կրկնող ծրագրեր՝ առանց համապատասխան կրթական ծրագրերի… Այս ամենն ի դեպ ոչ միայն արձանագրված է, հավատարմագրման փորձագետների կողմից, այլև բացասական կամ ոչ հուսադրող գնահատականներ է ստացել և իրավիճակը շտկելուն միտված առաջին գործողությունների ծրագիրը մշակել, քանի որ տնտեսագիտական համալսարանը, որտեղ մեծաքանակ կառավարման ամբիոն էր առկա իրեն չէր էլ ծանրաբեռնել ռազմավարություն ունենալ:
Մոտավորապես Արտավազդի իրավիճակն էր, ով Արտաշեսից հետո հարցնում էր. ավերակածս ի՞նչ թագավորեմ: Այդ էր պատճառը, որ գրեթե բոլորը, հատկապես այն կաշառակերներն ում բուհի ղեկը ստանձնելու մուրազը փորում էր մնացել հուսով էին, որ պարոն Աթոյանը շատ շուտով տապալվելու է: Այդ տապալմանը օր ու գիշեր նպաստել են ինչպես ներսից /խարդավանքների ակումբի անփոփոխ ղեկավարի գլխավորությամբ/, այնպես էլ դրսից՝ հանրապետական նախարարի միջոցով, կտակի ռեյտինգներում համալսարանի վարկանիշը նվազեցնելով, այդքան փայլուն մշակված ու իրականացված ՛՛Տարոն օպերացիայով՛՛, կուսակցությունից պարտադրվող նշանակումներով, պարոն Աթոյանի նշանակումների /հատկապես ընդդիմադիր հայացքներով աշխատակիցների/ առնչությամբ վերևներում աղմուկ բարձրացնելով, տարբեր մակարդակի գրչակների օրնիբուն բանսարկությունները մաս մեդիայում հրապարակայնացնելով, բամբասանքներ տարածելով, գիտխորհրդում կայացվելիք որոշումները տապալելու փորձերով… Բայց պարոն Աթոյանն այն մարդը, մտավորականն ու ղեկավարը չէր ով կընկրկեր այս ամենի առաջ: Դա ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ինչպես համալսարանական, այնպես էլ սկսած 2013 թվականից նրա անմիջական ղեկավարությամբ աշխատած ստորաբաժանման ղեկավար:
Ի՞նչ ունենք 2018-ին:
Ունենք առողջության ապահովագրության ներդրված համակարգ, երիտասարդ աշխատողների և ուսանողների սոցիալական խրախուսման կայացած համակարգ, գիտության զարգացման ուղղությամբ իր հասույթի 3%-ը տրամադրող համալսարան, հետազոտության բաղադրիչով բացասական գնահատական ունեցող համալսարան, որի հետազոտական կենտրոնը կարող է հպարտանալ, որ ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոնի հետ միակն է, որ իբրև համալսարանական ուղեղային կենտրոն ներառված է միջազգային վարկանիշում, ինչպես նաև ԱԺ-ի, կառավարության, նախարարությունների և հետ համագործակցության փորձառություն ունի և հանդիսանում է Անվտանգության խորհրդի գործընկերը: Ունենք ամբողջությամբ բարեկարգ և թարմացված կրթական ենթակառուցվածքներ, դրան զուգահեռ ունենք կենսաթոշակային բարեփոխմամբ աշխատողների կրելիք վնասը աշխատավարձի բարձրացմամբ փոխհատուցած, հարկային օրենսգրքի փոփոխություններով աշխատակիցների կրելիք վնասը առանձին պարգևավճարով փոխհատուցած, տարեկան երկու անգամ 100%-ով և երկու անգամ էլ 50%-ով աշխատակիցներին խրախուսման համակարգ ունեցող համալսարան /հիշում եմ 2007-2008 թվականներին բոլորին ասում էին շինարարություն ենք անում դրա համար էլ աշխատավարձ չենք բարձրացնում, իսկ երբ պարգևավճարը 60%-ի մոտ էր լինում լուրն ասողը կարծես մի լավ աչքալուսանք էր անում/:
Մենք այն եզակի համալսարաններից մեկն ենք, որը բակալավրիատում կրթությունն իրականացնում է միջազգային առաջատար բուհերի կրթական գործունեության և կրթական ծրագրերի բենչմարքինգի ու կրթության շահառուների հարցումների արդյունքների վրա կառուցված կրթական ծրագրերով: Ունենք աշխատաշուկան մոնիթորինգի ենթարկող համալսարան: Ունենք համալսարան, որն իր մեջ կամք և խիզախություն է գտել տարիներ շարունակ դժգոհողների մեդիաճնշումների ներքո հետևողականորեն դադարեցնել աշխատաշուկայում ոչ պիտանի մասնագիտություններով կրթություն իրականացնելու պրակտիկան: Ունենք համալսարան, որի միջազգայնացման պրակտիկան օրինակելի է և որն առաջատարներից է ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջազգային փոխանակման ուղղությամբ: Ունենք արտերկրի բուհերի հետ համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող համալսարան: Ունենք համալսարան, որը, չնայած տարբեր գրչակների կողմից տարածվող լուրերի՝ ուսանող-վարչական անձնակազմ, ուսանող-ՊԴԿ, ՊԴԿ-վարչական անձնակազմ հարաբերակցություններով մի քանի անգամ լավ դիրքեր ունի քան միջին բուհական հարաբերակցությունը մեր երկրում: Մենք ունենք հետևողականորեն երիտասարդացող համալսարան: Մենք ունենք կոռուպցիայից զերծ ու կաշառակերներին առանց վախի աշխատանքից ազատող համալսարան:
Ցավոք մենք ունենք նաև բարեփոխումներից դժգոհ մնացած ու մնացող, տարբեր լրատվամիջոցներով համալսարանի ռեկտորի կամ այլ աշխատակիցների դեմ բանսարկություններ պատվիրող, համալսարանի շուրջ ստեղծվող աղմուկից հոգեխանգարմունքի հասնելու աստիճան երջանկացող աշխատակիցներ ունեցող համալսարան:
Մեր նոր ռեկտորն արդեն իր վրա զգացել և ցավում եմ, որ շարունակելու է զգալ այդ բանսարկությունների ազդեցությունը: Դրանում չեմ էլ կասկածում, քանի որ ինչպես կուզիկին, այնպես էլ բանսարկություն ու մատնագրեր գրողներին միայն գերեզմանն է ուղղում:
Ես որպես համալսարանական իսկապես շնորհակալ եմ պարոն Աթոյանին այն անուրանալի նվիրման համար, որով նա նվիրվել է մեր համալսարանին: Չնայած շատերիս անտարբերությանը, չնայած իրավիճակներին, երբ մեր օգնության կարիքն ունենալով առանց այդ օգնության է մնացել, չնայած դրսի ու ներսի ճնշումներին ամենօրյա անբասիր աշխատանքով շարունակել է հետևողականորեն զարգացնել մեր բուհը՝ սրտանց ուրախանալով մեզնից յուրաքանչյուրիս փոքրիկ հաջողություններով անգամ: Ես շնորհակալ եմ, որ պարոն Աթոյանն այսքան տարիներ ՛՛դիմացել է՛՛ մեզ, մեր ներքին վեճերին, երբեմն փոխադարձ անհանդուրժողականությանը և միշտ կարողացել է համալսարանը պահել հավասարակշռության և զարգացման ընթացքից չշեղվելու իրավիճակում:
Այս ամենը չէի գրի, եթե պարոն Աթոյանը հրաժարական չտար: Չէի գրի, քանի որ, սովորության համաձայն կկանչեր ու սուր խոսքիս համար մի լավ կնախատեր: Այսուհետ գրելու և արտահայտվելու առումով էլ զսպողը չկա ու թող քնֆեշններով, հրապարակներով, ժողովուրդներով, թերթ էյէմ-ներով ու այլ մեդիառեսուրսներով բանսարկություններ պատվիրող /նրանց ներկայացմամբ համալսարանից իրենց աղբյուրները/ նախկին ու ներկա որոշ ընկերներ մի լավ պատրաստվեն: