Նախարարությունների միավորումը արհեստական չպետք է լինի, հիմա տպավորություն է, որն միավորում են գումար խնայելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը` անդրադառնալով մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների օպտիմալացմանը և Կրթության և գիտության նախարարությանը միավորելուն:
«Նախարարությունների միավորման ձևն է շատ կարևոր, ես շատ կուզենայի, որ հասարակությանը բացատրություն ներկայացվեր, ասեին, թե 7 ամիս կառավարելուց հետո տեսանք, որ այս կառույցները պետք է միավորվեն, ոլորտները զարգացնելու համար ճիշտ ձևը սա է: Ես շատ եմ ուզում, որ նոր իշխանությունը երկխոսի հասարակության հետ, փորձի նաև հանրային քննարկում անել, այս հարցի շուրջ ոչ մի քննարկում տեղի չի ունեցել»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով նրան, որ այսուհետև 3 նախարարություններ են միավորված լինելու Կրթության և գիտության նախարարությունում՝ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ բացասական կողմերից մեկն այն է, թե ինչպես են գնահատվելու գերակա խնդիրները:
«Շատ հաճախ ասում են, որ զարգացած երկրներում նախարարությունների թիվը ավելի քիչ է, ինչո՞ւ պետք է աղքատ երկրում շատ լինի, բայց խնդիրն այն է, որ զարգացած երկրներում ինստիտուտներն այնքան լավ են աշխատում, որ նախարարությունների կարիքը չկա, այդ երկրներում նախարարություններն իրականացնում են ֆորմալ բաներ, իսկ ՀՀ-ում ինստիտուտները նորմալ չեն աշխատում: Դրա համար նախարարությունները պետք է համակարգը աշխատացնեն, հասցնեն ինչ-որ հանգրվանի, նոր մտածել օպտիմալացումների մասին:
Չի ներկայացվում, թե այս ճանապարհով ինչ նպատակի ենք ուզում հասնել, եթե ասվի, որ այուհետև փորձելու ենք մշակույթի մեջ կրթության բաղադրիչը մեծացնել, երիտասարդությունն ու սպորտը ավելի կրթականին մերձեցնել և այլն միգուցե մենք հասկանանք, բայց ոչ մի բովանադակային բացատրություն չի տրվում»,-շեշտեց նա` հավելով, որ միավորման դրական կողմն էլ կարող է լինել այն, որ միջգերտեսչական քաշքշուկները ավելի քիչ կլինեն պայմանավորված նախարարների հնարավոր տարաձայնություններից:
Փորձագետի խոսքով ` առանց այն էլ նշված ոլորտներում կուտակված խնդիրները շատ են, նախարարը կարող է չհասցնել դրանց խորքային տիրապետել և լուծումներ տալ:
Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։
Փոփոխությունների համաձայն՝ լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։