ՀՀ փաստաբանների պալատի մի շարք անդամներ որոշել են ստեղծել մասնագիտական գործունեության ազատության ապահովման հարցով զբաղվող նախաձեռնող խումբ, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետին և իրավապահ մարմիններին դիմել կոչով, որպեսզի ձեռնարկվեն փաստաբանների գործունեության խոչընդոտների վերացմանն ուղղված քայլեր։ Որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում հունվարի 14-ին կայացած փաստաբանների ակումբի նիստում, վերջին շրջանում նրանց նկատմամբ վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցի քննարկումների արդյունքում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, քննարկմանը ելույթ են ունեցել նախաձեռնող խմբի և պալատի անդամ փաստաբաններ՝ ներկայացնելով հարցի շուրջ իրենց դիրքորոշումները և առաջարկությունները:
Ըստ փաստաբանների ակումբի կայացրած որոշումների՝ կընդլայնվի փաստաբանների արագ արձագանքման խումբը՝ կամավորության սկզբունքով ներգրավելով նոր փաստաբանների։
ՀՀ վարչապետին ուղղվելիք կոչով կառաջարկվի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության որոշ անդամների կողմից ոչ իրավաչափ միջամտության։ Վարչապետին կառաջարկվի նաև նախաձեռնել մասնագիտական գործունեության առնչությամբ փաստաբանին վիրավորելու, նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու արարքները քրեականացնելու գործընթաց։
Իրավապահ մարմիններին հղվելիք կոչը վերաբերելու է փաստաբանների մասնագիտական գործունեության իրականացման խոչընդոտները վերացնելուն և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։
Փաստաբանները նաև նշել են, որ «խնդրի լուծմանն ուղղված գործադիր իշխանության կողմից համարժեք միջոցներ չձեռնարկելու պարագայում փաստաբանական համայնքը կնախաձեռնի համընդհանուր փաստաբանական բողոքի ակցիաներ»:
Նախաձեռնող խմբի անդամներ են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Վահե Եփրիկյանը, Արմինե Ֆանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Էրիկ Ալեքսանյանը, Կարեն Մեժլումյանը, Լևոն Սահակյանը, Սիմոն Բաբայանը, Սեդրակ Ասատրյանը, Հարություն Հարությունյանը և Մարինե Ֆարմանյանը։