Մեծագույն զորահրամանատար Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է ավելի քան 2300 տարի առաջ, մ.թ.ա. 323 թվականի հունիսին: Նրա մահը, սակայն, մինչև հիմա մասնագետների շրջանում լուրջ բանավեճերի թեմա է, որոնք զորահրամանատարի մահվան տարբեր վարկածներ են առաջ քաշում՝ թունավորումից մինչև լեյկեմիա:
Դանիդինում Օտագո համալսարանի (Նոր Զելանդիա) Բժշկական դպրոցի դասախոս Քեթրին Հոլլը մահվանից առաջ Մակեդոնացու մոտ դիտված կլինիկական պատկերի նոր բացատրություն է գտել: Նրա խոսքով՝ Մակեդոնացու մահվան իրական պատճառը Գիյեն-Բարրեի համախտանիշն է (ԳԲՀ): Հոլլի կարծիքով՝ հենց ԳԲՀ-ն կարող է բացատրել այն փաստը, որ մահվանից հետո 6 օր Մակեդոնացու մարմինը չի քայքայվել:
Ամենայն հավանականությամբ, զորահրամանատարի մոտ դիտվել է սուր շարժողա-սենսորային ակսոնալ նևրոպատիա: Հոլլն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Մակեդոնացու ժամանակներում մահվան արձանագրման համար հիմնվում էին միայն շնչառության, այլ ոչ թե զարկերակի բացակայության վրա:
Մինչդեռ ԳԲՀ դեպքում կաթվածը զգալիորեն նվազեցնում է թթվածնի պահանջը, ինչի հետևանքով հնարավոր էր «մահացողի» շնչառությունն ուղղակի չնկատել: Դրանից բացի, բբերը լայնանում են և անշարժ դառնում, իսկ ավտոկարգավորման խափանման հետևանքով մարմնի ջերմաստիճանը զգալիորեն նվազում է:
Սրանով էլ բացատրվում է մի քանի օր Մակեդոնացու մարմնի քայքայման բացակայությունը. ամենայն հավանականությամբ, երբ բժիշկները նրան մահացած են համարել, զորահրամանատարը դեռևս ողջ էր և ավելի ուշ է մահացել:
ԳԲՀ-ի օգտին են վկայում նաև այնպիսի ախտանշանները, ինչպես կյանքի վերջին օրերին սուր փորացավերը, բարձր ջերմությունը, պրոգրեսիվ ծագող համաչափ կաթվածահարումը: Հոլլի կարծիքով՝ հիվանդության պատճառ կարող էր լինել կամպիլոբակտերիան, մասնավորապես՝ Campylobacter pylori տեսակի ախտածինը: Դրանով վարակվելը առաջացնում է բարակ աղիքի բորբոքային հիվանդություն՝ էնտերիտ, որը 100 անգամ մեծացնում է ԳԲՀ-ի զարգացման հավանականությունը:
Հետազոտության արդյունքների վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է The Ancient History Bulletin պարբերականում: