XV դարում Բյուզանդական կայսրությունից թուրքերի կողմից նվաճած Սմիրնա քաղաքը (ներկայիս անվանումը` Իզմիր) երկար ժամանակ` ընդհուպ մինչեւ 1922 թվականը, շարունակում էր մնալ հունական կենսակերպի կենտրոնը: Այս քաղաքը, ի թիվս այլ բաների, հետաքրքիր է նրանով, որ այստեղ բնակվել են բազմաթիվ էթնիկ-կրոնական համայքներ` հին հայկական գաղութը ներառյալ:
Սմիրնան Օսմանյան կայսրության երկրորդ խոշորագույն քաղաքն էր, ինչպես նաև նրա առևտրային և տնտեսական գերծունեության կենտրոնը, որին մեծապես նպաստում էր Էգեյան ծովի ափին գտնվելը:
Սմիրնայում հայերի ներկայությունը երկար պատմություն ունի և սկիզբ է առնում դեռևս XIII դարից, սակայն հայերի ավելի զանգվածային հոսք դեպի Սմիրնա տեղի է ունեցել XVII-XVIII և XVII-XVIII դարերում, երբ անկում ապրեց Կիլիկիայի հայոց թագավորությունը, և տեղի ունեցան թուրք պարսկական ավերիչ պատերազմները (Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի տարածքներում) համապատասխանաբար:
Սմիրնայում քրիստոնյա բնակչության գերակշիռ ներկայության փաստը հաստատվում է նաև նրանով (ի թիվս այլ բաների), որ թուրքերը քաղաքն անվանում էին «Գյավուր Իզմիր», որը թարգմանաբար նշանակում է «անհավատ Իզմիր» (թուրքերն ու Օսմանյան կայսրության այլ մահմեդականներ անհավատ էին անվանում բոլոր նրանց, ովքեր իսլամ չեն դավանում): Սմիրնայում ապրում էին հայեր և հույներ, հրեաներ և եվրոպացիներ. քաղաքը հայտնի էր իր կոսմոպոլիտ մթնոլորտով և բազմաշերտ բնակչությամբ:
Ընդհուպ մինչև XIX դարը Սմիրնայի փողոցները լի էին մարդկանցով, ովքեր կրում էին կոստյումներ Եվրոպայից, Թուրքիայից, Եգիպտոսից, Պարսկաստանից և հատկապես Հունաստանից ու ծովափնյա հունական կղզիներից:
Սմիրնան բաժանված էր հինգ թաղամասերի` մահմեդական, հունական, հայկական, հրեական և ֆրանկյան: Որպես կանոն` այդ համայնքների փողոցները հատում էին միմյանց, և յուրաքանչյուր համայնքի ունևոր անդամ նախընտրում էր գնել կամ կառուցել տուն եվրոպական թաղամասում` ափամերձ հատվածում:
Հայկական Հայնոց թաղամասը գտնվում էր քաղաքի կենտրոնում: Այն առանձնանում էր իր մաքրությամբ, բարեկարգ տներով և լայն փողոցներով: Ոչ հայերի շրջանում հայ համայնքը հայտնի էր որպես ամենահարուստ համայնք, ինչի մասին է վկայում, օրինակ, Գոզթեփի նախկին բնակիչներից մեկի պատմությունը (բուրժուական քաղաք, որը Սմիրնայից գտնվում էր երեք մղոն հեռավորության վրա:
«Գոզթեփում շոգեքարշից իջնելուց հետո, միայն տեսնեիք թե ինչ տներ կային ծովի ափին: Այդ տների մեջ առանձնանում էին Սիվրիսսարյանների և Ազնավուրյանների տները: Դրանք իսկական ամրոցներ էին` մեծ, գեղեցիկ և լավ կառուցված»:
Ինչպես ընդունված էր Օսմանյան կայսրության բազմազգ բնակչություն ունեցող մի շարք քաղաքներում` գլխավոր թուրքական թաղամասը գտնվում էր քաղաքի ամենաբարձր կետում` Պագոս լեռան լանջերին: Հիջաբներով փաթաթված կանանցով, հանգիստ նարգիլե ծխող տղամարդկանցով, փողոցի անկյուններում սեղանների շուրջը նստած արհեստավարժ դպիրներով` այդ թաղամասը ասես արաբական «Հազար ու մի գիշեր» պատմվածքի էկրանավորումը լիներ:
Հույների գլխավոր թաղամասերն էին Մորթակիան և Մեզարակիեն: Հայ թաղամասերի պես դրանք բավականին արևմտյան ոճով էին, սակայն քիչ ավելի ժամանակակից և նորաձև տեսք ունեին, քանի որ գրեթե չէին վերակառուցվում:
Սմիրնայի բնակչության շրջանում հատկապես առանձնանում երկու խմբեր` ֆրանկները, ովքեր ծնվել էին Օսմանյան կայսրությունում, սակայն հանդիսանում էին էթնիկ եվրոպացիներ և լևանտացիները` ովքեր կիսով չափ ֆրանկ էին, կիսով չափ բնիկ (հույն կամ հայ): Չնայած այն հանգամանքին, որ այդ մարդիկ ծնվել են Օսմանյան կայսրության տարածքում, նրանք պահպանում էին իրենց եվրոպական քաղաքացիությունը, ունեին որոշակի իրավունքներ և արտոնություններ` Օսմանյան կայսրության և մի շարք եվրոպական երկրների միջև կնքված համաձայնագրերի համաձայն (Օսմանյան կայսրության կապիտուլյացիա):
Սմիրնայի տնտեսական բարեկեցության հիմքը առևտուրն էր, ապրանքների ակտիվ ներկրումն ու արտահանումը: Արդեն XIX դարում Սմիրնան միջին վիճակագրական հարավ-եվրոպական քաղաք էր և իր տեսքով ու կենսակերպով ավելի արևմտյան տեսք ուներ, քան երբևէ կարող էր Կոստանդնուպոլիսը դառնալ:
Հայերի`որպես ունևոր համայնքի համբավին արժանանալուն մեծապես նպաստեց այն, որ նրանք մեծ ներդրում կատարեցին Սմիրնայի տնտեսական բարեկեցությունը ապահովելու համար: Կարելի է ասել, որ քաղաքը դարձավ դեպի Արևմուտք նայող հայկական պատուհան: Այնտեղ տեղակայվեցին խոշորագույն հայկական առևտրի տները, որոնք կապեր հաստատեցին Իտալիայի, Անգլիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի ու Ռուսաստանի առևտրային կենտրոնների հետ: Հայերը արտահանում էին գորգեր, կաշի, բուրդ, հացահատիկ, չորացրած մրգեր, ծխախոտ և այլն, իսկ ներկրում էին եվրոպական, արդյունաբերական ապրանքներ, սարքավորումներ և նորաձև հագուստ: Հայ արհեստավորները ոսկերիչներ էին, ժամագործներ և մետաքսագործներ: Սմիրնայի արվարձաններում բնակություն հաստատած հայ գյուղացիները մշակում էին հացահատիկի դաշտեր, աճեցնում խաղող, թզենու և ձիթապտղի այգիներ:
Մշակութային-կրթական կյանքը զարգանում էր տնտեսական կյանքին զուգահեռ: Հայկական առաջին տպագիր մամուլը հիմնվել է Սմիրնայում XVIII դարի կեսին, իսկ «Արշալույս Արարատյանը» դարձավ այն առաջին հայկական թերթերից մեկը, որը համաշխարհային ճանաչում է ստացավ:
Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո գործել են մի քանի դպրոցներ, որոնց մեջ առավել հայտնի էին Մեսրոպյան տղամարդկանց վարժարանը և Հռիփսիմյան օրիորդաց վարժարանը: Կային նաև կրթական հաստատություններ, որոնք գործում էին հայ կաթոլիկների` Մխիթարյան միաբանության և ավետարանչականների ներքո: Կային նաև մտավորականների կամ առանձին ուսուցիչների կողմից հիմնված մի քանի մասնավոր ակադեմիաներ:
Սմիրնան XIX դարի արևմտահայության վերածննդի հայրենիքն էր, այնտեղ էր, որ ի հայտ եկավ այդ շարժումը, որը հետագայում Կոստանդնուպոլսի վրա մեծ ազդեցություն թողեց: Հատկապես ծաղկում ապրեց մշակութային կյանքը, այն բանից հետո, երբ երիտթուրքերը գահընկեց արեցին արյունարբու սուլթան Աբդուլ Համիդին և վերականգնեցին սահմանադրությունը: Այդ ժամանակ հույս կար, որ կլինեն բարեփոխումներ, և հայերը կրկնակի ուժերով ստեղծում էին երաժշտական և թատերական խմբեր, բարեգործական կազմակերպություններ: Հարկ է նշել, որ Սմիրնայում կողք կողքի բնակվող հայերի ու հույների մշակութային կյանքը առանձին էր. մինչև վերջ Սմիրնան մնաց առանձին մասերի բաժանված քաղաք:
Սմիրնայի հայ համայնքի ներկայացուցիչները միաժամանակ և’ կոսմոպոլիտ էին, և’ փակ: Նրանք ակտիվորեն համագործակցում էին հունական համայնքի հետ, որը շատ ավելի մեծ էր հայկական համայնքից, ինչպես նաև մեծ հրեական համայնքի հետ, որը գտնվում էր հայկական գլխավոր թաղամասի կողքին: Հայերը շփվում էին նաև բազմաթիվ եվրոպացի գործարարների և լևանտացիների հետ, ովքեր ունեին եվրոպական – միջին արևելյան խառը ծագում:
Գրեթե բոլոր հայերը կարողանում էին խոսել թուրքերեն, շատերը տիրապետում էին հունարեն լեզվին; վերնախավը նաև կարող էր հաղորդակցվել ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով, որ հնարավորություն էր ընձեռում նրանց ազատ առևտուր անել Եվրոպայում, Ռուսաստանում և Արևելքում: Այս ամենով հանդերձ հայ համայնքի անդամները սահմանել էին փոխհարաբերությունների հստակ շրջանակ, որը նրանց թույլ էր տալիս պահպանվել որպես առանձին էթնիկ-կորնական համայնք:
Սմիրնան իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել հայ ժողովրդի ողբերգական պատմության էջերում: Սմիրնան այն քիչ քաղաքներից է, որ կարողացավ խուսափել 1894 – 1896թթ. սուլթան Աբդուլ Համիդ II արյունալի ջարդերից, ինչպես նաև 1915թ. երիտթուրքերի կողմից կազմակերպված ցեղասպանության ժամանակ զանգվածային տեղահանություններից և սպանություններից: Սա մեծապես ի շնորհիվ Սմիրնայի նահանգապետ, անգլոհպատակ Ռահիմ Բեյի, որը, փորձելով փրկել իր քաղաքացիներին, կայսրության իշխանություններին համոզիչ հաշվարկներ է տրամադրում` ըստ որոնց «անհավատների» տեղահանումը անուղղելի վնաս կարող է հասցնել տնտեսությանը:
Ամբողջությամբ՝ armat.im