Բազմաթիվ անձինք անգամ վտանգավոր ռեցիդիվ ունենալու պարագայում ազատության մեջ են հայտնվել. Արմինե Ֆանյան
Advertisement 1000 x 90

Բազմաթիվ անձինք անգամ վտանգավոր ռեցիդիվ ունենալու պարագայում ազատության մեջ են հայտնվել. Արմինե Ֆանյան

2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած Համաներման մասին ՀՀ օրենքով վերանայվել են որոշ հիմնարար մոտեցումներ` առ այն, որ պետությանը կամ պատճառված վնասի հատուցումն այլևս անհրաժեշտ պայման չէ  համաներում կիրառելու համար: Արդյունքում մարդիկ, ովքեր պատճառել են նյութական մեծ վնասներ կամ կատարել ֆինանսական լուրջ չարաշահումներ, ազատ են արձակվում առանց դրանց փոխհատուցման: Միեւնույն ժամանակ, օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուժողներին հնարավորություն է տրվում դատարան ներկայացնել քաղաքացիական հայց՝ մեղադրյալներից պահանջելով վնասի փոխհատուցում: Դատավորները սա համարում են խնդրահարույց եւ այս կապակցությամբ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան: Այս փոփոխության շուրջ զրուցել ենք Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի հետ:

-Տիկին Ֆանյան, նշված փոփոխությանը ինչպե՞ս եք վերաբերվում, Դուք այն խնդրահարույց համարո՞ւմ եք:

-Խնդիրներ, ըստ էության, կան: Եթե քրեական դատավարության կարգով քաղաքացիական հայցի հարուցման դեպքում անձը հայցը ապացուցելու պարտականություն չի կրում կամ որպես պետտուրք համապատասխան վճարում չի կատարում, ապա այս դեպքում` քաղաքացիական կարգով հայց ներկայացնելիս, տուժող կողմը կրելու է հայցը ապացուցելու պարտականություն: Դրանից բացի, եթե զուտ մեղադրական ծավալի մեջ մտնող չափն է, պետտուրք չի վճարվում, այո, բայց երբ ոչ թե հանցագործության պատճառված վնասի, այլ ուրիշ պահանջով է մտնում դատարան, ապա պետք է վճարում կատարվի: Իհարկե, համաներման կիրառումը պայմանավորել բացառապես քաղաքացիական հայցի առկայությամբ, արդարացված չեմ համարում, բայց գտնում եմ, որ ներկայումս տուժողների կողմից իրենց իրավունքները քաղաքացիադավարական կարգով վերականգնելու մեխանիզմը թերի է. համաներման ակտի կիրառման արդյունքում այդ անձանց պետք է հնարավորություն տրվեր մի փոքր այլ ընթացակարգերով դա իրականացնելու:

-Այս դեպքում ո՞րը կարող է լինել այդ այլընտրանքային ընթացակարգը, որ որոշ չափով կթեթեւացնի տուժողների գործը:

-Քաղաքացիական դատավարության կարգով հայցեր հարուցելու այլ ընթացակարգ մենք չունենք,  դա մեզ համար օրենսդրական խնդիր կառաջացնի: Բայց ամեն դեպքում, կարելի է կամ այդ ընթացակարգը պարզեցնել, կամ դատարանը համաներման ակտի կիրառման պատժից ազատելիս անդրադառնա քաղաքացիական հայցին, որովհետեւ ինքը, միեւնույն է, քրեական գործը ողջ ծավալով քննում է, եւ ըստ էության, քաղաքացիական հայցին անդրադառնալ կարող է:

-Այս փոփոխության մեջ տեսնո՞ւմ եք վտանգավոր միտումներ` պայմանավորված անձանցով, ովքեր գուցե մեծ վնասներ են հասցրել անձին կամ պետությանը, բայց ազատ են արձակվում առանց որեւէ փոխհատուցման:

-Սա ավելի գլոբալ հարց է: Համաներման ակտի ընդունումը պետության կողմից դրսեւորվող մարդասիրական ակտ է: Եվ սրանց հաճախակի կիրառումը խոսում է պետությունում ոչ կատարյալ դատական համակարգ ունենալու մասին: Որպես կանոն` մեզ մոտ համաներման ակտերը վերաբերում են ոչ մեծ կամ միջին ծանրության անձանց, եւ սա պետք է դիտարկել ոչ թե այն տեսանկյունից, որ բազմաթիվ անձինք շարունակելու են ապրել անպատժելիության մթնոլորտում, այլ այն, որ նրանց եւս մեկ անգամ իրենց ապրելակերպը վերագնահատելու հնարավորություն է տրվում: Այսօր բազմաթիվ անձինք անգամ վտանգավոր ռեցիդիվ ունենալու պարագայում ազատության մեջ են հայտնվել, եւ դուք էլ տեսնում եք, որ այդ ֆոնին հանցագործությունների աճ է գրանցվել: Բայց դա միայն համաներմամբ պայմանավորել պետք չէ: Այդ մեկ հնարավորությունը մարդկանց պետք է տրվի, պարզապես պետք է դրան զուգահեռ հավասարակշռել հանրային, մասնավոր, ինչպես նաեւ` տուժողների շահերը, որովհետեւ վերջիններս ամենաշատն են տուժում, եւ ողջ դատավարությունը, ըստ էության, ընթանում է նրանց իրավունքները վերականգնելու համար:

pastinfo.am