Գուրգեն Ջանիբեկյան: Հայտնի Ջանիբեկյանների տոհմածառից երիտասարդ արվեստագետ: Բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, որոնցից «Վերջը դա սկիզբն է» ֆիլմը 2012-ին արժանացել է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնում Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության «Նուարդ» մրցանակին: Մոտ 15 տարի լուսանկարչության ոլորտում է՝ մակրո լուսանկարներ, ֆուդ լուսանկարներ, սև ու սպիտակ լուսանկարչություն և այլն: Մարդ, ով իր համեստ տեսակով ստվերում մնալով միշտ արարում է: Նման ուժեղ գենետիկայով մարդն անհնար էր չժառանգեր արարելու, ստեղծելու գենը: Սակայն պապի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի գենը շատ խոսուն է մեր այսօրվա հյուրի՝ Գուրգեն Ջանիբեկյանի մեջ: Նույն խարիզմատիկ հայացքը, աչքերը և ստեղծագործելու, արարելու ջիղը:
-Հե՞շտ է լինել և ապրել որպես Ջանիբեկյան:
-Գենը սարսափելի հզոր ուժ ունի անհատի ծննդյան պահից սկսած: Շատերը գիտեն մեր պատմությունը: Մենք՝ Ջանիբեկյաններս, պաշտում ենք մեր հորը և սրբացնում մորը: Դա միշտ է այդպես եղել: Դեռևս այն ժամանակ, երբ կրում էինք Տեր-Խաչատրյան ազգանունը: Պապիս հայրը այնքան է սիրել իր հորը Ջանիբեկին, որ հոր մահից հետո ազգանունը փոխել է Ջանիբեկյան: Հեշտ չէ այնքանով, որ ազատ ապրելով և ստեղծագործելով՝ պետք է միևնույն ժամանակ ստեղծագործել և բարձր պահել այն ազգանունը, որի կրողն ես:
-Ի՞նչ է տվել Ձեզ ազգանունը:
-Երբեք չի վնասել: Շատ հարցերում միայն օգնել է, բայցևայնպես պարտավորեցրել է: Հիշում եմ մանկության և պատանեկության տարիներին ցանկություն էր լինում չարաճճիություններ անելու, բայց այն միտքը, որ Ջանիբեկյան ես հաճախ հետ էր պահում: Ամեն դեպքում ես հպարտ եմ, որ Ջանիբեկյան եմ:
-Ինչու՞ արվեստ:
-Հակառակ դեպքում ի՞նչ: Իրականում բազմիցս եմ ասել, որ մասնագիտությունս ծնողներս են ընտրել, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ես այսօր ինձ այլ մասնագիտության մեջ չեմ պատկերացնում: Փոքր տարիքից նկարում եմ, բայց ծնողներս որոշեցին նկարչության փոխարեն օպերատորությունն ընտրել ինձ համար: Այն ժամանակ մտածում էին, որ օպերատորի մասնագիտոթյունը եկամտաբեր է: Իմ մասնագիտական ճանապարհին, իհարկե, մեծ դերակատարում ունեցավ Ալբերտ Յավուրյանը: Նա իմ վարպետն է եղել, ինչի համար ես շատ հպարտ եմ, ուրախ ու շնորհակալ:
Ամբողջությամբ՝ presentperfect.am