Հայաստանը մտադիր է համալրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, սակայն գործընթացը բավական երկարատև է և ոչ այդքան հեշտ։
ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կարող է համալրվել Հայաստանի ազգային արժեքներով, սակայն դրա համար ժամանակ է պետք։ Այդ մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։
Հայաստանի կառավարությունը շուտով կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ` համաշխարհային ժառանգության ցանկում ևս մի քանի ազգային արժեք համալրելու հայտով։
«Մշակույթի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել այն արժեքները, որոնք կարող են ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ։ Կառավարությունը հավանություն է տվել այդ ցանկին։ Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու ընթացակարգը դեռևս առջևում է»,- բացատրեց Կիլիչյանը։
Նրա խոսքով` ուղղություններից մեկը, որի վրա աշխատում է Հայաստանի մշակույթի նախարարությունը, ոչ նյութական մշակության ժառանգության պահպանումն է։
Նրա խոսքով` սկզբում ընդունվում և լսվում են տարբեր առաջարկներ։ Առաջարկներ կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիները, որոնք շահագրգռված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությամբ, ՀԿ–ները, տարբեր գերատեսչությունները։ Առաջարկները քննարկվում են Մշակույթի նախարարությանը կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում, որտեղ ընդգրկված են լուրջ և պատասխանատու մասնագետներ։
Խորհրդի անդամների քննարկումներից հետո ստեղծվում է ոչ նյութական ժառանգության արժեքների ցանկ, դրանից հետո երկիրը հայտ է ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայան։
Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ներկայացուցչական ցանկում ներառված են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության վեց արժեքներ` հայկական դուդուկ (2008թ.), հայկական խաչքար (2010թ.), «Սասունցի Դավիթ» էպոսը (2012թ.), հայկական ավանդական լավաշը (2014թ.), ավանդական հայկական քոչարին (2017 թ.)։
«ՅՈՒՆԵՍԿՕ–ում ներկայացված են կոնկրետ ժողովրդի մշակութային արժեքները։ Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել իր ոչ նյութական մշակութային ժառանգությունը, եթե, իհարկե, այն համապատասխանում է չափորոշիչներին. ունի կրողներ, կենսունակություն, փոխանցման ավանդույթ։ Եվ նույն ժառանգությունը կարող է ներկայացվել տարբեր ժողովուրդների կողմից», – ասաց Կիլիչյանը։
Կիլիչյանի խոսքով` այսօր պաշտոնական Երևանը պետք է որոշի այս կամ արժեքի առաջնահերթության հարցը, քանի որ ցանկացած պետություն ՅՈՒԵՆՍԿՕ կարող է ներկայացնել տարեկան առավելագույնը մեկ արժեք։
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած որոշման նախագծի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ընդգրկվել են հինգ ոչ նյութական մշակութային արժեք՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառությունը», «Գյումրվա կլկլանը (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոնը», «Պարկապզուկը (տիկ)», «Կոխ ըմբշամարտը»:
Որդան կարմիր
Որդան կարմիրը յուրահատուկ ներկ է, որը Հայաստանում ստանում են արարատյան որդան կարմիրի էգերից։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու հինգ հավակնորդներից է։
Հայկական մարանկարչություն. Կիլիկյան Լևոն թագավորը
Տարբեր փորձագետների կարծիքով` ամենաորակյալ և կայուն ներկը ստացվում է հենց արարատյան որդան կարմիրից։ Մեքսիկական և լեհական որդանները, չնայած մի շարք առավելություններին, որակով զիջում են հայկական որդանին։ Ներկի երկարակեցության ապացույցներ կան։ Այն մինչ օրս կարելի է տեսնել հայկական եկեղեցիների որմնանկարներում և ձեռագիր մատյաններում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am