95 տարի առաջ Թիֆլիսում վրացերեն լեզվով լույս տեսավ Հովհաննես Թումանյանի հատընտիր ժողովածուն։ Այն թարգմանել էր տակավին երիտասարդ, հետագայում ակադեմիկոս-բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլին։ Շնորհաշատ բանաստեղծը իր ողջ վարպետությունը, սրտի հուրը ներդրել էր այդ գործում, ինչի շնորհիվ վրաց ընթերցողին սիրելի դարձան Թումանյանի «Անուշը», «Փարվանան», «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Գիքորը», «Նեսոյի քարաբաղնիսը», «Հին օրհնությունը», «Անբախտ վաճառականները» և, իհարկե, «Վրաստանի բանաստեղծներին» ստեղծագործություններ
Գրքի առաջաբանում ապագա ակադեմիկոսը գրել է. «Եվրոպացի գրողներին, լավ թե վատ, կարծես բոլորին ենք ճանաչում կամ ձգտում ենք ճանաչել, այդ բնագավառում ետ մնալը մեզանում ամոթ է համարվում։ Սեփական գրականությունը չիմանալն իսկ մեզ չի հուզում։ Առավել ևս վատ ենք ճանաչում մեր դրկից հարևաններին, որոնք աշխարհագրականորեն, թե պատմականորեն այդքան մոտ են մեզ…»։
Դառն է խոստովանությունը և ճշմարտացի։ (Թերևս, բացառություն էր Հովհաննես Թումանյանը, ով մինչև հեղափոխությունը արդեն ճանաչված էր վրացական շրջաններում)։ Գրիշաշվիլին ցավով է արձանագրում այդ փաստը, բայց դրանով չի բավարարվում։ Մինչ այդ տողերը գրելը նա արդեն 1918 թվականին հրապարակ էր հանել «Սայաթ-Նովա» մենագրությունը։ Հետաքրքիր է այդ աշխատության ստեղծման շարժառիթը։ Իր իսկ՝ Գրիշաշվիլու խոստովանությամբ, այդ միտքը հղացել է 1914 թվականի մայիսի 15-ին, երբ Թիֆլիսում, սուրբ Գևորգ եկեղեցու բակում Հովհաննես Թումանյանի և Գևորգ Բաշինջաղյանի անմիջական մասնակցությամբ բացվում է Սայաթ-Նովայի հուշատախտակը։
Այդ արարողությանը մասնակցում էր թիֆլիսցիների մի հոծ բազմություն։ Մեծ բանաստեղծի երկրպագուները բերել էին մեկ հատիկ կարմիր վարդ, Սայաթ-Նովայի այդքան սիրված ու գովերգած ծաղիկը։ Վերջում գոյացավ վարդերի հսկայական մի թումբ։ Հենց այդ օրն էլ դրվեց գեղեցիկ մի ավանդույթի՝ սայաթնովյան Վարդատոնի հիմքը, որը չընդհատվեց անգամ Հայրենական պատերազմի դժնդակ տարիներին։
Ամբողջությամբ՝ armenpress.am