Արդյո՞ք ֆեյքերը այդքան սարսափելի են. media.am
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք ֆեյքերը այդքան սարսափելի են. media.am

Արդեն բոլորս գիտենք, որ կառավարությունը ֆեյքերի դեմ պայքար է սկսել։ Եվ ԱԱԾ-ն թևերը քշտած այդ գործի մեջ է։ Փաշինյանի հանձնարարականից չանցավ մեկ օր, ու արդեն իրավապահների ձեռքերում է հայտնվել էջի ադմին։

Երկար քննարկելի հարց է, թե որքանով մեղավոր է տվյալ էջի ադմինը։ Բայց, կոնկրետ այս դեպքում թող պատասխանը տա դատարանը, եթե գործը հասնի դրան։ Եկեք հարցը ավելի լայն դիտարկենք։ Ավելի շուտ հարցերը․

ա․ Արդյո՞ք ֆեյքը հիմնովին բացասական երևույթ է։
բ․ Արդյոք ԱԱԾ-ն պետք է զբաղվի ֆեյքերով։

Հայաստանում արմատավորվել է կարծիք, որ ֆեյքը միանգամայն բացասական երևույթ է։ Իրականում, ոչ միայն Հայաստանում։ Աշխարհի իշխանություններից շատերը այսօր աղաղակում են, որ ֆեյք նորությունները խարխլում են ազգային անվտանգությունը, ազդում են ընտրությունների արդյունքների վրա և այլն։

Սոցիալական ցանցերը կիրառում են բարդացնող կարգավորումներ։ Օրինակ, Ֆեյսբուքը այն երկրներում, որտեղ այս տարի ընտրություններ են լինելու, ավելի խստացնում է վճարովի գովազդ տեղադրելու պայմանները։ Տարբեր երկրներում օրենքներ են փոխում։ Ֆեյքերի դեմ պայքարն այսօր ամենաթարմ և ժիր թեմաներից մեկն է աշխարհում։ Երևի, միայն Հյուսիսային Կորեայում է, որ քիչ թե շատ հանգիստ են այս հարցում։

Սակայն հենց գործը հասնում է կարգավորումներին, հարց է առաջանում՝ ո՞րն է ֆեյք նորությունը։

Համաձայնեք, որ շատ հեղհեղուկ է սահմանը։ Նորությունը կարող է ամբողջությամբ ճշգրիտ լինել, իսկ վերնագիրը՝ մանիպուլյատիվ։ Կամ կարող է միայն վերջին նախադասությունը սուտ լինել։ Եվ տասնյակ այսպիսի հնարավորություններ։ Ու դեռ պետք է նաև ապացուցել միտումը, հասկանալ դրդապատճառը․ կա՞ հանցակազմ, թե՞ մարդկային, զուլալ հիմարություն։

Կեղծ նորությունը ինքնին լավ բան չէ, նույնիսկ եթե հատուկ միտումով չի արված։ Բայց եկեք նայենք կեղծ օգտատերերին, որոնց Հայաստանում անվանում ենք կարճ բառով՝ «ֆեյք»։ Արդյո՞ք ֆեյք լինելը վատ բան է։ Իրականում, ոչ։

Ավելին, շատ միջազգային փաստաթղթերով ֆեյք լինելը, իսկ այլ ձևակերպմամբ՝ անանուն, անոնիմ լինելը խրախուսելի է և համարվում է խոսքի ազատության հիմնարար սկզբունքներից մեկը նոր ժամանակներում։

Օրինակ, կարելի է նայել ՄԱԿ-ի հատուկ զեկույցը խոսքի և մամուլի ազատության վերաբերող։ Այստեղ առանձին գլուխ նվիրված է օնլայն անոնիմությանը և գաղտնագրմանը։

Սա միայն օրինակ է։ Ակնհայտ է, որ այսօրվա աշխարհում պահանջել, որպեսզի մարդն անձնագրով գրանցվի սոցիալական ցանցում, այնպես ինչպես որոշ դեպքերում կարող է անել Ֆեյսբուքը և անում են մի շարք երկրների կառավարություններ, առնվազն տարօրինակ է։

Կան բազմաթիվ պատճառներ, որոնք մարդկանց դրդում են չբացահայտել իրենց․ մարդն ամաչկոտ է, չի ուզում, որ ծնողները կամ բարեկամները կարդան իր գրածները, մարդը պետական պաշտոնի է, բայց ուզում է անկաշկանդ իր կարծիքը հայտնի։ Այսպիսի տասնյակ պատճառներ կարելի է ներկայացնել։ Եվ բոլորը շատ հարգելի են։

Մյուս կողմից, բոլորս էլ գիտենք, որ գոյություն ունեն ուղղորդված ֆեյքային հարձակումներ հանրային մակարդակի։ Լինեն դրանք Բաքվի իշխանությունների կողմից կազմակերպված, թե մեր իսկ ներքաղաքական գզվրտողի պատճառով, ակնհայտ է, որ նման դեպքերում հանրային վնաս հասցվում է, հաճախ լուրջ վնաս։ Սակայն չի կարելի նման ֆեյքային գրոհների դեմ պայքարելով՝ աջ ու ձախ բոլորին պիտակավորել «ֆեյք»։ Եվ հանրայնորեն զրկել մարդկանց ցանցում անանուն լինելու իրենց անձնական իրավունքից։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի ներգրավվածությանն այս հարցում, ապա կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է լինի վերջինը ֆեյքերի դեմ պայքարում, բայց ոչ մի դեպքում՝ առաջինը։

Եթե ԱԱԾ-ն սկսի մարդկանց ապաանոնիմացման արշավ, սկսի կիրառել դրա համար հատուկ միջոցներ, դա ավելի մեծ հարված կլինի ժողովրդավարությանը, քան այդ ամենից ստացված տեսական օգուտը։

ԱԱԾ-ն պետք է գործի ծայրահեղ և իսկապես վտանգավոր դեպքերում։

Մնացած դեպքերի համար գոյություն ունեն բազմաթիվ այլ գործիքներ․ պրոֆեսիոնալ մամուլի օժանդակում, հանրային իրազեկում և կրթություն, կառավարության կողմից հստակ տեղեկատվական հայեցակարգի մշակում և դրա իրազեկում և այլն։

«Վատ» ֆեյքերը շատ դեպքերում ինքնուրույն կչորանան ու կընկնեն, եթե պետական կառույցները ավելի օպերատիվ և հմուտ գործեն տեղեկատվական դաշտում։

Ամեն հարցում ԱԱԾ-ին գործի մեջ դնելը հեչ լավ բան չէ։ Ու ոչ միայն ժողովրդավարության և խոսքի ազատության տեսանկյունից։ Նույն ԱԱԾ-ի համար սա կարող է գործնական ծուղակ դառնալ․ պարզապես բոլոր ֆեյքերին բռնելու համար կարող է պետք գալ ողջ հետախուզական ռեսուրսը, որը, կարծում եմ, ուրիշ ու ավելի կարևոր ճակատներում է պետք։

media.am



Նման նյութեր