Հարց ու պատասխան՝ Ֆեյսբուքյան «ֆեյք»-երի մասին։
ՀԱՐՑ – Արդյո՞ք «ֆեյք» ստեղծելը խախտում է Facebook-ի օգտագործման կանոնները։
ՊԱՏԱՍԽԱՆ – Այո, խախտում է։
ՀԱՐՑ – Արդյո՞ք «ֆեյք»-ի ստեղծումը ՀՀ օրենսդրությամբ արգելված/պատժելի արարք է։
ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ, «ֆեյք»-ի ստեղծումն ինքնին օրենքով արգելված արարք չէ։
ՀԱՐՑ – Արդյո՞ք «հակաիշխանական» մանիպուլյատիվ նյութերի տարածումը ՀՀ օրենսդրությամբ արգելված/պատժելի արարք է։
ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ, դա ևս ինքնին օրենքով արգելված արարք չէ։
ՀԱՐՑ – Արդյո՞ք «ֆեյք»-ի միջոցով «հակաիշխանական» մանիպուլյատիվ նյութերի տարածումը ՀՀ օրենսդրությամբ արգելված/պատժելի արարք է։
ՊԱՏԱՍԽԱՆ – Միայն այն դեպքում, եթե դա պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության տարրեր (դժվար է պատկերացնել)։
ՀԱՐՑ – Արդյո՞ք ՀՀ-ում կա «ֆեյք»-երի և մանիպուլյատիվ նյութերի տարածման խնդիր։
ՊԱՏԱՍԽԱՆ – Այո, կա։
ՀԱՐՑ – Արդյո՞ք դա ՀՀ ազգային անվտանգության խնդիր է։
ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ։ Ցանկացած իշխանություն պետք է «պատրաստ» լինի մանիպուլյատիվ նյութերի տարածմանը։
ՀԱՐՑ – Արդյո՞ք նորմալ է այն երևույթը, որ ԱԱԾ-ն զբաղվում է «հակաիշխանական» մանիպուլյատիվ նյութեր տարածող «ֆեյք»-երով։
ՊԱՏԱՍԽԱՆ – Ոչ, բացառությամբ այն դեպքերի, երբ «ֆեյք»-ի տիրոջ կողմից կատարվում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն։
ՀԱՐՑ – Իսկ եթե «ֆեյք»-երը զրպարտում կամ վիրավորո՞ւմ են։
ՊԱՏԱՍԽԱՆ – Զրպարտությունը և վիրավորանքը հանցագործություններ չեն։ Այդ հարցը դուրս է իրավապահ մարմինների տիրույթից։
ՀԱՐՑ – Իսկ եթե «ֆեյք»-երը բռնության կոչե՞ր են տարածում։
ՊԱՏԱՍԽԱՆ – Եթե դրանք ՀՀ քրեական օրենսգրքով արգելված բռնության կոչեր են, ապա հարցը պետք է գտնվի իրավապահ մարմինների տիրույթում։
ՀԱՐՑ – Ինչպե՞ս է միջազգային հանրությունը պայքարում «ֆեյք»-երի դեմ։
ՊԱՏԱՍԽԱՆ – Չեն պայքարում այնքան ժամանակ, քանի դեռ «ֆեյք»-ի տիրոջ կողմից չի կատարվել օրենքով արգելված/պատժելի արարք։
ՀԱՐՑ – Իսկ ՀՀ-ում ինչպե՞ս պետք է պայքարել «ֆեյք»-երի և «մանիպուլյատիվ» նյութերի դեմ։
ՊԱՏԱՍԽԱՆ – Պետք է բարձրացնել հասարակության մեդիագրագիտության մակարդակը։
Փաստաբան Վահագն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: