Տևական հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ստորաբաժանումները 1992թ. ապրիլի 10-ին ներխուժեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ՝ ոչնչացնելով ու հրկիզելով այն: Մարաղայում մնացած մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներին գազանաբար սպանեցին, անդամահատեցին ու ողջ-ողջ այրեցին, մի քանի տասնյակին էլ գերեվարեցին՝ տանելով անհայտ ուղղությամբ: Նրանց մի մասը հետագայում փոխանակվել է, իսկ 19 անձի ճակատագիրն առայսօր շարունակում է մնալ անհայտ:
Մարաղայի կոտորածն անջնջելի հետք է թողել ռազմական լրագրող, «Լրաբեր» ծրագրի թղթակից, ներկայումս ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվության և հասարակության հետ կապերի վարչության ղեկավար Վրեժ Սարուխանյանի հուշերում, որը ողբերգության հաջորդ օրը՝ ապրիլի 11-ին, այցելել է Մարաղա:
Վրեժ Սարուխանյանը պատմում է, որ 1992թ. ապրիլի 10-ին օպերատոր Վոլոդյա Հարությունյանի հետ Ստեփանակերտում էին. լսել էին, որ Մարաղայում իրավիճակը ծանր էր, սակայն հստակ տեղեկատվությունը քիչ էր, քանի որ այն ժամանակ հաղորդակցության միջոցները շատ քիչ էին, իսկ ճանապարհները հիմնականում հրետակոծվում էին: Ապրիլի 10-ին բենզին չլինելու պատճառով նրանց չի հաջողվում լինել Մարաղայում, սակայն հաջորդ օրը, երբ հայկական ինքնապաշտպանական ուժերն ազատագրել էին գյուղը, նա դիմում է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և վերջինիս հետ նրա մեքենայով մեկնում Մարաղա:
Հասնելով Մարաղա՝ Վրեժ Սարուխանյանի առջև բացվում է դժոխային պատկեր. «Գյուղն ամբողջովին ավերված, քանդված ու ջարդված էր, մի նորմալ տեղ չէր մնացել: Թալանել, ջարդել ու ավերել էին ամեն ինչ»,– ասում է նա: Վերջինս որոշում է առանձնանալ Ա. Մկրտչյանից՝ նկարահանումներ իրականացնելու համար: Ճանապարհին նրանք տեսել են ադրբեջանցի զինծառայողների մի քանի դիակ [գյուղի ազատագրման ժամանակ սպանված՝ խմբ.]: «Ադրբեջանցիների դիակները մերոնք չէին պղծել, մեր զինվորները երբեք դիակ չեն պղծում, և դիակապտությամբ, դիակ թալանելով չեն զբաղվում: Դա մեր զինվորի վեհությունից է»,– ասում է Վրեժ Սարուխանյանը, որը Մարաղա այցելել է գյուղն ազատագրելուց անմիջապես հետո: Մարաղայում նա տեսել է նաև Ադրբեջանի ոստիկանության աշխատակցի դիակ, ինչը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ գյուղի վրա հարձակվել են այդ պահին Ադրբեջանում առկա բոլոր զինված կառույցների զինծառայողները, այդ թվում՝ բանակի, ոստիկանության և ՕՄՕՆ-ի:
Այնուհետև նրանք տեղեկացել են, որ [Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն] Քոքսն ու Զորի Բալայանը միջազգային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ եկել են Մարաղա՝ նկարահանումներ իրականացնելու: Վ. Սարուխանյանն ու իր օպերատորը նույնպես որոշում են միանալ նրանց: Հանդիպելուց և զրուցելուց հետո ևս մի քանի ժամ շարունակում են նկարահանումները:
«Ամբողջ փողոցներում դիակներ, սպանված կենդանիներ, հեռուստացույց, սառնարան, գույք էր. ինչ կար-չկար տներից հանել-թափել էին փողոցում, ինչ կարողացել էին՝ տարել էին, ինչ էլ չէին կարողացել՝ ջարդել էին: Մի ահավոր իրավիճակ էր: Գյուղն ավերված էր, ոչ մի կենդանի շունչ չկար: Այդ պահին մի ճնճղուկ նկատեցի. կանգնած էդ ավերակների վրա, ճռվողում էր: Ասացի՝ Վոլոդյա նկարի ճնճղուկին, որպեսզի ֆիլմ պատրաստենք, և մարդիկ տեսնեն, որ գյուղում միակ կենդանի շունչը տվյալ պահին մնացել էր այդ ճնճղուկը»,– պատմում է Վ. Սարուխանյանը:
Մարաղայում տեսածը Վ. Սարուխանյանին հիշեցնում է Վ. Հյուգոյի՝ «այստեղով թուրքն է անցել» խոսքերը: «Մարաղան նման էր դանթեական դժոխքի. ավերված, շատ ծանր էր: Տարիներ են անցել, բայց Մարաղայի այդ կադրերը, պատմությունն անընդհատ աչքիս առաջ է»,- ասում է նա: