Անոմալ ցրտի պատճառով թռչունները ստիպված լքել են իրենց բներն ու ձագերին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Անոմալ ցրտի պատճառով թռչունները ստիպված լքել են իրենց բներն ու ձագերին. armeniasputnik.am

Կլիմայական փոփոխությունների հետևանքով Հայաստանում նվազում են նստակյաց թռչունները։ Այս տարի նրանք ուղղակի լքել են իրենց բներն ու դրանցում թողել դեռ ձվից դուրս չեկած իրենց ձագերին։

Սյունիքի մարզի «Շիկահող» կենսոլորտային համալիրում բնության օրենքներին հակասող դեպք է գրանցվել։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնում է համալիրի աշխատակից, կենսաբան Հարութ Աղաթելյանը կեռնեխը թողել է իր ձվադրած բույնն ու հեռացել։ Պատճառը տարվա այս եղանակի համար գրանցված անոմալ ցուրտն է։

«Լուսանկարում երգող կեռնեխի բույնն է, որը մոտ մեկ շաբաթ է, ինչ թխսակալել էր և շուտով պետք է ձագեր ունենար: Սակայն տարվա այս ժամանակահատվածում, հանկարծակի տեղացած, երկարաձգվող ձյան, ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով նա թողել է բույնն ու հեռացել»,– գրում է Աղաթելյանը` հրապարակելով նաև լքված բների լուսանկարները։

Ըստ կենսաբանի, կեռնեխները միակ թռչնատեսակը չեն, որ ստիպված են եղել հեռանալ իրենց բներից։ Նրա խոսքով, այդ քայլին են դիմել նաև արշալուսիկները, երկնագույն երաշտահավերը, կարմրակատարները, կանաչ սերինոսներն ու այլ տեսակներ։ «Մեծ քանակությամբ արդեն թխսակալած թռչուններ թողեցին բներն ու հեռացան»,– գրում է մասնագետն ու հավելում, որ երբ եղանակը տաքանա, նրանք նորից կվերադառնան իրենց բույն ու կբնադրվեն։ Բայց լքված սերունդն անդառնալի կորսված է։

«Մեզ մոտ կան թռչնատեսակներ, որոնք տարվա մեջ պատահում էր 2-3 անգամ սերունդ էին տալիս, իսկ հիմա անբարենպաստ պայմանների պատճառով այդ քանակը նույնպես կրճատվել է»,– գրում է Աղաթելյանը։

Մասնագետի դիտարկմամբ, այս երևույթը միայն այս տարվան չէ բնորոշ։ Վերջին տասնամյակում Հայաստանի նստակյաց թռչնատեսակների քանակը համեմատաբար նվազել է կլիմայական փոփոխությունների պատճառով։

Եթե նախկինում թռչունները տարվա այս եղանակին հանգիստ բնադրում ու ձվադրում էին, ապա վերջին տարիներին` ապրիլ-մայիս ամիսներին հաճախ ստիպված են լինում լքել իրենց բները` ձյան առատ տեղումների պատճառով։

armeniasputnik.am