Մարտին Ջերմակյանի հրապարակումը.
«1914 թվականի հոկտեմբերի 31-ին Թուրքիան, պաշտոնապես, դարձավ Առաջին Համաշխարհային պատերազմի մասնակից՝ Գերմանիայից գնված ու դեռևս գերմանական անձնակազմով համալրված երկու նավերով անակնկալ հարձակում կատարելով Սև ծովի ռուսական նավահանգստերի դեմ:
Հաջորդ օրը, նոյեմբերի 1-ին, Ռուսաստանը Թուրքիային պատերազմ հայտարարեց:
Սրանից ոչ շատ ժամանակ անց, Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը հատուկ ուղերձով դիմեց հայությանը:
Իր ուղերձով նա հայությանը կոչ էր «միանալ իր հաղթական դրոշի տակ և կռվել հանուն Ռուսաստանի հաղթանակի»:
Փոխարենը, նա հայությանն ազատություն շնորհել էր խոստանում հաղթանակից հետո:
Ամեն ինչից դատելով, այս ուղերձը միտված էր ո’չ թե արևելա-, այլ՝ արևմտա-հայությանը:
Պատմության փաստագրական շարադրանքը մեզ տեղեկացնում է, որ, 1905 թվականից սկսած, ի պատասխան արևելյան Հայաստանի անկախության նկրտումներին, Ռուսաստանը ձեռնարկել էր հայության հանդեպ կիրառվող պատժամիջոցներ՝ նախ և առաջ հայությանը թշնամեցնելով մինչ այդ թշնամի չհանդիսացող կովկասյան թաթարների կամ ադրբեջանցիների հետ, ու հայ ազատագրական պայքարի մայրուղային սլաքը Ռուսաստանից շեղելով դեպի պաշտպանական կամ ադրբեջանա-հայկական փոխադարձ կոտորածների փակուղի:
Եթե Ռուսաստանը արևելահայությանը ազատություն տալու ցանկություն ունենար, ապա դրա համար իրեն պատերազմի հաղթական ավարտն անհրաժեշտ չէր, և այն դա կարող էր անել կամային արտահայտությամբ ու վերջին գրեթե տաս տարիների ընթացքում՝ գրեթե ամեն տարի:
Սակայն, սա Ռուասաստանի ծրագրերի մեջ չէր մտնում և հետագա դեպքերը եկան հաստատելու նման մտքերի իր բացակայությունը:
Այսպես, ուղերձի դրվածքից հասկանալի էր դառնում, որ այն ուղղված էր արևմտահայությանը և, առնվազն Թուրքիայի կողմից, այն այդպես էլ ընդունվեց:
Սա, ինքնին, բավական էր, որպեսզի Թուրքիայի իշխանությունը լուրջ մտահոգություններ ու անվստահության լուրջ պաշար ձեռք բերեր իր ենթակա հայ բնակչության նկատմամբ:
Այլ կերպ ասած, թե ինչպիսի հավատարմություն կցուցաբերեր արևմտահայությունը, սա անգամ կարևոր չէր, քանի որ այն ուներ և’ ապստամբելու շարժառիթը, և’՝ պատճառը, և, ինչպես հիմա առաջակվում էր՝ հնարավորությունը:
Պետք է նշել, որ մինչ արևմտահայությունը այս ուղերձին զանգվածայնորեն չարձագանքեց, և սա իր բացատրություններն ուներ, այնուամենայնիվ, այն արձագանքեց որոշ չափով: Իսկ արևելահայության արձագանքն ավելի զանգվածային էր:
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Թուրքիայի դեմ, թեպետ բարձր մարտականությամբ, կռվող արևմտահայության կամավորական զորամիավորման թիվը հասնում էր երկու հազարի: Մինչ, հայտնի է, որ արևելահայերից կազմված զորամիավորումները, ընդհանուր թվով 150 հազար, թուրքական ճակատի փոխարեն, մաքիավելական հմտությամբ, նետվել էին ավստրո-հունգարական ճակատ:
Ավելորդ է ասել, որ Նիկոլայ 2-րդը ոչ միայն իր խոստումը չկատարեց, այլ մինչև պատերազմի ավարտն իսկ, նպաստեց թուրքերի ու քրդերի կողմից արևմտահայության կոտորածներին ու տեղահանությանը:
Սա արվեց այն բանի բերումով, որ ո’չ Թուրքիային, ո’չ էլ Ռուսաստանին ցանկալի չէին այս աշխարհագրության հայերով բնակեցումը:
Մասնավորապես, ինչպես մեզ հայտնի է ռուսական գեներալ Յուդենիչի Կովկասյան փոխարքային ուղարկված նամակից, հաջողության դեպքում, նրանք ծրագրեր ունեին արևմտահայաստանը բնակեցնել ռուսական կազակներով:
Ավելին, ամեն կերպ, նրանք փորձում էին սահմանափակել արևմտհայկական կամավորական ջոկատների հաջողությունները և թույլ չտալ նրանց զորացումը, քանի որ հետո դժվար պիտի լիներ սրանց հետ շրջել Անկախ Հայաստանի ստեղծման ճանապարհից:
Ավելին, ռուսական իշխանություններն ու իրենց զորամիավորումները, էլի մաքիավելական ոճով, մինչ մերժելով նրանց զինել, նպաստում էին հայության դեպի Ռուսաստան և արևելահայաստան գաղթին:
Իհարկե կարելի է հարց տալ, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից այս մաքիավելական ռազմավարության բացակայության դեպքում հայերը Թուրքիայի կողմից կենթարկվեին ցեղասպանության:
Ես կարծում եմ, որ՝ այո: Սա գրված էր հայության «ճակատին»: Բանն այն է, որ եթե անգամ զանգվածային մակարդակով, հայությունը չուներ անկախության նկրտումներ, այնուամենայնիվ, իր վերնախավն այն ուներ ու արդեն մոտավորապես 25 տարի դա զգացնել էր տվել:
Այսպես, թե այնպես, հայությունը կենտրոնախույս տրամադրությունների համբավ ուներ և, առնվազն թրքական պատկերացումներով, անհուսալի տարր էր:
Ուրեմն, առնվազն հետադարձ հայացք նետելով ապագայի բարձունքից, ի՞նչ էր մնում անել հայությանը.
ա) Արևելահայության վերնախավի կողմից պետականամետ ու պետականաշեն կեցվածք ընդունելն ու ավստրո-հունգարական ճակատ ուղարկվել մերժելը կլիներ՝ պահանջելով, որ իրենց տեղակայեին թուրքական ճակատ: Սակայն, դարերի ընթացքում, արևմտահայության և արևելահայության միջև այնպիսի բաժանարար վիհ էր ստեղծվել, որ, անգամ ըստ Հովհաննես Թումանյանի վկայությունների, արևելահայությունն առանձնապես բարձր զգայականություն չուներ արևմտյան Հայասանի ու արևմտահայության նկատմամբ: Ըստ էության, անգամ արևմտահայության ցեղասպանությունն արևելահայության կողմից ընդունվել էր զգալի սառնությամբ՝ կարծես թե սա իրենց չէր վերաբերվում:
բ) Մյուս կողմից, գնահատելով իրավիճակը և հավանաբար հասկանալով, որ արևմտահայությունը ժողովրդագրականորեն խիստ ցրված էր և դժվար էր նրանց կազմակերպել, 1914 թվականին, ՀՅԴ-ն հայության հավատարմությունն էր հայտարարել Օսմանյան գահին:
Մինչ ես հասկանում եմ դաշնակցության այս որոշման շարժառիթները, այնուամենայնիվ, սա որևէ նպաստավոր ելքի չհանգեցրեց և սխալ որոշում էր:
Ի վերջո, բոլոր այն տարածքներում, ուր կազմակերպվեց զինված դիմադրություն կամ ապստամբություն, գոնե մասնակիորեն, հայությունը փրկվեց: Իհարկե կալվածքները կորան, սակայն դրանք կորելու էին այսպես, թե՝ այնպես:
Արդյոք ի՞նչ կարելի է եզրակացնել:
Իմ ընդհանրական եզրակացությունն այն է, որ անգամ ամենաանբարենպաստ պայմաններում, սեփական ուժերին ապավինելն ու անգամ փոքրաթիվ սեփական ուժերով դիմադրություն ցույց տալը չդիմադրելուց գերադասելի արդյունք է տալիս:
Ըստ իս, հարյուր տարի անց, հայությունն այս դասը դեռ չի սովորել»: