Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեսբուքում գրել է.
«Երևանի խնդիրների մասին հազվադեպ եմ բան ասում: Բայց այս մեկը կարևոր համարեցի, քանի որ ենթակառուցվածքի մասին է խոսքը, հետևաբար մեծ հանրային գումարների:
Ուրեմն տեղեկացա, որ աղբահանության մեջ Երևանի քաղաքապետարանի ներգրավումը իրականացվելու է նոր ստեղծվող կազմակերպության միջոցով, որը ունենալու է հիմնարկի կարգավիճակ:
Ինձ համար որպես հանրային ֆինանսների կառավարման մասնագետ այստեղ առկա են մի շատ խնդիրներ, որոնց վերաբերյալ ինչքան հասկանում եմ պատասխաններ չկան:
Որոնք են այդ խնդիրները:
– Աղբահանության գործընթացը և ընդհանրապես համակարգը տնտեսական ենթակառուցվածքի մաս է: Այստեղ կապիտալ ներդրումներ իրականացնելիս պետք է հիշել, որ սխալներ անելու դեպքում դրանք որոշակի տևական ժամանակով անդառնալի են լինելու: Քանի որ մեծ կապիտալ ծախսեր են ենթադրում և սխալ հաշվարկների կամ պլանավորման դեպքում «հետողորմյա» անել ուղղակի անհնար կլինի: Ուստի պարտադիր ներդրումային ծրագիր պետք է լինի` գնահատված ֆինանսական տարբեր գործիքներով: Ինչքանով տեղյակ եմ նման ծրագիր, ֆինանսական մոդելի համակցությամբ գոյություն չունի:
– Ներդրումային ծրագրի առկայությունը շատ կարևոր է նաև հասկանալու համար, թե որ տարբերակն է ավելի քիչ ծախսատար, մասնավոր օպերատորի ներգրավումը, թե` պետության (Էն փոխվարչապետը, որ կառավարության նիստում փորձում էր լսելի լինել երդումներ տալու «սպառնալիքով» պարտավոր էր նման հարցեր բարձրացնել, ոչ թե երդմամբ հայտարարեր, որ երկրորդ օպերատորը շահեկան չի լինի):
– Որպեսզի հասկանալի լինի, թե որ տարբերակն է ավելի քիչ ծախսատար, հարկավոր էր Սանիթեկի ֆինանսական հաշվետվությունները ուսումնասիրել և հասկանալ գնագոյացման մեխանիզմը, այնուհետ սա համադրել պետության ներգրավման դեպքում գնագոյացման և ֆինանսական հոսքերի հետ:
– Սրանից հետո, եթե պարզվեր պետության ներգրավումը ավելի քիչ ծախսատար է, և ավելի նպատակահարմար, ապա դա պետք էր անել առևտրային կազմակերպություն ստեղծելով, այլ ոչ թե` հիմնարկ: Ինչու:
— Այս կազմակերպությունը հարկավոր է ստեղծել շուկայի պայմաններում գործելու տրամաբանության մեջ և հետևաբար ամբողջ ֆինանսական կառավարման գործընթացը իրականացնել մասնավոր հատվածի ստանդարտներով: Սա հնարավորություն կտար հասկանալու արդյոք իրատեսական էին հաշվարկները, ինչքանով էին արդարացված պետության կողմից աղբահանության մեջ ներգրավումը, ի հակադրություն մասնավոր օպերատոր ներգրավելու: Հասկանալ հարկատուների փողի դիմաց ինչ արժեք ենք ստանում:
— Սա նաև կարևոր է հասկանալու համար, թե արդյոք շուկայական հարաբերություններում պետությունը չի խաթարում մրցակցային միջավայրը, և վանում այլ պոտենցիալ մասնավոր օպերատորների, որոնք ավելի քիչ ծախսատար և ավելի որակյալ կլինեին:
— Ինչու հիմնարկը չի տալու այս հնարավորությունը: Հիմնարկի դեպքում ֆինանսական կառավարման ամբողջ տրամաբանությունը փոխվում է: Օրինակի համար ասեմ, որ հանրային ոլորտի հաշվապահական հաշվառման ստանդարտների ներդրումը սկսել է մի երկու տարի առաջ, և ամբողջովին ներդրված չէ: Եվ հետևաբար շատ պետական հիմնարկներ և կազմակերպություններ չեն կազմում ֆինանսական հաշվետվություններ, օրինակ հաշվեկշիռ, չեն կիրառում ամորտիզացիայի գաղափարը:
Ես կասկածում եմ, որ Երևանի քաղաքապետարանը արդեն ամբողջությամբ ներդրել է այս ստանդարտները և լաիրժեք կազմում է բոլոր ֆինանսական հաշվետվությունները:
Մյուս կողմից, մեր մասնավոր հատվածը գործում է Միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան և հետևաբար ավելի նպատակահարմար է վերոնշյալ տեսնակյունից:
Կարճ ասած հիմնարկի դեպքում աղբահանության ծառայությունների իրական գին ստանալը և արդյունավետ ֆինանսական կառավարումը դառնալու է ոչ իրատեսական, իսկ եթե չափազանցություն չհնչի, ապա ասեմ` անհնարին:
–Հետևաբար, աղբահանությանը հաջորդող փուլերում, օրինակ աղբի վերամշակում չենք կարողնալու մասնավոր կազմակերպություն բերել, ուղղակի պարզ պատճառով, որ այդպես էլ չհասկացանք, այս ենթակառուցվածքում, որ տարրերն էին շահավետ, իսկ որոնք վնասաբեր, որում և պետք է պետության ներգրավվածությունը:
Այս ամենը ասելուց հետո, մնում է հավելեմ հետևայլը: Եթե արդեն որոշումը կայացվել է հիմնարկ ստեղծելու կնշանակի վերոգրյալ կարևոր և էական հարցերը բաց են մնացել:
Կնշանակի կրկին որոշումները կայացվել են, ոչ մասնագետների կամ Չկառավարիչների կողմից: Արդյունքում կրկին գնում ենք անհասկանալի որոշումների դաշտ, որի հետևանքով հարկատուների միջոցներն են ոչ արդյունավետ ծախսվելու կամ նույնիսկ` մսխվելու:
հ.գ.
Ինձ երբեմն թվում է, որ Հայաստանը անդառնալի լռվել է չիմացության և տգիտության ճիրաններում: Եվ ցանկացած նոր հնարավորություն, որ ենթադրում էր ավելի լավ որոշում և կառավարում բերելու, ընդամենը հերթական հնարավորությունն է տեղում դոփելու և հնին ու վատին վերադառնալու»: