ԱԺ-ն չի ցրվի ԲԿՀ-ի՝ մանդատներից հրաժարվելու դեպքում. fip.am
Advertisement 1000 x 90

ԱԺ-ն չի ցրվի ԲԿՀ-ի՝ մանդատներից հրաժարվելու դեպքում. fip.am

«Հրապարակ» օրաթերթը մայիսի 2-ին հրապարակել է «ԲՀԿ-ն սպառնում է արտահերթ ընտրություններով» վերնագրով մի հոդված, որն ակտիվորեն տարածվում է լրատվական մի շարք կայքերի կողմից։

Հրապարակման հեղինակը, հղում անելով ԲՀԿ իր աղբյուրին, նախ գրում է, որ ԲՀԿ-ի պատգամավորները մեկ մարդու նման վայր կդնեն իրենց մանդատները, եթե այդպես ասի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա հետաքրքրվում անանուն սահմանադրագետից, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ ԲՀԿ պատգամավորների՝ մանդատները վայր դնելը։

Ըստ անանուն սահմանադրագետի, ԲՀԿ-ի՝ մանդատները վայր դնելու դեպքում խորհրդարանը կդառնա հակասահմանադրական, քանի որ ընդդիմությունը չի ունենա մանդատների ⅓-ը, և ստեղծված իրավիճակը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Նկատենք, սակայն, որ սույն սահմանադրագետի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ ամրագրվում են այն բոլոր դեպքերը, երբ Ազգայի ժողովը կարող է արձակվել։ Մասնավորապես, Ազգային ժողովն արձակվում է, եթե երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում, կամ եթե երկու անգամ անընդմեջ հավանության չի արժանացնում կառավարության ծրագիրը։

Սահմանադրությունը չի նախատեսում դեպքեր, երբ ԱԺ-ն կարող է արձակվել մանդատները վայր դնելու դեպքում։ Ավելին, Սահմանադրությամբ չի ամրագրվում, որ ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի ⅓-ը։ Սա կարգավորվում է Ընտրական օրենսգրքով, որի համաձայն՝ մանդատների բաշխման ժամանակ ընդդիմությանը պետք է տրվեն լրացուցիչ մանդատներ՝ այնքան, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի մեկ երրորդից ոչ պակաս (հոդված 96)։

Սա, սակայն, չի նշանակում, որ ընդդիմությունը հետագայում միշտ պետք է ունենա  մանդատների առնվազն ⅓-ը։ Այլ կերպ ասած՝ եթե ընդդիմադիր պատգամավորների թիվը Ազգային ժողովում նվազեց կամ ավելացավ, Ազգային ժողովը չի կարող դառնալ հակասահմանադրական։

Սրա հետ մեկտեղ պետք է նշել, որ եթե Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը մանդատների վայր դնելու պարագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրավական հնարավորություն տային, ապա այդ գործընթացը հնարավոր կլիներ կիրառել (և ինչու ոչ նաև «Բարգավաճ Հայաստան»խմբակցության կողմից) 2018 թվականի աշնանը, երբ գործող իշխանությունը Ազգային ժողովը ցրելու մեխանիզմներ էր փնտրում։

fip.am



Նման նյութեր