«Ուզում եմ թվարկել մի քանի բան, որ արվում է քաղաքացիների հաշվին». Հակոբ Կարապետյան
Advertisement 1000 x 90

«Ուզում եմ թվարկել մի քանի բան, որ արվում է քաղաքացիների հաշվին». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի այսօրվա ասուլիսից հետո մի քանի տեղ վերնագրեր եմ կարդում. «Վերելակների հարցը կլուծվի բնակիչների գրպանից», «Ապառիկ վերելակներ», «Տրանսպորտի բարեփոխումների համար վճարելու են երևանցիները» և այլն:

Ես, իհարկե, հարգում եմ ցանկացած լուր սեփական հայեցողությամբ մատուցելու՝ իմ գործընկերների իրավունքը: Միևնույն ժամանակ, ուզում եմ թվարկել մի քանի բան, որ արվում է (չզարմանաք) քաղաքացիների հաշվին:

Եվ այսպես.

1.Քաղաքացիների հաշվին են կառուցվում/վերանորոգվում ճանապարհները,
2.Քաղաքացիների հաշվին են ձեռք բերվում բանակի սպառազինությունները
3.Քաղաքացիների հաշվին են վերանորոգվում դպրոցները,
4.Քաղաքացիների հաշվին են վերանորոգվում հիվանդանոցները,
5.Քաղաքացիների հաշվին են վերանորոգվում մանկապարտեզները,
6.Քաղաքացիների հաշվին են կանաչապատվում հանրային տարածքները,
7.Քաղաքացիների հաշվին են վճարվում կենսաթոշակները,
8.Քաղաքացիների հաշվին են լուսավորվում փողոցները,
9.Քաղաքացիների հաշվին են կառուցվում/վերանորոգվում կոյուղագծերը, ջրագծերրը, հոսանքի գծերը եւ այլն
10. Առաջարկեք Ձեր տարբերակը:

Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է անում էդ դեպքում քաղաքապետարանը, ի՞նչ է անում առհասարակ, հանրային իշխանությունը:
Պատասխան. նա կազմակերպում է այդ ողջ գործընթացը. հավաքում է մարդկանցից հարկերն ու տուրքերը և բաշխում է ըստ ոլորտների և ըստ առաջնահերթությունների:

Երբ մենք ուզում ենք վերանորոգել մեր բնակարանը, վարձում ենք բանվորների, վարպետների, վճարում ենք նրանց ՄԵՐ ԳՐՊԱՆԻՑ և տալիս ենք առաջադրանք (օրինակ՝ սենյակս ներկիր բաց կանաչ գույնով, բաղնիքում մանր գույնզգույն սալիկներ արա, պատուհանները փոխիր և այլն): Վարպետները մեր տված գումարով առնում են անհրաժեշտ շինանյութը՝ սալիկներ, ավազ, ներկ, գաջ, ցեմենտ, սոսինձ, սանտեխնիկա, պաստառներ և այլն, քո տված ժամկետներում վերանորոգում են բնակարանը և ստանում են իրենց վարձատրությունը:
Նույն կերպ ժողովուրդը վարձում է պաշտոնյաներին, տալիս է առաջադրանք, վճարում է նրանց և սպասում է արդյունքների: Սա՛ է հանրային կառավարումը, նոր բան չկա:

Հիմա երևանցիները քաղաքային իշխանության վրա հանձնարարություն են դրել՝ բարեփոխի՛ր տրանսպորտը, ստեղծի՛ր կանաչ տարածքներ, վերանորոգի՛ր մանկապարտեզները, թարմացրու՛ վերելակները և այլն:
Այս բոլոր ծրագրերը, բնականաբար, ժամանակ են պահանջում և նրանք ընթացքի մեջ են: Քանի որ էս երկար գրառման առիթը վերելակներն են, կրկին հիշեցնեմ, որ արդեն բառացիորեն վաղվանից մեկնարկում է նոր վերելակների տեղադրման պիլոտային ծրագիրը, որը կֆինանսավորվի քաղաքային բյուջեից (իսկ բյուջեն, հիշեցնեմ, ձևավորվում է մեր վճարած հարկերից ու տուրքերից)»:



Նման նյութեր