Վերակիրառություն է ստացել վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Խոսքն այն վարորդների մասին է, որոնք 2017 թվականից իրավունք էին ստացել չկնքել ԱՊՊԱ պայմանագրեր, եթե իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չէին շահագործվում, եթե անգամ պետհամարանիշները հանձնված չէին ճանապարհային ոստիկանությանը:
Այս տարվա մայիսի 6-ից սկսած ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պահանջը պարտադիր է համարվում բոլորի համար: Մինչև հիմա այդ արտոնություններից օգտված վարորդների, ինչպես նաև ԱՊՊԱ գործակալությունների համար օրենքի կիրառումը որոշակի խնդիրներ է ստեղծել:
Տրանսպորտային բոլոր միջոցների համար գույքահարկի ու տեխզննության համար պահանջվող վճարումներից բացի, 2010 թվականից պարտադիր հարկատեսակ դարձավ ԱՊՊԱ պայմանագիրը: Պարզապես այդ պարտադրանքը շրջանցեց այն վարորդներին, ովքեր տրանսպորտային միջոցները չէին շահագործում կամ հաշվառումից չէին հանել: Այս արտոնությունը նման մեքենայատերերի համար գործում էր մինչև հիմա:
Բայց 2019 թվականի մայիսի 6-ից բոլոր վարորդները ենթարկվում են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտադիր պահանջին: Օրենքի վերակիրառման մեխանիզմների մասին պարզաբանումներ տվեց Հանրապետության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը:
«Տուգանքի հաշվարկի եղանակը հետևյալն է`յուրաքանչյուր 10 օրվա համար չկնքված ԱՊՊԱ պայմանագրի դեպքում առաջանում է 5000 դրամի չափով տուգանք, որը տարվա ընթացքում չի կարող գերազանցել 100 հազար դրամի չափը»:
Այսինքն`Ճանապարհային ոստիկանության ու ԱՊՊԱ բյուրոյի բազաներում առանձնացվելու են այն ավտոմեքենաները, որոնք մինչ օրս ապահովագրական պայմանագրեր չեն ունեցել: Բոլոր վարորդներին առանց նախազգուշացման ուղարկվում են վարչական տույժերի ակտեր: Իսկ տուգանքները վերաբերելու են միայն մայիսի 6-ից հետո ԱՊՊԱ պայմանագրեր չունեցող վարորդներին: