Սինգապուրը լավագույն վայրն է ճանաչվել երեխաների կյանքի ու դաստիարակության համար: Այդ մասին վկայում են Save The Children բարեգործական կազմակերպության կողմից անցկացված հետազոտության տվյալները, որը գնահատել է իրադրությունը աշխարհի 176 պետություններում ու տարածքներում: Միակ ասիական երկիրը, որը, բացի Սինգապուրից, հայտնվել է տասնյակում, դարձել է Կորեայի Հանրապետությունը, որն Իտալիայի հետ կիսել է ութերորդ տեղը:
Առաջատարների եռյակում տեղ են գտել նաեւ Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Սլովենիան, որոնք բաժանել են երկրորդից երրորդ տեղերը: Ինչպես նշվում է զեկույցում, Սինգապուրն առավելագույն միավորներն է հավաքել այնպիսի կարեւոր ցուցանիշով, ինչպիսին «Մանկության ավարտվելու ինդեքսն» է, որը ներառում է մանկական մահացությունը, այդ թվում՝ բռնի, սովը, կրթությունից օգտվելու հնարավորությունը, դեռահասային հղիությունն ու ամուսնությունը, երեխաների աշխատանքի անօրինական օգտագործումը, տեղահանությունը զինված հակամարտությունների պատճառով: Բացի այդ, հետազոտության համաձայն, հանրապետությունը լավագույն ցուցանիշն է արձանագրել կրթական ծրագրերից անչափահասների օգտվելու ասպարեզում: Այստեղ է գրանցվել այն երեխաների թվի ամենացածր ցուցանիշն աշխարհում, որոնք դպրոց չեն հաճախում՝ 0,1 տոկոս: Save The Children-ի տեղական ծրագրի ղեկավար Ալֆրեդ Թանը նշել է, որ տնտեսական բարձր ցուցանիշների շնորհիվ Սինգապուրում բավարար ֆինանսավորում են ստանում սոցիալական ծրագրերը, այդ թվում՝ մանկական: Նրա խոսքով՝ կրթության սինգապուրյան համակարգը լավագույններից մեկն է աշխարհում, մանկական մահացությունը ամենացածրերից մեկն է՝ 2,8՝ հազար բնակչի հաշվով: Մինչդեռ նա նախազգուշացրել է այն նոր սպառնալիքների մասին, որոնք իր հետ բերում է Համացանցը: «Վիրավորանքները, իսկ ծայրահեղ դեպքերում նույնիսկ ինքնասպանության հասցնելը. այս ամենը, ցավոք, այսօրվա իրողությունն է»,- խոստովանել է Թանը: