Ում տունը որ փնտրում էինք, անունը Ռուզվելտ էր, հեռախոսով բացատրեց իր տան տեղը, հետո գյուղ հասնելուն պես հեռախոսը անհասանելի դարձավ, մենք էլ եկել-եկել էինք՝ ամբողջ գյուղով մեկ Ռուզվելտի դաչան էինք փնտրում։
Գյուղը խճճված էր ու զարտուղի՝ հարցուփորձ էինք անում։ Հարցնում էինք ջահել տղերքին, բոլորը գիտեին, բացատրում էին՝ գնում էինք վստահ, որ գտնելու ենք՝ առաջին խաչմերուկից աջ, հետո յոլկի մոտից էլի աջ, հետո աթարի բուրգերի մոտից էլի աջ ու մինիմարկետի մոտից ուղիղ, գնում էինք՝ դեմ առնում փակուղու, հարցնում էինք գյուղի տատիներին՝ վստահ գիտեին Ռուզվելտին, իբրև պարկեշտ ու հարևանին հասնող մարդ էին նկարագրում, բացատրում էին՝ երկու հատ ձախ, հետո դեղին գազի տռուբից աջ՝ հենց երկորրդ տունը՝ գնում էինք ու դեմ առնում ձորակի, հարցնում էինք գյուղի երեխեքին, ժպտում էին քամահրական, ու ասում, ոնց չգիտենք Ռուզվելտի դաչան՝ կանալի երկայնքով գնում եք մինչև միակ կամրջակը, հետո աջ, հետո ուղիղ մինչև կռազի կմախքը, հետո ձախ մինչև մեծ ընկուզենին, դրա մոտից ներքև, երկնագույն դարպասները կտեսնեք, դա է, գնում էինք, գնում՝ գտնում էինք կանալը, կամրջակը, կմախքը, ընկուզենին, բայց երկնագույն ոչ մի դարպաս․․․ կեսօրին մոտ ամբողջ գյուղն արդեն գիտեր, որ Ռուզվելտի դաչան էինք փնտրում ու բոլորը զարմանում ու տարակուսում էին, որ էդ անտեր հողակտորն իր մշտական տեղում է, իրենք էլ պարզ ու հասկանալի բացատրում են, իսկ մենք չենք գտնում։ Մի ջահել կին՝ երկու մանկահասակ երեխայի հետ, էդպես տնային շորերով, իբրև իր լճացած օրվա համար բազմազանության օրակարգ, որոշեց ուղեկցել մեզ, բայց կես ճամփին վայբերին ռուսաստանից զանգ եկավ, ոնցոր ամուսինն էր, սաստեց խեղճ կնոջը՝ թողեց հետ գնաց հուզված։
Գյուղի կեսի հետ ծանոթացանք, ոմանց հետ մտերմացանք, մեքենայի կողերն ու տակը քերեցինք մի երկու տեղ, մի տեղ սուրճ խմեցինք, մի տեղ տաք թխած լավաշ ու խնձոր կերանք, քամահրական հայացքներ ու կարեկցող խոսքեր ստացանք, բայց Ռուզվելտի դաչան չգտանք էդպես էլ։
Կարեն Անտաշյանի էջից: