Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետխորհրդային տարածքում ընդամենը երկու երկիր կա, որ 1991-ից այս կողմ պատերազմել ու հաղթել է։
Մեկը Ռուսաստանն է, որն այս 27 տարիներին կռվել է միայն իրենից թե՛ տեխնիկապես, թե՛ թվաքանակով շատ ավելի թույլ հակառակորդների դեմ (երկրի ներսում՝ Կովկաս, երկրից դուրս՝ Վրաստան, Ուկրաինա, Սիրիա)։
Մյուսը մենք ենք։ Ընդ որում, հաղթել ենք՝ լինելով մի կողմից շրջափակված, մյուս կողմից կռվելով թե՛ սպառազինությամբ, թե՛ կենդանի ուժով, թե՛ նյութական ռեսուրսներով մեզ գերազանցող թշնամու դեմ։
Պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ հզոր բրենդ կարող էր լինել Հայաստանի համար։
Այնուամենայնիվ, տասնամյակներով թե՛ արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ները, թե՛ նախկին ընդդիմության զգալի մասը, և թե՛ ադրբեջանցիները փորձել են հնարավորինս նվազեցնել այդ հաղթանակի կարևորությունը և համոզել մեզ, որ այն իբր աղետ էր, որը կանգնացրել է երկրի զարգացումը և հասցրել մեզ անդունդի եզր։
Երկրորդը․ այսօրվա իշխանությունները, փորձելով վարկաբեկել նախկինների արածը, շարունակում են իրենց նախկին քաղաքականությունը, չեն խնայում ոչ մի բան։
Պետության նախկին ղեկավարներին հանցագործ են անվանում, հարցականի տակ են դնում 29 տարվա պետականաշինության ամեն քայլ, «սիրո և համերաշխության» կարգախոսների տակ պառակտում և ատելություն են ցանում աջ ու ձախ։
Նույն «անցումային հաշվեհարդարադատության» թեմայով քացու տակ են գցում պետության ամբողջ իրավական համակարգը՝ հավասարեցնելով Հայաստանը պատերազմում ջախջախված կամ որևէ այլ պատճառով ամբողջությամբ տապալված, օկուպացված երկրներին։
Արդյոք դրանից հետո պե՞տք է զարմանալ, որ Մեդվեդևը հրապարակայնորեն Նիկոլի վրա ղժժում է, կամ որ Ղազախստանում «մոռանում» են Նիկոլին շքանշան տալ և վերջինս ստիպված է լինում արդարանալ, թե բա ես նոր եմ, «տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ 5-ամյակի առիթով մեդալ տալ»։
Չէ, չէր լինի, որովհետև տվել են նաև Ղրղզստանի նախագահին, որը 2017 թվականից է այդ պաշտոնին։
Տրամաբանական է, որ ինչքան շատ ես վարկաբեկում պետությունդ, այնքան ավելի քիչ են քո հետ հաշվի նստում պետության սահմաններից դուրս»: