Հաստատվելով Կիլիկիայում՝ Հեթումյանները լինելով պատվախնդիր, հավակնոտ ու ռազմատենչ տոհմ՝ փորձեցին այնտեղ գերիշխանության հասնել:
Նրանք նախ խնամիական կապեր հաստատեցին մյուս ազդեցիկ տոհմերի՝ Արծրունիների, Ռուբինյանների, Պահլավուների, հետ, ապա՝ առաջնության համար պայքար սկսեցին Ռուբինյանների դեմ:
Հեթումյանների և Ռուբինյանների միջև պայքարը երկար տևեց. Այն երբեմն հասավ արյունահեղ բախումների: Սակայն Ռուբինյաններն անգերազանցելի ու հզոր էին Լեռնային Կիլիկիայում:
Այս ներքին պայքարը հանգուցալուծում ստացավ Լևոն Բ Ռուբինյան արքայի կառավարման տարիներին (1189-1219): Հայոց արքան Տարսոն հրավիրեց Հեթում Հեթումյան իշխանին, ձերբակալեց ու բանտարկեց՝ միաժամանակ գրավելով նրա իշխանանիստ Լամբրոն բերդը: Արքան Հեթումին բռնի կրոնավոր դարձրեց, բայց նրա եղբորոդուն՝ Պապեռոն բերդի տեր Վասակ Հեթումյանի որդի Կոստանդին իշխանին, ով գահին հավատարիմ ու քաջ զորական էր, արքունիք հրավիրեց, նրան հանձնեց Հեթումյանների տոհմի տանուտիրությունն ու հայոց զորքերի սպարապետ կարգեց:
Կոստանդին Հեթումյանից սկսվեց արցախյան ծագմամբ այս տոհմի պատմության նոր՝ թագակիր ժամանակաշրջանը:
1219 թվականին մահացավ հայոց Լևոն Բ արքան: Նա արու զավակ չուներ, գահը կտակել էր իր կրտսեր դստերը՝ Զապելին: Իսկ մինչ Զապելի չափահաս դառնալը՝ Կիլիկիայի հայոց թագավորության խնամակալ՝ պայլ դարձավ հենց զինված ուժերի հրամանատարը՝ Կոստանդին Գուդստաբլ Հեթումյանը:
Հայոց իշխանները մանկահասակ Զապելին ամուսնացնելու միջոցով հայոց գահի հարմար թեկնածու էին որոնում: Ի վերջո՝ Զապելի երկու անհաջող ամուսնություններից հետո, երբ հայոց գահին բազմեցին օտարներ, ովքեր արհամարհում էին հայոց ավանդույթներն ու հայոց իշխանների իրավունքները՝ Կոստանդին Հեթումյանը ստացավ հայոց իշխանների համաձայնությունը՝ տասնմեկամյա Զապելին ամուսնացնել իր վեցամյա որդու՝ Հեթումի հետ և վերջինիս հռչակել հայոց թագավոր՝ Կիլիկիայում հաստատելով Հեթումյանների հարստության իշխանությունը: Հայոց իշխանները համաձայնվեցին: Սա իրավամբ, չնայած արքայադուստր Զապելի ընդդիմությանը, քանզի նրան հերթական անգամ ստիպողաբար ամուսնացնում էին, արդար որոշում էր. քանի, որ Ռուբինյաններից հետո Կիլիկիայում ազդեցությամբ և զորությամբ Հեթումյաններն էին:
Հեթումի և Զապելի ամուսնությունը տեղի ունեցավ 1226 թվականին: Սույնով, Կիլիկիայի հայոց թագավորությունում գահ բարձրացավ Հեթում Ա (1226-1270) և տեղի ունեցավ դինաստիական փոփոխություն:
Կոստանդին Գունդստաբլը ձեռնամուխ եղավ իր տոհմի իշխանության ամրապնդմանը: Նա անձամբ զբաղեցրեց Պայլի՝ պետության թագավորահայրի և խնամակալի պաշտոնը, իր ավագ որուն՝ Սմբատին, կարգեց հայոց զորաց սպարապետ: Երկրորդ որդին՝ Լևոնը, դարձավ հայոց բանակի սպառազինության և մատակարարման գծով հրամանատար՝ մարաջախտ: Օշին որդին դարձավ խնամակալ՝ Պայլ և Կոռիկոսի բերդատեր, իսկ մյուս որդին՝ Բարսեղը, որ Դրազարկի վանատերն էր՝ Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոս:
Կոստանդին Գունդստաբլն իր եղբորորդուն՝ Հեթումի որդի Կոստանդին Լամբրոնացուն, նշանակեց թագադիր ասպետ՝ արքունի արարողապետ: Նա Կոստանդինի թոռնուհի Աննային հետագայում ամուսնացրեց Լևոն գահաժառանգի հետ՝ դրանով ամուր կապելով Հեթումյանների տոհմի երկու ճյուղերին: Մի խոսքով՝ Կոստանդին Գունդստաբլը պետության կառավարման ողջ լծակները կենտրոնացրեց իր տոհմի ձեռքում:
Շուտով արևելք արշավեցին մոնղոլները, որոնք իրենց ճանապարհին գրավելով բոլոր երկրները՝ հայտնվեցին Կիլիկիայի սահմանագծին: Կեսարիայում Կոստանդին արքայահայրը մոնղոլների հետ կնքեց նախնական համաձայնագիր, որով Կիլիկիան զերծ պահեց մոնղոլական արշավանքներից: Ապա, շատ չանցած՝ 1248 թվականին, Սմբատ Գունդստաբլ արքաեղբայրը մեկնեց մոնղոլների մայրաքաղաք Ղարաղորում՝ հանդիպելու մեծ խան Գոյուկի հետ: Սմբատ Հեթումյանը նախնական համաձայնություն կնքեց Մեծ խանի հետ: Պայմանագիրը հաստատելու համար խանը պահանջեց, որ Հեթում արքան անձամբ ներկայանա: Հայոց արքան շարունակ ձգձգում էր իր, Ղարաղորում մեկնելը, սակայն ի վերջո՝ ստիպված էր տեղի տալ և գնալ: 1254 թվականին կնքվում է հայ-մոնղոլական պայմանագիր:
1.Մոնղոլները ընդունում էին Կիլիկյան Հայաստանի անկախությունը. առանց Կիլիկիան արքունիքի համաձայնության ոչ մի մոնղոլ իրավունք չուներ մուտք գործել Կիլիկիա:
2.Հայերը պարտավորվում էին Մերձավոր Արևելքում մոնղոլների վարած պատերազմներում օժանդակ զորաբանակներ տրամադրել նրանց:
3.Մոնղոլների կողմից Կիլիկիայի հարևաններից խլված այն տարածքները, որոնք հարևան այդ պետությունները զավթել էին Կիլիկիայից` վերադարձվում էին հայերին:
4.Մոնղոլները պարտավորվում էին բուն Հայաստանում պակասեցնել հարկերը: Հարկային արտոնություն էր ստանում հայ առաքելական եկեղեցին:
5.Կիլիկիայի հայ առևտրականներն իրավունք էին ստանում առանց մաքսի ազատ առևտուր անել Մոնղոլական հսկայածավալ տերությունում:
Ընդհանուր առմամբ՝ սա դրական պայմանագիր էր հայության համար:
Սակայն, մյուս կողմից, Հեթումյանները լծվելով մոնղոլական մարտակարգին, թշնամացան հարևան Եգիպտոսի հետ: Նրանք չկարողացան ճկունություն հանդես բերել և արդեն Հեթում Ա կառավարման վերջին տարիներին, Կիլիկիայի հայկական թագավորության արտաքին քաղաքականությունը մեծամասամբ կախված էր մոնղոլներից: Հետագայում Հեթումյանները դարձյալ ճիշտ չկողմնորոշվելով ժամանակի իրադարձություններում՝ դարձան Արևմուտքի և Հռոմի պապի ձեռքին գործիք, ինչն էլ հանգեցրեց թագավորության պառակտմանն ու կործանմանը:
Արդեն Հեթում Ա կառավարման վերջին տարիներին տեղի ունեցավ Կիլիկիայի և Եգիպտոսի սուլթանության միջև առաջին լուրջ բախումը: 1266 թվականին եգիպտական մամլուքները Մառի ճակատամարտում ջախջախեցին հայոց բանակն ու գերեցին արքայազն թագաժառանգ Լևոնին: Հեթում արքայի մյուս որդին՝ Թորոսը, զոհվեց ճակատամարտում: Հեթում Ա միայն մեջ ջանքերի և փրկագնման միջոցով կարողացավ ազատել արքայազնին:
Որդուն վերադարձնելով հայրենիք՝ Հեթում Ա հրաժարվելով գահից՝ վանք մտավ, ուր էլ մահացավ որպես կրոնավոր: Կիլիկիայի հայոց թագավորության գահ բարձրացավ Լևոն Գ (1270-1289): Լևոնի կինն էր Լամբրոնի Հեթումյան իշխանադուստր Աննան: Լևոնն ու Աննան աշխարհում ամենաբազմազավակ թագակիրներն են: Աննա թագուհին ամուսնուն 16 զավակ է պարգևել: Նա հայտնի էր նաև բարեգործություններով, մշակութային գործունեությամբ:
Լևոն Գ հայոց գահին հաջորդեց հայոց պատմության ամենաթուլամորթ ու ամենաանկարող գահակալներից մեկը՝ նրա ավագ որդին՝ Հեթում Բ: Ապաշնորհ այս գահակալն իր կառավարման տարիներին երեք անգամ հրաժարվեց գահից և կրոնավոր դարձավ: Ընդհանուր առմամբ՝ թագավորեց 1289—1293, 1295 — 1296, 1299—1300 թվականներին:
1293 թվականին Հեթում Բ հայոց գահին փոխարինեց իր եղբայրը՝ Թորոս Գ: Սա ևս ապաշնորհ գահակալ էր: Նրանից դժգոհ՝ գահին բռնությամբ տիրացավ մյուս եղբայրը՝ Սմբատը, ով թագավորեց 1296-1298 թվականներին: Գահ բարձրանալով՝ նա սպանեց Թորոս Գ արքային, իսկ մյուս եղբորը՝ Հեթում Բ, կուրացրեց: Սակայն Սմբատի գահակալումն էլ կարճ տևեց: Պալատական հերթական դավադրության արդյունքում նա արտաքսվեց երկրից և մահացավ աքսորի մեջ՝ Էվբեա կղզում: Նրա դեմ դավ նյութողը կրտսեր եղբայրն էր՝ Կոստանդին Բ, ով թագավորեց 1298-1299 թվականներին: Նա ցանկացավ ամրապնդել իր իշխանությունը և կռվի պատրաստվեց Հեթում Բ կողմնակիցների դեմ: Սակայն պարտվեց վճռական ճակատամարտում և աքսորվեց Կոստանդնուպոլիս, ուր էլ մահացավ: Հայոց ավագանու պահանջով կրկին գահ է բարձրանում կուրացված Հեթում Բ:
Օգտվելով այս խառնակ վիճակից, Եգիպտոսի մամլուքները հարձակվելով Կիլիկիայի վրա՝ շատ բերդեր ու բնակավայրեր գրավեցին:
Փաստորեն, Հեթում Բ կառավարման տարիներին Լևոն Գ արքայի որդիները միմյանց դավելով՝ հերթով բարձրացան գահ: Տխուր ու ողբալի ժամանակներ էին հայոց պատմության մեջ…
Ի վերջո՝ գահակռիվն ավարտվեց, երբ հայոց գահ բարձրացավ Թորոս Գ որդին՝ Լևոն Դ և թագավորեց 1300-1308 թվականներին: Իսկ Հեթում Բ, արու զավակ չուներ, դարձավ կրոնավոր, կուրացած, բայց ստանձնեց թագավորության Պայլի՝ խնամակալի պաշտոնը:
Լևոն Դ գահակալման տարիներին՝ 1300-1308 թվականներին, Կիլիկիայի պետությունն ավելի թուլացավ գահակալների անկարողության և տկարամտության պատճառով: Ըստ էության՝ հայոց արքաները գտնվելով եկեղեցականների և խաչակիրների ազդեցության տակ՝ կրոնապետություն էին հաստատել Կիլիկիայում: Հայոց արքաները փոխանակ ճիշտ գնահատեին քաղաքական իրավիճակն արևելքում և փորձեին հաշտության ու բարեկամության եզրեր գտնել հարևան հզոր Եգիպտոսի սուլթանության հետ, ինչը բազմիցս առաջարկել էին վերջիններս, շարունակ փորձում էին խաչակրաց արշավանքներ հրարհրել Եգիպտոսի դեմ՝ հանուն Հիսուսի գերեզմանի և քրիստոնեական մյուս սրբավայրերի ազատագրման: Օգտվելով հայ արքաների թուլությունից՝ Հռոմի պապն իր հերթին պայմաններ էր առաջադրում հայերին՝ դավանափոխ լինել և կաթոլիկություն ընդունել: Լևոն Դ արքան լինելով մոլի կաթոլիկ՝ 1307 թվականին ժողով հրավիրեց և հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության ու հայ ազնվականության հրահրումով պաշտոնապես կաթոլիկություն ընդունեց: Հայ եկեղեցին սույնով, հրաժարվեց առաքելադավանությունից: Սա լարեց իրավիճակը երկրում և Կիլիկիայի հայկական թագավորությունը կրոնական-քաղաքացիական պատերազմի թատերաբեմ դարձավ՝ առաքելադավանների և կաթոլիկների միջև:
Հիասթափված Լևոնի և հայ ազնվականության որդեգրած քաղաքականությունից և այն համարելով նոր խաչակրաց արշավանք կազմակերպելու փորձ, մոնղոլները, որ նաև բուն Հայաստանում հայ առաքելական եկեղեցու շահերի պաշտպաններն էին, արքային և հայ ազնվականներին հրավիրեցին Անարբազա և Փիլարղու զորավարի հրամանով սրակոտոր արեցին բոլորին: Տասնյակ հայ ազնվականներ թագավորի ու թագավորահոր հետ միասին սպանվեցին:
Հայոց գահին բազմեց Լևոն Գ արքայի կրտսեր որդին՝ Օշին արքան (1308-1320): Սա նույնպես մոլի կրոնամոլ և կաթոլիկ լինելով՝ ցանկացավ ընդառաջ գնալ պապի պահանջներին և 1309 թվականին Ադանայում դարձյալ ժողով հրավիրեց, որով հայ եկեղեցին ու արքունիքը հավաստեցին դավանափոխության փաստը: Սակայն Օշինը հանդիպելով հզոր դիմադրության երկրի ներսում՝ ստիպված էր տեղի տալ և դադարեցնել կրոնական վեճերը: Մյուս կողմից՝ Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի սուլթանության զորքերը հայերին պատժելու համար նոր հզոր արշավանք ձեռնարկեցին Կիլիկիայի դեմ ու շատ շրջաններ գրավեցին: Միայն շնորհիվ Կոռիկոսի իշխան Օշին Պայլի քաջության՝ եգիպտական արշավանքը հետ մղվեց:
Ավելի մանրամասն՝ tirar-travel.com