Ինչպես արդեն գրել ենք, B4B.am-ը վերլուծական նյութի շրջանակում փորձաքննության էր հանձնել Հայաստանում վաճառվող 10 տարբեր ապրանքանիշերի թթվասերները՝ դրանց մեջ բուսական յուղի առկայությունը պարզելու համար (ըստ գործող կարգավորումների՝ թթվասերը չի կարող բուսական յուղ պարունակել)։
Փորձաքննությունը պատվիրել էինք 2 անկախ լաբորատորիաների՝ «FDA լաբորատորիային» և «Ստանդարտ դիալոգին»:
«Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի փորձաքննությունը ոչ մի նմուշի մեջ բուսական յուղ չէր հայտնաբերել։ Իսկ ահա FDA լաբորատորիան բուսական յուղ էր հայտնաբերել Մարիաննաապրանքանիշի 10%-անոց թթվասերի, Բանդիվան կաթ ապրանքանիշի 18%-անոց թթվասերիև Թամարա ապրանքանիշի 18%-անոց թթվասերի մեջ:
Հունիսի 11-ին կայքում հրապարակեցինք այդ փորձաքննությունների արդյունքները (նյութը՝ այստեղ)՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ 2 անկախ սերտիֆիկացված լաբորատորիաները տարբեր եզրակացություններ են ներկայացրել նույն ապրանքանիշի նույն խմբաքանակի թթվասերներում բուսական յուղի առկայության վերաբերյալ։
Համաձայնեք, որ դա բավականին լուրջ խնդիր է։ Ակնհայտ է, որ լաբորատորիաներից մեկի եզրակացությունը սխալ է։ Սա ոչ միայն սպառողների շահերի ոտնահարում է (սպառողը վստահություն չունի՝ որին հավատալ և որ սննդամթերքը գնել), այլ նաև պարունակում է լուրջ տնտեսական հետևանքներ, քանի որ հրապարակվող եզրակացությունների արդյունքները ազդում են առանձին ընկերությունների արտադրանքի պահանջարկի վրա։
Ավելին, այս հակասությունը կասկածի տակ է դնում նախկինում արված և հրապարակված փորձաքննությունների արդյունքները՝ հարցեր առաջացնելով նաև կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։
Մեր հրապարակումը, ինչպես և կարելի էր սպասել, լայն արձագանք ունեցավ։ Մեզ հետ կապ հաստատեցին այն ընկերությունները, որոնց արտադրանքի մեջ բուսական յուղ էր հայտնաբերվել։ Մենք պատրաստակամություն հայտնեցինք մեր կայքում հրապարակել նաև իրենց պարզաբանումները, իսկ իրենք համաձայնեցին, որ եթե ունեն առարկություններ, ապա դրանց հասցեատերը ոչ թե ԶԼՄ-ն է, որը հրապարակել է լաբորատորիաների եզրակցությունները, այլ հենց լաբորատորիաները։
Ավելի մանրամասն՝ b4b.am