«Կարելի է ասել սա լավ նախաձեռնություն է». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Կարելի է ասել սա լավ նախաձեռնություն է». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանում նվազագույն աշխատավարձը ներկայում 55,000 դրամ է: Կառավարությունը այսօր հավանություն տվեց այն 68,000 դրամ դարձնելու օրենսդրական նախաձեռնությանը: Սա ի դեպ բազային աշխատավարձի փոփոխութուն չէ, այլ միայն նվազագույն աշխատավարձ ստացողների աշխատավարձի բարձրացում: Այսինքն եթե բազային աշխատավարձի վրա կան հաշվարկներ, դրանք չեն փոխվի:

Կարելի է ասել սա լավ նախաձեռնություն է:
Սակայն դիտարկենք սա տնտեսագիտության տեսանկյունից և փորձենք հասկանալ ամբողջության մեջ, թե ինչպես կազդի քաղաքացիների բարեկեցության բարձրացման վրա:

Դրական կողմեր:
– Ցածր վճարվողների եկամուտների ավելացում:
– Ենթադրվում է, որ ավել վարձատրվելու դեպքում ավելի պետք է մոտիվացված լինեն և հետևաբար արտադրողականությունը կաճի:
– Ենթադրվում է, որ աշխատուժի առաջարկը կավելանա, քանի որ այս ավել գումարով կլինեն մարդիկ որ կցանկանան աշխատել նպաստ ստանալու փոխարեն, եթե նախկինում չէին աշխատում և նրանք միայն աշխատուժ կարող են վաճառել:

Բացասական կողմեր:
-Մրցակցային շուկայի պայմաններում հնարավոր է գործազրկության աճի հանգեցնի:
-Կարող է ստվերային աշխատողներ պահելուն մոտիվիացիա ծառայել:
-Կլինեն փոքր, կարելի է ասել միկրո կազմակերպություններ, որոնք չեն կարողանա վճարել այս աշխատավարձերը և հետևաբար կարող են փակվել:
-Կարող է հանգեցնել գների բարձրացման, քանի որ աշխատուժի ծախսը, որը ինքնարժեքի մաս է, կբարձրանա և հետևաբար արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գները:

Հայաստանյան միջավայրի վրա ազդեցությունը:
-Քանի որ շուկան մրցակցային չէ, հատկապես ցածր վարձատվող միջակայքում, ապա նվազագույն աշխատավարձի աճը դժվար թե հանգեցնի գործազրկության աճի:
-Հնարավոր է սա հանգեցնի որոշակի գնաճի, քանի որ աշխատավարձի ծախսը ինքնարժեքի մաս է և հետևաբար ծառայությունների և ապրանքների գները կաճեն, եթե արտադրողականություն չբարձրանա կամ մարդկանց չշահագործեն: Այսինքն ավել ժամեր չպահեն աշխատավայրում: Զարգացած երկրներում ընդունված է մեկ ժամվա նվազագույն աշխատավարձի սահմանումը` այս խնդիրց խուսափելու համար: Սակայն մեզ մոտ սահմանվում է մեկ ամսվանը:
-Հնարավոր է սա հանգեցնի փոքր և/կամ միկրո ձեռնարկությունների փակման, քանի որ հայկական ընկերությունները ցածր արտադրողական են և ինքնարժեքի բարձրացումը նրանց կարող է դուրս մղել շուկայից` չդիմակայելով դրսի էժան ապրանքների գնային մրցակցությանը: Օրինակ Գյումրիում հագուստի արտադրության գործարաններ կան, որոնք մարդկանց շատ ցածր են վարձատրում: Ճիշտ է, որոշ չափով սա նաև գեր շահույթ ստանալու և մարդկանց շահագործելու հաշվին է, սակայն կարևոր գործոն է նաև, ինչպես արդեն նշեցի, այն փաստը որ մենք դրսի շուկայում մրցակցային չենք և մրցակցայնությունը (ընդ որում հիմնականում արտապատվիրում անելով, այլ ոչ սեփական արտադրանքով դուրս գնալով) փորձում են բարելավել շատ ցածր աշխատավրձերով:
-Սա բյուջեի վրա տարեկան կարժենա առնվազն 5.5 միլիարդ դրամ (35,000×13,000×12): Ասում են պետական հատվածում 35,000 նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացի կա:
-Եվ վերջապես, աղքատության նվազմանը սա դժվար նպաստի, քանի որ աղքատության շեմը նվազագույն աշխատավարձի գումարից ցածր է:

Եթե ինչ-որ կարևոր բան բաց թողեցի, խնդրում այլ տնտեսագետներին ավելացնեն:
Հ.Գ.
Քաղաքական մասը մոռացա գրել: Քանի որ ՆՓ-ն կենտրոնացել ա ամեն գնով ՀՆԱ աճ ցույց տալու վրա, սա կնպաստի ՀՆԱ աճին»:



Նման նյութեր