Ռուս հանրաճանաչ մոդել Նատալյա Վոդյանովան գլխապտույտ կարիերա է արել համաշխարհային մոդելային աշխարհում։ Նրա կյանքը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է սեփական աշխատասիրության ու համառության հաշվին մեծ բարձունքների հասնել ու համաշխարհային ճանաչում ձեռք բերել։
Ստորև ներկայացնում ենք Նատալյա Վոդյանովայի կյանքի կանոնները։
- Ես գործնականորեն կյանքի համար՝ որպես այդպիսին, ժամանակ չունեմ։ Իմ կյանքն ավելի շուտ հանդիպումների, հարցազրույցների ու իրադարձությունների մի շարք է, բայց դա հազվադեպ կարելի է կյանք անվանել։
- Իմ տունն այնտեղ է, ուր իմ երեխաներն են։ Հիմա դա Փարիզն է։
- Երբ ես 17 տարեկան էի, ես Նիժնի Նովգորոդից մեկնեցի Փարիզ։ Այնտեղ ես ապրել եմ 1 տարի, և դա իմ կյանքում առանձնահատուկ տարի էր. դա որպես մոդել կայանալու տարին էր։ Ես ապրում էի շաբաթական 100 դոլարով, ինչը Փարիզի նման քաղաքի համար, իհարկե, շատ քիչ գումար էր։ Մոտ 50 դոլար արժեր մետրոյի մեկ շաբաթվա երթևեկության վճարը, 25-ը ես ծախսում էի կերակուրի՝ մակարոնեղեն ու հավ գնելու համար, իսկ մնացած 25 դոլարը հավաքում էի։ Հետո, երբ ես վերադառնում էի իմ հայրենի քաղաք ու մայրիկիս 200 դոլար էի տալիս, նա անդադար լաց էր լինում։
- Հավը հիանալի պատրաստվում է միկրոալիքային վառարանում։ Ես նրա վրա աղ ու պղպեղ էի անում ու մտցնում վառարանը։ Ինձ հետ նույն բնակարանում ապրում էր մոդել Բրազիլիայից, ով միայն յոգուրտ էր ուտում։ Մենք ընդհանրապես չէինք շփվում, քանի որ տարբեր մոլորակներից էինք։ Երբ նա տեսնում էր այդ հավը, սկսում էր ատել ինձ։
- Երբ ես ապրում էի Նիժնի Նովգորոդում ու շուկայում մրգեր էի վաճառում, այ դա էր աշխատանքը։ Հիմա իմ աշխատանքը թեթև մի բան է դրա համեմատությամբ։
- Պետք չէ ինձ նախանձել։ Այն, ինչն ինձ համար երջանկություն է, մեկ ուրիշի համար կարող է լիակատար սարսափ լինել։ Թվում է, եթե ինչ-որ մեկը մեկ օրով մտներ իմ մարմնի մեջ, նա անմիջապես կասեր՝ գրողը տանի, ինչի՞ս էր պետք։
- Չեմ կարծում, որ Ռուսաստանում ինչ-որ բան էականորեն փոխվել է այն 15 տարիների ընթացքում, ինչ ես այնտեղ չեմ ապրում։ Ինչ-որ բան, իհարկե, փոխվում է, բայց գլոբալ փոփոխությունները շատ քիչ են։ Այն կարգի ընտանիքներում, որտեղից ես եմ դուրս եկել, շատ քիչ բան է փոխվել։
- Ռուսաստանում կյանքը հիմա ինձ կխանգարեր իմ աշխատանքում։ Այստեղ ես ավելի շատ կշեղվեի անհատական պատմությունների վրա։ Ինձ համար դա ավելի շուտ թուլության դրսևորում կլիներ։ Օգնությունն արդյունավետ է դառնում, երբ համակարգային է դառնում։ Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին անընդհատ պետք է օգնել։ Մենք զբաղվում ենք դրանով։
- Ես շատ կցանկանայի ճաշել Հիլարի Քլինթոնի հետ։ Նա ինձ հիշեցնում է իմ տատիկին։
- Ես անցյալ տարի ամերիկյան Կարնեգի-Հոլում ստացա Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակը։ Սա շատ հեղինակավոր մրցանակ է, որը հանձնում են հասարակական աշխատանքի համար։ Ստացած մրցանակն ու իմ խոսքը ես նվիրեցի մորս, ով առաջին անգամ էր եկել Նյու Յորք։ Եվ ահա, պատկերացրեք, ներս է մտնում Հիլարի Քլինթոնը ու նստում մայրիկիս առաջի աթոռին, իսկ նրա հետևում նստած է Աննա Վինտուրը։ Այդ պահին ինձ մոտ միգուցե կյանքում առաջին անգամ ամբողջովին խառնվեցին աշխարհները։ Իսկ հետո, երբ ամեն ինչ ավարտվեց, ու մենք դուրս եկանք, Հիլարին մոտեցավ, սեղմեց ձեռքս, գրկեց մայրիկիս ու ասաց նրան. «Դուք այնքան խիզախ կին եք, ես հիանում եմ ձեզնով»։
- Ես չգիտեմ, թե երբ է վրա հասնում ծերությունը։ Ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին, քանի որ ես տեսնում եմ ինձ համար մտերիմ կանանց, ովքեր 70-ն անց են և ովքեր ապրում են լիարժեք կյանքով։ Ես երբեմն նույնիսկ մտածում եմ այն մասին, որ ուզում եմ նրանցից մեկը լինել գոնե մեկ օրով, պարզապես փորձել, ինչպիսին է ծեր լինելը։ Բայց միայն մեկ օրով, որովհետև ինձ դուր է գալիս լինել ինքս ինձ պես։
- Ես դպրոցում նույնիսկ պիոներ չեմ եղել, իսկ այն, որ այդ ժամանակ չեղարկեցին նաև դպրոցական համազգեստը, ինձ համար կատարյալ ողբերգություն դարձավ։ Ես մինչև այժմ էլ մտածում եմ, որ համազգեստը շատ կարևոր է։ Ինձ համար դա ողբերգություն էր այն պատճառով, որ հենց այդ ժամանակ ես հասկացա, որ իմ ընտանիքն աղքատ է։ Իսկ մինչ այդ ես բոլորից մեկն էի։
- Ես միշտ հեգնանքով եմ վերաբերվել իմ արտաքինին։ Այնպես չէ, որ ես ինձ գեղեցիկ չեմ համարում։ 15 տարեկանից սկսած՝ ես սկսեցի հասկանալ, որ իմ մեջ ինչ-որ բան կա, պարզապես իմ շրջապատի մարդկանց՝ ինձ ուղղված հայացքներից դատելով։ Ես քայլում էի փողոցով ու զգում մարդկանց հայացքները, ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց։
- Մի կին Ինստագրամում տեղադրված իմ լուսանկարի տակ գրել էր, որ մոտիկից ես սարսափելի եմ։ Ես նրան խոստացա, որ երբեք իրեն չեմ մոտենա։
- Ինձ դժվար է ինչ-որ բանով զարմացնել։ Ես զգում եմ, որ մնացել եմ նույն այն մարդը, ով եղել եմ 20 տարի առաջ, մեծ մասամբ շնորհիվ այն բանի, որ ինձ դժվար է զարմացնել։
- Կարծում եմ, որ նախանձը միշտ վնասներ է բերում, իսկ ահա առատաձեռնությունը լավագույն ներդրումն է։
- Ես հումորով մտածում եմ այն մասին, որ, եթե ես հիմա մեռնեմ, ինձ հետ կլինի նույն բանը, ինչ Մերիլին Մոնրոյի հետ։ Նա չհասցրեց ծերանալ ու ձանձրացնել բոլորին՝ հավիտյան մնալով մեզ հետ։ Կարծում եմ, նույնը տեղի կունենար իմ բարեգործական գործունեության հետ։ Այն ինքնին կշարունակվեր, ու հենց դա է գլխավորը։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը