Երջանկությունն ինձ համար առաջին հերթին ներկա լինելու, պահն զգալու և ապրելու զգացումն է: Հաճախ շատ էական չեն զգացողությունների որակն ու բնույթը. դրանք երբեմն կարող են ունենալ տխրության, բարկության, պայքարի էլեմենտներ: Բայց շատ կարևոր է, որ այդ բոլոր զգացողությունները ներկա լինելու, լիարժեք ապրելու, տվյալ պահին սեփական գործողությունների, քայլերի, մտքերի, ֆիզիկական ներկայության ներդաշնակություն պարունակեն: Այսինքն, երբ ապրում ես մի կյանք` ինչպես ուզում ես, որտեղ ուզում ես և ում հետ ուզում ես, հաշտ ես ինքդ քեզ հետ քո բոլոր գործողություններում և ընտրություններում: Երջանկությունը հենց դա է` դու ապրում ես, դու ստեղծում ես, քո բոլոր կարողությունները, հնարավորություններն ու հմտությունները շատ ակտիվ, կենսական պրեցեսի մեջ են:
Հոգեբան, խորհրդատու–հոգեթերապևտ Անուշ Ալեքսանյան.
Անձնական երջանկություն.
Ավելի հեշտությամբ կարող եմ հիշել շրջաններ, երբ չեմ հասկացել, թե ինչ է երջանկությունը, չեմ զգացել այդ ներդաշնակությունը և չեմ ունեցել ներկա լինելու զգացումը:
Մասնագիտական երջանկություն.
Այնպես է ստացվել, որ ես գործի բերումով, կարելի է ասել, վաճառում եմ երջանկություն: Եվ ես դրանից վատ չեմ զգում, որովհետև շատ լավ է, որ մարդիկ կարողանում են ինչ-որ ձևով փոխհատուցել այն ամենի դիմաց, ինչ ստանում են:
Հանրային երջանկություն.
Այդ զգացումն ավելի վառ զգացել եմ Թավշյա հեղափոխության ժամանակ, երբ կար համախմբվածություն` մի նպատակի ուղղությամբ քայլելը, կոնկրետ հարցի շուրջ նույն կերպ մտածելը, իրար նման լինելը, նույն չափով համարձակ լինելը, ինչ-ինչ զոհաբերությունների նույն չափով պատրաստ լինելը, ուժերի կենտրոնացումը.սրանք, իսկապես, երջանկություն պարգևող զգացումներ էին:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Մարդն առաջին հերթին ստեղծագործ էակ է, նա կարիք ունի ինչ-որ բան ստեղծելու: Եվ մարդը կարող է երջանիկ լինել այն երկրում, որտեղ իրեն առավելագույն հնարավորություններ են տրվում ստեղծելու, արարելու, աշխատելու համար: Հայտնի փաստ է, որ այն երկրներում, որտեղ մեծանում են գործազրկության ծավալները, կտրուկ աճում է ինքնասպանությունների, թմրամոլության և այլ կործանարար սոցիալական երևույթների թիվը:
Ավելի մանրամասն՝ armtimes.com