Մեծ նկարիչ-իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի փորձը ցույց է տալիս, որ ակտիվ երկարակեցությունը հեքիաթ չէ։ Այստեղ ամեն ինչ նշանակություն ունի՝ օրվա ռեժիմը, սննդի բնույթը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, վնասակար սովորությունների առկայությունը, դեպրեսիայի նկատմամբ հակվածությունը, կյանքով ուրախանալու ունակությունը և այլն։ Գլխավորն այն է, որ երբեք ուշ չէ մշակել նոր օգտակար սովորություններ առողջությունը բարելավելու համար։ Եվ դա մատչելի է բոլորի համար։
Մոնեն ապրել է 86 տարի։ 1926թ., երբ մահացավ Կլոդ Մոնեն, ֆրանսիացիների կյանքի միջին տևողությունը 52 տարի էր, բայց Մոնեի կենսագրությունը տվեց նրա երկարակեցության շատ հարցերի պատասխանները։
Կլոդ Մոնեի օրվա ռեժիմը։
«Ձմռանը և ամռանը Մոնեն արթնանում էր արևածագին ու քնելու էր պառկում մայրամուտի հետ։ Երբեք չէր փակում ննջարանի պատուհանները, այդ թվում՝ նաև վարագույրներով։ Նախաճաշին նա ուտում էր տապակած նրբերշիկ, խմում էր մեկ գավաթ սպիտակ գինի, ծխում մեկ ծխախոտ ու գնում աշխատելու։ Երբ արևն անցնում էր հորիզոնից այն կողմ, ընթրում էր ու գնում քնելու։ Մոնեն հաճախ էր կրկնում, որ, եթե արևը քնում է, ինքն էլ այլևս անելիք չունի»,- այսպես էր հիշում Մոնեի օրվա ռեժիմը դերասան և գրող Սաշա Գիտրին։
Մոնեն պաշտում էր աևը, և եթե արև չկար, նա չէր աշխատում։ Իսկ աշխատում էր նա միշտ բաց օդում՝ անտառում, գետի վրա, ծովափին, այգում։ Ցանկացած եղանակին, նույնիսկ ձմռանը։
Ֆիզիկական ակտիվությունն ու աշխատունակությունը։
Կլոդ Մոնեն շատ էր աշխատում թարմ օդում, դրսում, անընդհատ և առանց հոգնելու հարմար վայրեր էր փնտրում աշխատելու համար։ Հաճախ նա կատարում էր բազմաժամյա բազմակիլոմետրանոց քայլարշավներ՝ դրանք գտնելու համար։ Դա անում էր կլոր տարին ու ցանկացած եղանակի՝ անտեսելով քամին, անձրևը, խոնավությունն ու կեղտը, ջրափոսերը, այրող արևն ու սարսռեցնող ցուրտը։
Մոնեն առանձնանում էր ապշեցնող աշխատունակությամբ։ Նա կարող էր միաժամանակ մի քանի կտավների վրա աշխատել, ներկերը և միանգամից՝ 5-6, իսկ երբեմն՝ նաև մինչև 12 կտավները քիչ քաշ չունեն, և դրանք ամեն օր աշխատելու վայր և հետ տեղափոխելն ամենօրյա ծանր ֆիզիկական աշխատանք է պահանջում։
Խառնվածքը։
Մոնեի տրամադրությունն ու խառնվածքը, ինչպես և հատուկ է նկարիչներին, փոփոխական էր։
Մանկության տարիներին հաճախ ինքնամփոփ էր դառնում, մռայլ, լռակյաց։ Վաղ երիտասարդության տարիներին Կլոդը խուսափում էր խոսակցություններից, այդպիսին մնաց նաև մինչև ծերություն։
Երիտասարդ տարիներին Մոնեն հաճախ էր ընկճվում։ Այդ պահերին նա թևաթափ էր լինում, ու իրեն թվում էր, որ իր մոտ ոչինչ չի ստացվելու։
Ծեր տարիքում Մոնեն կուրանում էր, ու դա նրան ավելի նյարդային էր դարձնում։ Նա վախենում էր, որ այլևս չի կարող նկարել։
Չնայած իր մռայլությանը, Մոնեն կարողանում էր ուրախանալ կյանքով։ Նա շատ էր սիրում իր կնոջը։ Ուրախություն էր գտնում նաև իր աշխատանքի մեջ։ Մոնեն շատ գոհ էր, երբ հողակտոր գնեց ու այնտեղ տուն սարքեց՝ փոքրիկ լճակով ու լիլիաներով։
Սնունդը։
Նրա խոհարարը հիշում էր, որ Մոնեն շատ էր ուտում, բայց ոչ ամեն ինչ։ Տանը խոհարարությանը վերաբերող շատ գրքեր կային։ Մոնեն թերթում էր այդ գրքերը՝ փնտրելով բաղադրատոմսեր, իսկ հետո խնդրում էր դրանք պատրաստել։ Օրինակ, սիրում էր սունկ, կիսահում ծնեբեկ, միս, բանջարեղեն։
«Աղցանները հայրս սիրում էր ինքը համեմել, միմյանց խառնում էր աղը, պղպեղը, ձիթայուղն ու մի փոքր քացախը ու առատորեն համեմում էր աղցանները, որի տերևները պղպեղի առատությունից սևանում էին։ Այդպիսի աղցան կարող էր ուտել միայն ինքը՝ Մոնեն»,- պատմում էր նրա որդին։
Մոնեն նաև լավ գինի էր սիրում, որը տան մառանի համար պատվիրում էր արկղերով։
Ծխելը։
Թե երբ է Մոնեն սկսել ծխել, հայտնի չէ։ Առաջին հիշատակությունն այդ մասին նրա կենսագրության մեջ վերաբերում է 40 տարեկանին։
«Հայրս երբեք ծխախոտը մինչև վերջ չէր ծխում։ Հաճախ ընդհանրապես մոռանում էր, որ ծխում է։ Մնացուկները տանը թափել ընդունված չէր, դրանք դնում էին տուփի մեջ, որը հետո ուրախ-ուրախ տանում էր տեղի բնակիչներից մեկը, որովհետև դրանք գրեթե չծխած գլանակներ էին»,- հիշում է որդին։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը